Արագածոտնի մարզպետն ու նախկին մարզպետի ինքնապատասխանիչը

Արագածոտնի մարզպետն ու նախկին մարզպետի ինքնապատասխանիչը

Արագածոտնի մարզի 80 համայնքներում սեպտեմբերի 10-ին տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններ են։ Այս համայնքներում 130-ն ինքնառաջադրված թեկնածուներ են, 64-ը՝ ՀՀԿ-ից առաջադրվածներ։ Երկու-երեքական թեկնածու էլ ԲՀԿ, «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Հայկական վերածնունդ» կուսակցություններն ունեն։ Այստեղ հետաքրքիր է, սակայն, մեկ այլ հանգամանք։ Ինքնառաջադրված թեկնածուների զգալի մասը ՀՀԿ-ականներ են, բայց հարազատ կուսակցությունը չի առաջադրել նրանց։ Նրանք հիմնականում գործող գյուղապետերն են, որոնք ցանկանում են վերընտրվել նույն պաշտոնում։



Օրինակ՝ Օշական գյուղում առաջադրվել է համայնքի ղեկավարի 3 թեկնածու։ Նրանցից մեկը գործող գյուղապետն է, որին սատարում է ՀՀԿ-ն, մյուս թեկնածուն գյուղապետի նախկին մտերիմ, Օշականի մշակույթի տան տնօրենն է, որը, մեր տեղեկություններով, բանակցում է ՀՅԴ-ի սատարմանն արժանանալու համար։ Իսկ երրորդ թեկնածուին` Վերա Զաքարյանին, առաջադրել է «Ալյանս» կուսակցությունը: Մեզ հետ զրույցում «Ալյանսի» խոսնակ Վարդան Քոչարյանը հաստատեց տեղեկությունը՝ հայտնելով, որ Վերա Զաքարյանն «Ալյանս» կուսակցության վարչության անդամ է, հանրային խորհրդի անդամ, «Գյուղի կին» ՀԿ հիմնադիր նախագահը եւ ղեկավարում է «Գյուղի տատիկ» ՍՊԸ-ն: ԿԸՀ կայքում, սակայն, Վ. Զաքարյանի անվան դիմաց գրված է՝ «ինքնառաջադրում»։



Մենք գրել էինք, որ Արագածոտնի մարզի ՏԻՄ ընտրությունների շրջանում ակտիվացել է նախկին մարզպետ, ՀՀԿ մարզային կառույցի ղեկավար Սարգիս Սահակյանը։ Նա գրեթե բոլոր համայնքներում իր նախընտրելի թեկնածուներն ունի եւ ակտիվ աշխատանք է տանում իր մարդկանց անցկացնելու ուղղությամբ։ Այս հողի վրա, ասում են, լարվել են նաեւ նրա եւ գործող մարզպետ դաշնակցական Գաբրիել Գյոզալյանի հարաբերությունները, քանզի Սահակյանը չի համակերպվում մարզն իր ձեռքից վերցնելու փաստի հետ ու փորձում է ամեն գնով իր վերահսկողությունն ու իշխանությունը, ըստ այդմ՝ վերադարձի հեռանկարը պահպանել այնտեղ։ Օրինակ՝ Աշտարակում, մեր տեղեկություններով, Սահակյանի ֆավորիտ թեկնածուն Աշոտ Ղլեչյանն է՝ Աշտարակի նախկին քաղաքապետ, որի օգտին ակտիվ լոբբինգ է անում նախկին մարզպետը։ Բայց դրա համար նա պետք է բավականին ջանքեր ներդնի, քանզի նրա հետ մրցող եւս յոթ թեկնածու կա, որոնց մեծ մասը լայն շրջապատ, հեղինակություն ու ռեսուրսներ ունի։ Այս թեմայով մեր բոլոր հարցերին Սարգիս Սահակյանը երեկ տվեց կարճ, կոնկրետ, նույնաբովանդակ պատասխաններ՝ կարծես ավտոպատասխանիչը խոսեր մեզ հետ. «Ընտրությունները կլինեն՝ կիմանաք»։



- Դուք ՀՀԿ մարզային կառույցի ղեկավարն եք, ինչպե՞ս ստացվեց, որ մարզկենտրոն Աշտարակում ՀՀԿ-ն թեկնածու չառաջադրեց։



- Ես ասացի՝ ընտրությունները կլինեն՝ կիմանաս։



- Ընտրություններից հետո, բնականաբար, կիմանանք։ Իսկ ընտրություններից առաջ չիմանա՞նք։



- Ընտրությունները կլինեն՝ կիմանաս։



- Իսկ գործող մարզպետի հետ ինչպիսի՞ հարաբերություններ ունեք, ասում են՝ այս շրջանում լարված են։



- Դա ի՞նչ հարց ա, որ տալիս եք, թե ես ում հետ ինչ հարաբերություններ ունեմ։ Ընտրությունները կլինեն՝ կիմանաս, Վահե ջան։



- Լավ, Դուք կոնկրետ թեկնածու ունե՞ք, որին սատարում եք։



- Ո՞նց կարա Հանրապետականը թեկնածու չունենա։



- Հիմա Աշտարակում ո՞վ է ՀՀԿ-ի թեկնածուն։



- Հայտարարություն կլինի՝ կիմանաս։



- Առաջադրումներն արդեն եղել են, եւ ՀՀԿ-ի կողմից որեւէ թեկնածու չկա, կունենա՞ հետո ՀՀԿ-ն իր թեկնածուն։



- Դե, որ կլինի՝ կիմանաս։



Փորձեցինք զրուցել նաեւ Աշտարակի գործող քաղաքապետ Արմեն Անտոնյանի հետ, որը եւս ինքնառաջադրվել է։ Նրան նախորդ ընտրություններում սատարել էր ՀՀԿ-ն, թեպետ Անտոնյանը մինչ օրս անկուսակցական է։ Քաղաքապետը չցանկացավ այս պահին խոսել, խոստացավ մեր բոլոր հարցերին մանրամասն պատասխանել մի քանի օր անց։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ