Բնականաբար, կաշխատեմ այլ վարչապետի հետ

Բնականաբար, կաշխատեմ այլ վարչապետի հետ

Երեկ Սերժ Սարգսյանն ստորագրեց Կարեն Կարապետյանին վարչապետ նշանակելու հրամանագիրը։ Բայց լիարժեք վարչապետ զգալու համար դեռ պետք է խորհրդարանի կողմից կառավարության ծրագրի վավերացումը։ Մինչ այդ մամուլում եւ քաղաքական կուլիսներում ակտիվորեն քննարկվում է կառավարության նոր կազմը, թե ովքեր կմնան Հովիկ Աբրահամյանի ձեւավորած կառավարությունից, ովքեր կգնան։ Ըստ լուրերի, նոր վարչապետին կադրերի հարցում ազատություն է տրված, եւ, ամենայն հավանականությամբ, կառավարության անդամների մոտ 80 տոկոսը կփոխարինվի նոր նախարարներով։ Անորոշ է Հովիկ Աբրահամյանի կառավարության «ուղեղը» համարվող կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի հարցը՝ կմնա եւ կաշխատի՞ Կարեն Կարապետյանի հետ, թե՞ կհեռանա։



«Ես չեմ կարող պատասխանել այդ հարցին»,-երեկ մեզ հետ զրույցում ասաց պարոն Հարությունյանը։



- Մամուլը գրել էր, որ Դուք նոր վարչապետի հետ հանդիպել եք եւ երկար առանձնազրույց եք ունեցել։
- Ես մամուլ չեմ կարդում։



- Մամուլը Ձեր մասին էլ է գրում, չե՞ք կարդում։
- Որպես կանոն՝ ոչ։



- Լավ, նոր վարչապետի հետ հանդիպում, խորհրդակցություն ունեցե՞լ եք այսօր։
- Վարչապետի հետ միշտ է աշխատում կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը։



- Կադրային հարցերով կամ Ձեր՝ կառավարությունում մնալ-չմնալու թեմայով զրուցե՞լ եք։
- Նման քննարկում չի եղել, սակայն անգամ եթե լիներ, ես դրա մասին չէի բարձրաձայնի։



- Եթե առաջարկվի մնալ եւ շարունակել պաշտոնավարել, պատրա՞ստ եք աշխատել նոր վարչապետի հետ, նոր կառավարությունում։
- Ես նման հիպոթետիկ հարցերի չեմ պատասխանում։



- Նկատի ունեմ՝ անձի փոփոխությունը կարեւո՞ր է Ձեզ համար նրա հետ աշխատելու տեսանկյունից, ի վերջո, վարչապետ է փոխվել, նոր անձ է ղեկավարելու կառավարությունը, Դուք էլ առանցքային պաշտոն եք զբաղեցնում այնտեղ։
- Ձեր հարցին դարձյալ չեմ կարող պատասխանել, որովհետեւ հարցը մի քիչ անորոշ է։



- Որոշակիացնեմ՝ Հովիկ Աբրահամյանից հետո կաշխատե՞ք այլ վարչապետի հետ։
- Բնականաբար, կաշխատեմ այլ վարչապետի հետ, եթե մեր մոտեցումներն ընդհանուր լինեն, մենք հասկանանք, որ ես կարող եմ օգտակար լինել, եւ այդ օգտակար լինելն ինձ համար եւս հասկանալի լինի։



- Օգտակար լինել ո՞ւմ կամ ինչի՞ն։
- Գործադիր իշխանությանը։



- Մինչ այդ էլ էիք օգտակար լինում։
- Ե՞վ։
- Վարչապետի անձը կապ ունի՞ գործադիր իշխանությանն օգտակար լինելու հարցում։
- Միշտ էլ կապ ունի, որովհետեւ վարչապետն է որոշում, թե ինչպես է պատկերացնում իր կառավարության որոշումը։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ