ԱՄՆ-ն Հայաստանում «գունավոր հեղափոխության» է նախապատրաստվում. DWN

ԱՄՆ-ն Հայաստանում «գունավոր հեղափոխության» է նախապատրաստվում. DWN

Թուրքական եւ ռուսական վերլուծաբանները լուրջ մտահոգություն եւ մտավախություն ունեն, որ օտարերկրյա խմբերը կարող են Հայաստանում գունավոր հեղափոխություն կազմակերպել: Այս մասին գրում է գերմանական Deutsche Wirtschafts Nachrichten(DWN) պարբերականը եւ հավելում, որ առավել մեծ վտանգ վերջիններս զգում են աջ ծայրահեղականներից եւ ազգայնականներից: Իշխանության համար պայքարը, որ մղում է աջ ընդդիմությունը կառավարության հետ, մի քանի շաբաթ փոթորկեց Երեւանը: Այս առնչությամբ թուրք վերլուծաբանները կարծիք են հայտնել, որ ամերիկյան կազմակերպությունները սկսել են լուրջ աշխատանք տանել Ս. Սարգսյանին իշխանությունից հեռացնելու համար, որպեսզի նվազեցվի Մոսկվայի դերն ու ազդեցությունը Հարավային Կովկասում: Սակայն սա կբերի մեկ այլ լուրջ խնդրի` կսրվի իրավիճակը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ:



«Հայաստանը ներկայումս հանդիսանում է Ռուսաստանի առանցքային դաշնակիցը ռեգիոնում, եւ Հայաստանում գտնվում է ռուսական ռազմական բազա, իսկ երկիրը բազմաթիվ վարկեր է ստացել Մոսկվայից: Բացի այդ երկու երկրներն էլ հանդիսանում են ԵԱՏՄ եւ ՀԱՊԿ անդամներ»,- գրում է պարբերականը եւ մանրամասնում, որ ԼՂ հակամարտության վերջին սրացումից հետո աջ ընդդիմությունը հանդես էր եկել Ռուսաստանի կտրուկ քննադատությամբ, իսկ հայ ազգայնականները մեղադրել էին Մոսկվային այն բանի համար, որ ռուսները չեն պաշտպանել Հայաստանին այդ հակամարտության մեջ եւ դրա փոխարեն զենք են վաճառել Ադրբեջանին եւ այդ պետության հետ լավ հարաբերություններ են պահպանում:



«Ամերիկան երկար ժամանակ իր ոչ կառավարական կազմակերպությունները եւ կառույցները օգտագործում էր, որպեսզի նաեւ ֆինանսական աջակցության միջոցով իր ազդեցությունը մեծացներ ռեգիոնում: ԱՄՆ-ն վիթխարի ազդեցություն ունի հայկական սփյուռքի վրա եւ ցանկանում է այդ լծակն օգտագործել Հայաստանի աջակցությունն ստանալու համար»,- գրում է պարբերականն իր ամփոփման մեջ եւ նշում, որ չնայած Երեւանում իշխանությունների վրա նախկինի նման մեծ է ռուսական ազդեցությունը, սակայն այդուհանդերձ ԱՄՆ-ն փորձում է այդ վիճակը փոխել «գունավոր հեղափոխության» միջոցով, եւ չնայած Հայաստանն իր հասարակական- քաղաքական դինամիկան ունի եւ տարբեր է Ուկրաինայից եւ Վրաստանից, սակայն կա մեկ ընդհանրություն` երիտասարդությունը, որը ցանկանում է լուրջ եւ արմատական փոփոխություններ: