Այս զարթոնքն ավելի արժեքավոր է, քան՝ 80-ականների զենքի մասին խոսակցությունները. Հովհաննես Հովհաննիսյան

Այս զարթոնքն ավելի արժեքավոր է, քան՝ 80-ականների զենքի մասին խոսակցությունները. Հովհաննես Հովհաննիսյան

Hraparak.am-ի հարցերին պատասխանում է Լիբերալ կուսակցության նախագահ, 1999-2003թ.թ. ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը։



- Պարոն Հովհաննիսյան, Եվրախորհրդարանում, լիագումար նիստում, Լեռնային Ղարաբաղի հարցով հատուկ քննարկման ժամանակ, Եվրամիության ընդհանուր արտաքին եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին ասել է, որ համաձայն չեն ստատուս-քվոյին, եւ կողմերը պետք է սկսեն բանակցությունները հակամարտության համապարփակ կարգավորման ուղղությամբ։ Հայտարարվել է նաեւ, որ ԵՄ-ն աջակցում է համանախագահների կողմից առաջարկված Մադրիդյան սկզբունքների հիման վրա խնդրի կարգավորմանը։ Ըստ Ձեզ՝ ի՞նչ քայլեր պետք է անի հայկական դիվանագիտությունն այս պարագայում։



- Եթե խոսքը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Մադրիդյան սկզբունքների մասին է, ապա այն նորություն չէ։ Մադրիդյան սկզբունքները հին են, իսկ դրանից հետո սեղանին նոր փաստաթուղթ չկա դրված։ Ինչ վերաբերում է Եվրախորհրդարանում տեղի ունեցող քննարկումներին, ապա այնտեղ կա հավասարակշռված մոտեցում, եւ, ի պատիվ Մոգերինիի՝ այնտեղ մեծամասնությունը պաշտպանեց այդ հավասարակշռությունը։



- Նախատեսված է, որ ապրիլի 18-22-ը ԵԽԽՎ նստաշրջանում կքննարկվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջին սրացումներին վերաբերող հարցը։ Ի՞նչ կարող ենք ակնկալել այս քննարկումից։



- Ի տարբերություն ԵՄ-ի, ԵԽ-ում ներկայացված են նաեւ Թուրքիայի եւ Ադրբեջանի պատվիրակությունները, որոնք ամեն ինչ անելու են Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած քառօրյա պատերազմն այլ տեսանկյունից ներկայացնելու համար։ Չմոռանանք, որ ամիսներ առաջ ԵԽԽՎ-ում քննարկվեց երկու հակահայկական զեկույց, որոնցից մեկը՝ Սարսանգի ջրամբարի վերաբերող զեկույցն ընդունվեց։



- Իսկ ի՞նչ հետեւություններ կարող ենք անել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած քառօրյա պատերազմից։



- Պատերազմից հետո շատ հետաքրքիր պրոցես տեղի ունեցավ։ Մեր հասարակությունը զարթոնք ապրեց, որը մենք չէինք սպասում։ Կարծում եմ՝ իշխանություններն այդ հաշվարկը չէին արել։ Այդ զարթոնքը պետք է ճիշտ օգտագործել, քանի որ այն շատ արժեքավոր բան է։ Ժողովուրդը նորից գնաց եւ իր զավակների կյանքի գնով պաշտպանեց ԼՂ-ն։ Այս զարթոնքը, կարծում եմ, շատ ավելի արժեքավոր է, քան՝ այն խոսակցությունները, թե Ադրբեջանը 21-րդ դարի զենքով է կռվում, իսկ մենք՝ 80-ականների։



- Սպասու՞մ էիք, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանը կհանդիպեն միմյանց։



- Սպասելի չէր։ Կարծում եմ՝ շատերի համար այն սպասելի չէր։ Սակայն պատերազմական իրավիճակներում պետք է մի կողմ դնել հավակնությունները եւ հանդիպել։ Կարծում եմ՝ Սերժ Սարգսյանը պետք է հանդիպումներ ունենա նաեւ այլ քաղաքական գործիչների հետ, որոնք կարող են այս իրավիճակում շահեկան լինել պետության համար։



Թագուհի Հակոբյան