Նոր կուսակցություններ, որոնք սկսում են Գյումրիից

Նոր կուսակցություններ, որոնք սկսում են Գյումրիից

Ամռան երկրորդ ամսվա առաջին տասնօրյակը Հայաստանի ներքաղաքական կյանքում նշանավորվեց նորաստեղծ կուսակցությունների հիմնադիր համագումարներով։ Թե որքանով կնշանավորվեն նրանք նաեւ մեր ներքաղաքական կյանքում՝ որպես քաղաքական ուժ, ցույց կտա ժամանակը, ավելի ճիշտ՝ առաջիկա ընտրությունները։ Նախ շաբաթ օրը Երեւանի DoubleTree by Hilton նորաբաց հյուրանոցի դահլիճում տեղի ունեցավ Վահան Բաբայանի «Ռեֆորմիստներ» կուսակցության հիմնադիր համագումարը։ Բաբայանն ի սկզբանե հայտարարել էր, որ իրենք ընդդիմադիր քաղաքական ուժ չեն լինելու, այլ սատարելու են Սերժ Սարգսյանին եւ ՀՀԿ-ին ու իրենց հռչակում են պետականամետ ուժ։ Նա նաեւ խոստացավ, որ ընտրություններին ընդառաջ իրենք ոչ մի քաղաքական ուժից չեն խոսելու, ոչ մեկի վրա ցեխ չեն շպրտելու, այլ խոսելու են բացառապես իրենք իրենց եւ իրենց ծրագրերի մասին։ Նկատենք, որ «Ռեֆորմիստների» մեջ հայտնի դեմքեր գրեթե չկան, նախագահը՝ Վահան Բաբայանն էլ ԲՀԿ անդամ էր մինչեւ վերջերս, ԲՀ քվոտայով պատգամավոր է դարձել, իսկ նախկինում մի 5-6 կուսակցություն է փոխել։ Նորաստեղծ կուսակցության հաջորդ քիչ թե շատ հայտնի դեմքը դերասանուհի Անահիտ Մութաֆյանն է՝ դրամատուրգ Լեւոն Մութաֆյանի դուստրը։ Եվ նրանց՝ անհայտ ու քաղաքականության մեջ դեռեւս անփորձ երտասարդներին, Վահան Բաբայանը խոստանում է դարձնել հայտնի դեմքեր, շեշտը հենց դրա վրա էլ դրել է եւ ասպարեզ չի մտնում հայտնի դեմքերի միջոցով էլեկտորատ հավաքելու հույսով։



Նույն օրը Գյումրիում տեղի ունեցավ վերջերս իր հիմնադիր համագումարն անցկացրած, բայց դեռ Պետռեգիստրում պաշտոնապես չգրանցված Վարդան Օսկանյանի «Համախմբում» կուսակցության տարածքային կառույցի ստեղծման համաժողովը։ Գյումրու տարածքային կառույցի ղեկավար է նշանակվել Գյումրիի նախկին փոխքաղաքապետ Հունան Մազմանյանը։ «Համախմբումն» այս պահին Գյումրիում ունի 257 անդամ եւ մտադիր է մասնակցել առաջիկա ՏԻՄ ընտրություններին, բայց թե ինչ ձեւաչափով, դեռ պարզ չէ։



Այս օրերին «գաղտագողի», առանց աղմուկի Գյումրիում բացվեց եւս մի կուսակցություն՝ «Գործարար» անունով։ Ձեւավորվել է կուսակցության 7-հոգանոց խորհրդի կազմ, իսկ վարչության նախագահ է ընտրվել մասնագիտությամբ տնտեսագետ Գեղամ Բաղդասարյանը։ «Գործարար» կուսակցության մամուլի պատասխանատու Աննա Պետրոսյանը մեր թղթակցի հետ զրույցում ասել էր, որ կուսակցության անվանումը պատահական չէ ընտրված. իրենք, շեշտը դնելով միջին եւ փոքր բիզնեսի զարգացման վրա, մտադիր են ձեւավորել տնտեսական-քաղաքական հարաբերություններ: «Մեր ուղղվածությունը սոցիալ-դեմոկրատական է, նպաստելու ենք թե սոցիալական զարգացմանը, թե ժողովրդավարությանը»-ասել էր նորաստեղծ կուսակցության խոսնակը։Վերջինս նաեւ հայտնել է, որ իրենք դեռ չեն կողմնորոշվել՝ կմասնակցե՞ն աշնանը կայանալիք Գյումրու ՏԻՄ ընտրություններին, թե՞ ոչ, քանզի «իրենց գործունեությունը հենց դրան չի ուղղված»։ Կուսակցության կազմում մեծ թիվ են կազմում գործարարները, որոնք ոչ իշխանամետ, ոչ ընդդիմադիր ուժ են ձեւավորել, ըստ խոսնակի՝ ավելի շուտ կենտրոնամետ են։



Նշենք նաեւ, որ Գյումրիում, բացի «Գործարարից», որի մասին իմացանք պատահական, մեկ այլ կուսակցություն էլ ստեղծվեց՝ ԳԱԼԱ-ն, որի հիմնադիրներն ու հիմնական կազմը համանուն հեռուստաընկերության հիմնադիր Վահան Խաչատրյանն ու ՀԸ աշխատակիցներն են։ Կուսակցության հիմնադիր համագումարը տեղի ունեցավ հուլիսի 1-ին՝ Գյումրիում։ Նրանք, ի տարբերություն «Գործարարի», պարզ հայտարարել են, որ մտադիր են մասնակցել ՏԻՄ ընտրություններին, ապաեւ՝ 2017-ի համապետական ընտրություններին։ Ավելին՝ նրանք ինտենսիվ բանակցությունների մեջ են այլ ուժերի հետ, մասնավորապես՝ «Ժառանգության», Լեւոն Բարսեղյանի «Ասպարեզի» եւ հնարավոր է ընտրություններին գնան դաշինքով։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ