Ադրբեջանը Ռուսաստանին ռազմաբազա՞ է տրամադրել

Ադրբեջանը Ռուսաստանին ռազմաբազա՞ է տրամադրել

ՌԴ պաշտպանության նախարարի հետ հանդիպմանն Ալիեւը հայտարարել է, որ երկու երկրների ռազմատեխնիկական համագործակցությունը թույլ է տալիս լուծել տարածաշրջանային անվտանգության հարցեր: Հաջորդ օրը ռուսական կողմը տեղեկություն տարածեց, որ հեռահար ավիացիան Սիրիայում ISIS-ի դիրքերին նոր հարվածներ է հասցրել: Փորձագետները կարծիք հայտնեցին, որ ռուսական ավիացիան իրանական «Համադան» օդանավակայանից է թռիչքներ իրականացրել: Իրանը խորհրդարանի խոսնակի մակարդակով հերքեց այդ լուրը:



Մինչդեռ «Թուրան» գործակալության տեղեկություններով՝ ՌԴ պաշտպանության նախարարի հետ Բաքվում է գտնվել ռազմատեխնիկական մասնագետների մի բարձրաստիճան խումբ, որը «տեղում ծրագրել է Սիրիայում ռուսական ավիացիայի եւ Կասպից նավատորմիղի գործողությունները»:



Նավատորմիղի մասով ինչ-որ բան պարզ է: «Կոլիբր» կոչվող հրթիռներն արձակվում են Կասպից ծովից եւ հատելով Իրանի ու Իրաքի օդային տարածքը՝ Սիրիայում խոցում ընտրված թիրախները: Այստեղ ռուս-ադրբեջանական համագործակցությունը կարող է սահմանափակվել նրանով, որ ռուսական նավերը մտնեն Կասպիցի ադրբեջանական սեկտոր, արձակեն հրթիռները եւ վերադառնան մշտական կառանման վայրեր:
Իսկ ի՞նչ աջակցություն կարող է ցույց տալ Ադրբեջանը ռուսական հեռագնա ավիացիային: Բացի, իհարկե, օդային տարածք տրամադրելուց:



Ըստ տեղեկությունների, ռուսական հեռագնա ավիացիան բազա ունի Աստրախանում, որտեղից օդ բարձրանալով՝ ինքնաթիռները Կասպից ծովի վրայով մտնում են Իրանի, ապա՝ Իրաքի օդային տարածք, այնուհետեւ Սիրիայում ռմբահարում թիրախները, հետո նույն երթուղով վերադառնում:



«Թուրանի» փորձագետները գտնում են, որ դա երկար երթուղի է, այդ ընթացքում ծագում են ինքնաթիռների վերալցարկման եւ տեխնիկական սպասարկման հետ կապված հարցեր: Ուստի, գտնում են նրանք՝ Ռուսաստանի համար «հրատապ է դարձել պահեստային օդանավակայան ունենալը»:



Քննարկվե՞լ է այս հարցը Պուտին-Ալիեւի օգոստոսի 8-ի հանդիպմանը: «Թուրանի» փորձագետները դա շատ հավանական են համարում: Նրանք նաեւ հավելում են, որ Ադրբեջանը եւ Ռուսաստանը քննարկում են համատեղ ռադիոլոկացիոն կայան կառուցելու հետ կապված հարցեր:



«Ռուս-ադրբեջանական ռազմատեխնիկական համագործակցությունը նվազեցնում է ղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմի վերսկսման ռիսկը»,- ենթադրում են «Թուրանի» աղբյուրները եւ ավելացնում, որ «այսպիսով մեծանում է ռուսական խաղաղապահ ուժերի մուտքի հավանականությունը»:



Ադրբեջանի սահմանադրությունը բացառում է օտար պետության ռազմաբազայի առկայությունը երկրի տարածքում: Բայց եթե Ադրբեջանը որոշի Ռուսաստանին տրամադրել իր ռազմական օդանավակայաններից մեկը, ապա դա ֆորմալ առումով սահմանադրության խախտում չի նշանակի: Այսպիսով Ադրբեջանը կարող է Սիրիայում Ռուսաստանի ռազմական գործողությունների համար դառնալ հենակետ:
Ի՞նչ կտա դա Ադրբեջանին: Մնում է միայն ենթադրել:



Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ