Ռուսական միլիարդները օֆշոր են չվում Մոլդովայի վրայով

Ռուսական միլիարդները օֆշոր են չվում Մոլդովայի վրայով

Ռուսական ծագման ավելի քան 23 միլիարդ դոլար է «լվացվել» մոլդովական բանկերի միջոցով, հայտարարել է Մոլդովայի՝ փողերի լվացման նախազգուշացման և կոռուպցիայի դեմ պայքարի ազգային կենտրոնի պետի նախկին տեղակալ Միխայիլ Հոֆմանը, տեղեկացնում է «Ինտերֆաքսը»՝ հղում կատարելով TV7 հեռուստաալիքին: 



Կոռուպցիայի դեմ պայքարի կենտրոնի նախկին աշխատակիցը ասել է, որ 2012-2014 թվականներին Մոլդովայի բանկային համակարգի միջոցով հսկայական գումարներ են լվացվել, այդ թվում և Ռուսաստանից:



«Հանրապետության ղեկավարությունը քաջատեղյակ է, որ 4 տարվա ընթացքում մոլդովական բանկերով 23 միլիարդ դոլար է անցել»,- նշել է Հոֆմանը:



Նա ասել է նաև, որ միայն 2013 թվականին Մոլդովայից օֆշորներ փոխանցած գումարը կազմել է 92 միլիարդ լեյ (մոտավորապես 6 միլիարդ դոլար): 



Նշվում է, որ 2014 թվականի աշնանը Քիշնևը արձանագրել է դատական կեղծ որոշումներով փողերի՝ Ռուսաստանից Մոլդովա տեղափոխելու զանգվածային սխեման: Այդ գործում ներգրավված է եղել 21 ռուսական բանկ: