Արցախը ՀԱՊԿ-ի «զոնա՛» չէ, իսկ Հայաստա՞նը

Արցախը ՀԱՊԿ-ի «զոնա՛» չէ, իսկ Հայաստա՞նը

Հերթական սադրանքն է կատարվում: Փաստացի սպառնալով, որ շարունակելու է սպառազինություններ վաճառել Ադրբեջանին, ներկայացնելով կարգավորման առաջարկություններ, որոնք, ինչպես Միլլի մեջլիսի պատգամավոր Մուսաբեկովն է ասում, Կազանում Ալիեւի առաջ քաշած 10 նախապայմաններից մի քանիսը հաշվի են առնում, ինչի համար էլ Բաքուն նախապես ավելի է կոշտացրել բանակցային դիրքորոշումը՝ պահանջելով, որ ԼՂ հարցը «պետք է լուծվի համաձայն Ադրբեջանի սահմանադրության», Ռուսաստանի իշխանությունը կարծես թե հրահանգավորել է, որ պետական լրատվամիջոցները «կատարեն Հայաստանի եւ հայ ժողովրդի հանդեպ դաշնակցային պարտավորությունները»: «Ռուսաստանը տեղեկատվական պատերազմ է սկսել Ադրբեջանի դեմ»,- փարիսեցիորեն արձանագրում է ադրբեջանական մամուլը՝ վկայակոչելով Ժիրինովսկու, Սեմյոն Բաղդասարովի եւ այս կարգի այլ քաղաքական «ծանրքաշայինների» եւ «վերլուծաբանների» տեսակետը, որ Թուրքիան Ադրբեջանին հրահրել է ապակայունացնել Կովկասի ռազմաքաղաքական իրավիճակը: Նախ, ասվածը որեւէ կապ չունի հայկական շահի հետ: Դա Ռուսաստանի քարոզչական պատերազմն է:



Երկրորդ, ի՞նչ կարեւոր է, թե ով է սադրել Ադրբեջանին: Փաստն այն է, որ այդ երկիրը խախտել է 1994 թ. զինադադարի համաձայնությունը եւ հարձակվել ԼՂՀ դեմ: Եթե նույնիսկ դա արվել է Թուրքիայի հրահրմամբ, ապա տվյալ պահի խնդիրը ոչ թե Թուրքիայի վրա եթերից կեղտաջրեր թափելն է, այլ հետագա սրացումների կանխարգելումը՝ Հայաստանի հանդեպ պայմանագրային պարտավորություններն ամբողջ ծավալով կատարելու միջոցով: Մասնավորապես, Նախիջեւանը դարձել է իրական թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցության հարթակ: Ալիեւի ռեժիմը Նախիջեւանում տեղակայել է ռուսական «Սմերչ» համակարգեր: Նախիջեւանը սահմանակից է Թուրքիային, Իրանին եւ Հայաստանին: Առաջինի դեմ «Սմերչ» կիրառելու մասին չարժե նույնիսկ երեւակայել, Իրանի նկատմամբ հավակնություններով հանդերձ, Բաքուն չի համարձակվի Իսլամական հանրապետության նույնիսկ «կոշտուկը տրորել»: Մնում է ամենաիրականը՝ «Սմերչի» թիրախը Հայաստանն է: Իսկ թե ինչ սպառնալիք է դա, и ежу понятно,- Ժիրինովսկու եւ բաղդասարովների լեզվով ասած: Եվ որքան էլ Սոլովյովը հեռուստաեթերից «ապտակի» թուրք-ադրբեջանական տանդեմին, դրանից ոչինչ չի փոխվի: Ընդհակառակը, շատ ավելի խորանում է կասկածը, թե ինչու ՆԱՏՕ-ի ցանկացած զրահամեքենայի տեղաշարժը Մերձբալթիկայում կամ Արեւելյան Եվրոպայում հավասարակշռությունից հանում է Մոսկվային, բայց ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի եւ Ադրբեջանի համատեղ զորավարժություններին ռուսական գեներալիտետը եւ քաղաքական գործիչները նայում են в порядке вещей սկզբունքով:



Այս օրերին ռուս վերլուծաբաններից մեկը նողկալի արտահայտություն էր թույլ տվել. «Հայերն ուզում են, որ մենք իրենց փոխարեն կռվենք հանուն ԼՂ-ի»: Ոչ, уважаемый, հանուն Արցախի հայերը կռվել են եւ հարկ եղած դեպքում դարձյալ կկռվեն: Հայերը մի բան են ուզում՝ որ Ռուսաստանը կատարի Հայաստանի հանդեպ դաշնակցային պարտավորությունները: Հասկացանք, Արցախը ՀԱՊԿ պատասխանատվության գոտի չէ, իսկ Հայաստա՞նը… Ռուս փորձագետներից մեկ ուրիշն էլ այսպիսի հարցադրում էր արել. «Դուք պատկերացնո՞ւմ եք, որ ղազախները եւ կիրգիզները կգնան կռվելու Ադրբեջանի դեմ»: Ես էլ չեմ պատկերացնում: 1989-91թթ. ԼՂԻՄ բերված պատժիչ զորքերում ոչ պատահաբար մեծ թիվ էին կազմում ուզբեկները, ղազախները, կիրգիզները: Նրանք Արցախի դեմ էին՝ Ադրբեջանի կողքին: Բայց խոսքն այն մասին չէ, որ ղազախները, ուզբեկները եւ կիրգիզները գան եւ կռվեն Ադրբեջանի դեմ: Խոսքը նույնիսկ ռուսների՝ Ադրբեջանի դեմ կռվելու մասին չէ, ինչպես պատմություն եւ իրականություն են նենգափոխում Ռուսաստանի իշխանության իրական խոսափողները: Խոսքը, կրկնում եմ, Հայաստանի հանդեպ ստանձնած պարտավորությունները կատարելու մասին է: Մենք ունենք Հայրենիքը պաշտպանելու կամք: Ունենք նաեւ այլընտրանք: Իսկ Ռուսաստանը չունի: Նա կամ պետք է ինքնահաստատվի որպես լիարժեք տերություն, կամ վերջնականապես հեղինակազրկվի՝ դրանից հետեւող մեծ կորուստներով հանդերձ:



Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ