1-2 հոգի կան, ովքեր պատրաստ են ներդրում անել «Հայֆիլմում»

1-2 հոգի կան, ովքեր պատրաստ են ներդրում անել «Հայֆիլմում»

Սփյուռքի նախարարության եւ Ռուսաստանի հայերի միության կողմից կազմակերպվող «Համահայկական մրցանակաբաշխություն-2016»-ին այս տարի մասնակցելու է նաեւ Կինեմատոգրաֆիստների միությունը։ Չնայած մրցանակաբաշխությունն արդեն 10 տարի է, ինչ կազմակերպվում է, բայց կինեմատոգրաֆիստները 2-րդ անգամ են մասնակցում այս մրցանակաբաշխությանը։ Միության նախագահ Ռուբեն Գեւորգյանցի կարծիքով, մրցույթը ոգեւորող է բոլոր ստեղծագործական միությունների համար, ու եթե նախանցած տարի ֆիլմեր են պատրաստել սահմանամերձ գյուղերի մասին, այս տարի փորձելու են ֆիլմեր նկարահանել անկախության 25-ամյակի մասին։ 



Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Վլադիմիր Աղայանը նշեց, որ այս տարի «Համահայկական մրցանակաբաշխություն-2016»-ի ընդհանուր ֆոնդը կազմում է 42 մլն. դրամ, եւ գրեթե բոլոր ոլորտներին, այդ թվում՝ կինոյին, հատկացվել է 7 մլն. դրամ։ Մրցանակը տրվելու է արդեն պատրաստի ֆիլմի համար։ Իսկ մրցանակաբաշխության անցկացման համար պատասխանատուն լինելու է յուրաքանչյուր ստեղծագործական միություն, նույնը՝ նաեւ մրցանակային տեղերի համար։



Մրցույթն անցկացվելու է միայն դոկումենտալ ֆիլմերի համար, եւ մասնակիցը պետք է լինի կինոմիության անդամ, հայտերը կարող են ներկայացվել մինչեւ մարտի 20-ը։ Գեւորգյանցը նշեց, որ, ի տարբերություն գրողի, նկարչի կամ երաժշտի, ռեժիսորին գոնե 30-40 րոպեանոց ֆիլմ նկարելու համար 6-7 մլն. դրամ է պետք, եւ, սովորաբար, իրենք սկզբում վերցնում են կրեդիտ գումար՝ ֆիլմը նկարելու համար, որից հետո գումարը փոխհատուցվում է Ռուսաստանի հայերի միության կողմից։ Հանձնաժողովի կազմում են Վադիմ Ղարիբյանը, Նինա Օրդոյանը, Արտյոմ Երկանյանը, Ռոբերտ Մաթոսյանը, որը նաեւ այս ծրագրի խմբագիրն է, եւ հանձնաժողովի նախագահ Ռուբեն Գեւորգյանցը։



Թե 25 տարիների ընթացքում հայ կինոն որքանով կարողացավ արտահայտել անկախության այս ընթացքը, ապա Գեւորգյանցը գտնում է, որ խաղարկային կինոն դեռ չի արտահայտել մեր անցած 25 տարվա ժամանակը։ Այլ է վավերագրական կինոյի դեպքում, այն, կարելի է ասել, 80 տոկոսով իր գործը կատարել է. «Մենք շատ կուզենայինք, որ խաղարկային կինոն նորից վերադառնա դեպի ժողովուրդը, դեպի ոչ սերիալ նայող ժողովուրդը։ Հիմա, փառք Աստծո, նկարահանվում են բազմաթիվ ֆիլմեր, բայց դրանք ֆիլմեր են, կինո չէ»։ Թե ինչու չկա կինո, ապա, ըստ Գեւորգյանցի, նախեւառաջ խնդիրը դրամատուրգիայի մեջ է, եւ հայկական կինոն միշտ կաղել է դրամատուրգիայի կողմից, իսկ հիմա՝ հատկապես. «Մենք այնքան դարդուցավ ունենք, այնքան հաղթանակներ ու պարտություններ եւ այնքան պրոբլեմատիկ մարդիկ՝ իրենց պրոբլեմներով, որ դրա մասին է պետք գրել, բայց ես նման արձակ չգիտեմ»։



Ինչ վերաբերում է «Հայֆիլմին» եւ մասնավորապես նրան, որ գուցե Արա Աբրահամյանը գնի կինոստուդիան, ապա Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Վլադիմիր Աղայանը նշեց, որ այս մրցանակաբաշխությունն էլ հովանավորման ձեւ է, բայց այդ հարցով կարելի է դիմել ոչ միայն Աբրահամյանին, այլ նաեւ մի քանի գործարարների, որոնք «Հայֆիլմով» հետաքրքրված կլինեն։



Ռուբեն Գեւորգյանցը, սակայն, այլ կարծիքի է. նա չի կարծում, թե Արա Աբրահամյանը «Հայֆիլմով» կզբաղվի, որովհետեւ «դա իր բիզնեսը չէ», եւ առնվազն 30-40 մլն. դոլարի ներդրում է պահանջում կինոստուդիան, եւ պետք է հաշվի առնել, որ այդ գումարը երբեք չի վերադառնալու ներդրողին։ Հայ գործարարներից ոչ մեկը կինոբիզնեսում չկա, ըստ նրա, պետք է լինի մի մարդ, որը նախ հասկանա, թե ինչ է դա։



Թե որտեղից պետք է գտնվի այդ ներդրողը, ապա Գեւորգյանցը տարակուսում է, ամեն դեպքում՝ պետությունը չի կարող այդ գումարները տալ, անհատները նույնպես շահագրգռվածություն չունեն։ «Հետո՝ կինոշուկան մաֆիայի ձեռքում է, չի կարող հայկական, վրացական, մոլդովական, ռուսական, անգամ իտալական կինոն ունենա գնորդ, որովհետեւ գնում են միայն ու միայն ամերիկյան ֆիլմերը, դա ամբողջ աշխարհում է»,-ասաց Գեւորգյանցը, ապա մի փոքր փակագծերը բացեց՝ նշելով, որ 1-2 հոգի կան (որոնց անունները դեռ չի ուզում հրապարակել), որոնք պատրաստ են ներդրում անել «Հայֆիլմում». «Բայց «Հայֆիլմը» կառուցելուց հետո կինոստուդիան դառնում է այն բազան, ուր այլ երկրներից կգան ֆիլմեր նկարելու, որովհետեւ ավելի էժան կլինի, քան թե ուրիշ տեղ»։