Ես, իմ սերնդակիցները թույլ ենք տվել կոպիտ սխալներ, արդյունքում ստացել ենք այս վիճակը

Ես, իմ սերնդակիցները թույլ ենք տվել կոպիտ սխալներ, արդյունքում ստացել ենք այս վիճակը

Մեր զրուցակիցը Լոռու նախկին մարզպետ Ստեփան Այվազյանն է։ Պաշտոնավարել է 1997-98 թվականներին՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը նրան նշանակել է ու հեռացել, իսկ արդեն Քոչարյանի օրոք էլ նրան են հեռացրել մարզի ղեկավարումից՝ տեղափոխելով այլ աշխատանքի։ Դրանից հետո, մինչեւ վերջին խորհրդարանական ընտրությունները, տարբեր պաշտոններ է զբաղեցրել։ Այվազյանը երբեք կուսակցական չի եղել, իրեն պետական գործիչ է համարում՝ իր սխալներով ու արժանիքներով հանդերձ։ Իսկ սխալները հիմնականում քաղաքական են եղել՝ հույս է կապել այս կամ այն առաջնորդի, քաղաքական ղեկավարի հետ, վստահել է նրանց, հետո հիասթափվել։ Օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանի, նրանից հետո եկած քաղաքական ուժերի կամ դեմքերի հետ։ Պարոն Այվազյանի հետ մենք զրուցեցինք Վանաձորում կայանալիք ՏԻՄ ընտրություններից, ինչպես նաեւ իր՝ քաղաքականություն վերադառնալու հավանականությունից։ Նա նախ նշեց, որ կտրականապես դեմ է Վանաձորում եւ Գյումրիում կուսակցական ցուցակներով, Երեւանի մոդելով քաղաքապետի ընտրությանը, քանզի դա պետք է հնարավորինս ապակուսակցական մարմին լինի, իսկ դրա համար պետք է, որ անկուսակցականները հնարավորություն ունենան ազատ առաջադրվելու։



«Ես հիշում եմ, երբ 2002թ. ինձ հաջորդած մարզպետը (Հենրիկ Քոչինյանի մասին է խոսքը) հեռուստատեսությամբ ասաց, թե «ես պիտի ասեմ, թե որ համայնքում որ թեկնածուն պիտի ընտրվի», իսկ լրագրողը նրան ընդամենը հարց տվեց՝ իսկ Դուք գիտե՞ք, որ համայնքներից մեկում Ձեր ասած թեկնածուն չի անցել։ Նա էլ պատասխանեց. «Թող ինքը մտածի, թե ոնց պիտի աշխատի ՀՀԿ-ական մարզպետի հետ»։ Ես այստեղ հասկացա, որ գործադիր իշխանությունը չարաշահում է իր լիազորությունները, ինքը չպիտի խանգարի եւ թելադրի, թե որ համայնքում ով պիտի ընտրվի։ Անկախ նրանից՝ մարզպետը կուսակցական է, թե ոչ, նա սահմանադրորեն չպիտի միջամտի նման հարցերում։ Իսկ տեղական ինքնակառավարումը չի ենթադրում ուղղաձիգ կառավարում, որ Երեւանում կամ մարզպետարանում որոշեն, թե այսինչ գյուղական համայնքում որ հարցն է կարեւոր»,-ասաց նա՝ նշելով, որ պետք է աջակցել ՏԻ մարմինների կայացմանը, իսկ կուսակցականացմամբ խանգարում են դրան։ Ուստի մարզպետները, այդ պաշտոնին նշանակվելուց հետո, ճիշտ կլիներ ժամանակավոր հրաժարվեին կուսակցական պատկանելությունից։



- Վանաձորի ընտրությունների մասին ի՞նչ կասեք, ՀՀԿ-ն հրաժարվեց իր երկարամյա թեկնածուին՝ գործող քաղաքապետին 5-րդ անգամ առաջադրելուց, մյուս կողմից՝ այստեղ իրար դեմ պայքարելու են ինչպես հին, այնպես էլ նորաստեղծ կուսակցություններ։ Ինչպիսի՞ պայքար է սպասվում այնտեղ։



- Նախ, եթե մենք անդրադառնանք այսօր ՀՀ-ում գործող կուսակցություններին, թե արդյոք նրանք, արդարադատության նախարարությունում գրանցվելու պահից սկսած, պահպանե՞լ են կուսակցությունների մասին օրենքով նախատեսված բոլոր դրույթները, ապա տեսնում ենք, որ ոչ։ Ե՛վ գործող իշխանական կուսակցությունները, ե՛ւ ընդդիմադիր դաշտում գործողները, մեծ մասը, եթե չասենք՝ բոլորը, անհատների շուրջ գործող խմբեր են, որոնց մի մասն անընդհատ փորձել է իր լծակներն օգտագործել, որ իշխանության վրա մնա, մի մասն էլ փորձել է այդ իշխանությունից մի բան պոկել, օգտվել։ Հիմա այս պայմաններում փորձել այս չկայացած կուսակցությունները հիմա էլ փաթաթել համայնքների վզին, ես դա նորմալ չեմ համարում, մենք դրանից լուրջ արդյունքներ չենք կարող սպասել։ Ընդհանրապես, այնտեղ ոչ մեկը չի մտածում, որ դա կուսակցությունների պայքար է լինելու, հենց ասում են կուսակցություն, բոլորը հասկանում են անձերի՝ սա պայքարելու է նրա դեմ։ Ոչ մի գաղափարական պայքար, ոչ մի խնդիր, ինձ թվում է՝ չի լինելու։ Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի նոր թեկնածուին (նոտար Մամիկոն Ասլանյանն է) ու նրա շանսերին, ապա, ելնելով նախորդ ընտրություններից, ես համոզված եմ՝ նրանք կարծում են, որ քաղաքապետի նոր, թարմ, ավելի չկուսակցականացված թեկնածու ունենալով (Ասլանյանը նոր է անդամագրվել ՀՀԿ-ին)՝ ժողովրդի մոտ վստահություն կառաջանա։ Ես անձամբ այդպես չեմ մտածում, Վանաձորում եմ ապրում, գիտեմ։



- Դուք ինքներդ պատրաստվո՞ւմ եք որեւէ ձեւաչափով մասնակցել Վանաձորի ՏԻՄ ընտրություններին եւ ինչպե՞ս։



- Այո, իմ կարծիքով՝ ակտիվ մասնակցություն եմ ունենալու, կարգավիճակն եմ այս օրերին ճշտում։ Իհարկե, իմ ամբողջ անհանգստությունն այստեղ մի բան է. ես մշտապես բարձր, պատասխանատու պաշտոններ եմ զբաղեցրել եւ այս իմաստով մեծ պատասխանատվություն ու խղճի զգացում ունեմ մեր երեխաների, մեր հաջորդ սերնդի առաջ, որ այլեւս սխալներ թույլ չտանք, քանզի համոզված եմ, որ ես, իմ սերնդակիցները թույլ ենք տվել կոպիտ սխալներ, որ արդյունքում ստացել ենք այս վիճակը։ Հիմա պետք է անենք ամեն ինչ, ազնիվ լինենք, մարդկանց պարզ բացատրենք, որովհետեւ մի քանի տարի առաջ ժողովուրդը չէր ընտրում ընդդիմությանը, քանի որ 5 հազար դրամ կաշառքով գնում իշխանությանն էին ընտրում, բայց արդեն ութ տարի է՝ գնում է, դեմ է քվեարկում իշխանությանը, հիմա էլ առաջնորդող չկա ժողովրդին։



- Որպես նախկին պետական պաշտոնյա՝ Ձեր թույլ տված սխալները կարո՞ղ եք մատնանշել, որոնցով նպաստել եք այս վիճակի հանգեցմանը։



- Հա, իհարկե, ես ունեմ լուրջ սխալներ թույլ տված՝ այն իմաստով, որ ինչքան էլ մեր առջեւ դրվել են իշխանության կայացմանը, հզորացմանը խանգարող հարցեր, մենք միշտ գտել ենք դրանց մեջ լավը եւ փորձել ենք հավատալ, որ դա կտանի ավելի լավին։ Երեւի դա սովետական տարիներին իշխանության հանդեպ վստահությունից էլ էր գալիս։ Ինձ հաճախ են հարցնում, թե ինչու եք ընտրել էն մարդկանց, որոնք հիմա քննադատության թիրախ են դարձել, ես ասում եմ, որ ես հավատացել եմ նրանց, ես իսկապես, անկեղծ եմ ասում, հավատացել եմ։ Ես հիշում եմ, 1998 թվականին Ռոբերտ Քոչարյանի՝ նախագահ ընտրելու ժամանակ, երբ ես մարզպետ էի, երբեք չեմ պատկերացրել, որ այդպիսի հիասթափություն կապրեմ։ Գյուղերն ընկած՝ մարդկանց բացատրում էի, որ Ղարաբաղից եկած հերոս անձնավորություն է եւ որ եկավ վարչապետ, կառավարությունում հեղափոխություն արեց, գործադիր իշխանությունն ուշքի եկավ միանգամից։ Հիշում եմ, Կուրթան գյուղում, երբ ընտրություններից առաջ մարդկանց համոզում էի, որ Դեմիրճյանի ժամանակ լավ էր, բայց պետք է հասկանալ, որ երկիրը, ժամանակները փոխվել են, եւ հիմա մեր երկրում Քոչարյանի ժամանակներն են եկել եւ այլն, եւ երբ ավարտեցի, մի տարեց մարդու հարցրի՝ հայրիկ ջան, իրար վստահեցի՞նք, հասկացա՞նք, հավատացի՞ր իմ ասածներին, լոռեցու պատասխան տվեց էս մարդը, ասաց. «Ուզում եմ հավատամ, բայց կարում չեմ»։ Ու մնացի ապշած։ Այսինքն՝ Դեմիրճյանի արածը տեսել են, իսկ Քոչարյանինը դեռ պետք է տեսնեն, որ հավատան։



- Ձեզ համար պա՞րզ է արդեն, թե որ կուսակցության ցուցակով կմասնակցեք այս ընտրություններին։



- Հաստատ ընդդիմադիր, ոչ իշխանամետ կամ հենց իշխանության ցուցակով, որովհետեւ դա ոչ իրենք են ցանկանում, ոչ ես։ Բայց ես կուսակցական պատկանելություն ոչ սկզբից եմ ունեցել, ոչ էլ հիմա եմ մտադիր ունենալ։ Իհարկե, որոշ ընտրությունների ժամանակ ուղղակի աջակցել եմ տարբեր կուսակցությունների իմ ընկերներին, օրինակ՝ մի տարի նախապատվությունը տվել եմ ՄԱԿ-ին, օգնել եմ ուղղակի։ Երկրորդ անգամ էլ ԲՀԿ-ին եմ հավատացել, բայց հենց պառլամենտական պայքարից հետո դա վերածվեց անհատների պատերազմի, մենք ասացինք, որ մենք մեր ժողովրդի մեջ քաղաքական դաշտում պայքարելու ցանկություն չունենք։ Իսկ հիմա ընդդիմությունից կընտրենք՝ ով համաձայնություն կտա։ Ես բարոյական առումով ավելի շատ հակված եմ Հայաստանի առաջին իշխանությունների՝ ներկայիս ՀԱԿ-ի հետ, որոնք անկախության կայացման տարիներին էդ վստահությունը տվել են ինձ։



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ