Կուսակցություններ հիմնադրողների շրջիկ խմբեր

Կուսակցություններ հիմնադրողների շրջիկ խմբեր

«Համախմբում» կուսակցությունը Ֆեյսբուքում ունի իր պաշտոնական էջը, կան բացված էջեր տարածքային կազմակերպությունների համար: Արդեն լրանում է կուսակցության հիմնադիր համագումարի մեկ ամիսը, եւ, ըստ գործող օրենքի, Հայաստանի մարզերի 1/3-ում պետք է ձեւավորված լինեին տարածքային կառույցներ, բայց մինչ օրս փաստացի միայն Գյումրու կառույցն է արել հիմնադիր ժողով, որը լուսաբանվել է մամուլով, ակտիվ է նաեւ կուսակցության ֆեյսբուքյան էջում: Մեզ հետ զրույցում «Համախմբում» կուսակցության վարչության անդամ, մամուլի խոսնակ Արեգնազ Մանուկյանն ասաց, որ իրենք այս պահի դրությամբ բոլոր մարզերում ունեն տարածքային կառույցներ, ընդհանուր թվով 25 տարածքային կառույց, եւ դեռ դրանց թիվն ավելանալու է։



«Հիմնադիր ժողով, ճիշտ է, առայժմ միայն Գյումրիում է եղել, բայց մյուս մարզերում էլ է նախատեսվում, հերթականությամբ բոլոր մարզերում էլ կլինեն»,- ասաց նա։
Նկատեցինք նաեւ, որ Գյումրու հիմնադիր ժողովի մասին լուսանկարներում, որոնք հրապարակել էին տարբեր կայքեր, մենք հայտնաբերեցինք դեմքեր, որոնք եղել են նաեւ «Ալյանս», «Գործարար», «Քաղաքացիական պայմանագիր» եւ այլ կուսակցությունների համագումարներին կամ հիմնադիր ժողովներին: Արդյոք նրանք «Համախմբում» կուսակցության անդամներ կամ համակիրնե՞ր են՝ հրավիրված կուսակցության կողմից։



Արեգնազ Մանուկյանն ասաց, որ իրենք ձգտում են լինել շարժում, բեւեռ, հետեւաբար, պարտադիր չէ լինել կուսակցության անդամ, որ իրենց հետ համագործակցեն, ուստի յուրաքանչյուր քաղաքացի ազատ է՝ մասնակցելու համաժողովին։ Ստացվում է, որ «Համախմբում» կուսակցության հիմնադիր համագումարին կամ տարածքայինների համագումարներին մասնակցում են այլ կուսակցությունների անդամներ, ինչը ոչ միայն խախտում է, այլեւ անօրինական, քանի որ հիմնադիր համագումար՝ նշանակում է տվյալ կուսակցությունը հիմնադրողների՝ անդամների համագումար։



Իսկ հրավեր եղե՞լ է կուսակցության կողմից որեւէ մեկին, ո՞ւմ, քանի՞ անձի են հրավիրել համագումարին։ «Չէ, կոնկրետ հրավիրվողներ չեն եղել, բայց Գյումրու տարածքային կառույցն իր ֆեյսբուքյան էջում էլ է հրապարակել, որ այսինչ օրը, այսինչ ժամին տեղի է ունենալու «Համախմբում» կուսակցության համաժողովը, եւ գուցե մարդիկ իմացել եկել են»,-ասաց Ա․ Մանուկյանը։



Ըստ էության՝ մարդկանց մի խումբ կա, հիմնականում երիտասարդ դեմքեր են, որոնք շուրջօրյա փնտրտուքի մեջ են, հերթով բոլոր կուսակցությունների համագումարներին մասնակցում են, որ երեւի հասկանան՝ որտեղ է ավելի շահեկան, որտեղ փող կա, որ այնտեղ էլ մնան։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ