Ապրիլյան պատերազմի հերոսների հարազատները` բանակին 1000 դրամ հատկացնելու օրինագծի մասին

Ապրիլյան պատերազմի հերոսների հարազատները` բանակին 1000 դրամ հատկացնելու օրինագծի մասին

Մի քանի օր է` մամուլում, սոցիալական ցանցերում քննարկվում է յուրաքանչյուր աշխատող անձից ամսական 1000 դրամ պահելու եւ բանակին հատկացնելու մասին օրենքի նախագիծը: Այդ գումարով նախատեսում են օգնել 2017թ-ից հետո զոհված եւ հաշմանդամ դարձած զինվորների ընտանիքներին: 



Իսկ ինչ են այս մասին մտածում ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների հարազատները։ Թշնամու 8 տանկերից 3-ը ոչնչացրած գյումրեցի հերոս Տիգրան Աբգարյանի եղբայրը՝ Ժորա Աբգարյանը, լավ ծանոթ չէ առաջարկված օրինագծին, բայց կարծում է, որ յուրաքանչյուրի համար 1000 դրամը «եղանակ փոխող չէ»։ «Կարծում եմ՝ այդ 1000 դրամը այնքան էլ մեծ գումար չէ։ Պարզապես մարդիկ մտածում են, որ այդ գումարը իր նպատակին չի ծառայի։ Բնականաբար, նրանք իրավունք ունեն այդպես մտածելու։ Իմ եղբայրն ու մնացած տղերքը իրենց կյանքը չխնայեցին հայրենիքի պաշտպանության համար, մենք 1000 դրամը չենք խնայի»։



Քառօրյա պատերազմի հերոս Բագրատ Ալեքսանյանի եղբայրը՝ Սամվելը,  թերհավատությանբ է վերաբերում նախագծին։ «Խնդիրը 1000 դրամը չէ, այլ այն՝ կհասնի այդ գումարը բանակին, թե ոչ։ Եթե ամեն ինչ լինի այնպես, ինչպես նշված է նախագծում, ապա միանշանակ կողմ եմ»։



Ապրիլյան քառօրյայի հերոս Տիգրան Բերակչյանի մայրը՝ տիկին Եվգինեն, վստահեցնում է, որ եթե աշխատեր, ապա դրական կարձագանքեր այս նախագծին։ «Իհարկե կողմ եմ։ Սահմանին կանգնած ցանկացած զինվորի համար բնականաբար պետք է ամեն ինչ արվի։ Բայց պետք է վստահ լինենք, որ այդ գումարը հասնելու է իր հասցեատիրոջը՝ բանակին։ Ես ոչ թե հերոսի, այլ սահմանին կանգնած զինվորի մոր աչքերով եմ նայում ամեն ինչին»։



Ապրիլի 8-ին զոհված պայմանագրային զինծառայող Հրաչյա Մուրադյանի կինը՝ Աննան, այնքան էլ կողմ չէ առաջադրված նախագծին։ «Բանակին օգնել միշտ էլ պետք է, բայց ոչ այն մարդկանց հաշվին, ովքեր ստանում են նվազագույն աշխատավարձ։ Կարծում եմ՝ պետք է տոկոսային հարաբերություն լինի, որ 70 հազար դրամ աշխատավարձ ստացողից չգանձվի այնքան, որքան 300 հազար դրամ ստացողից։ Եթե ամեն մարդ իր գրպանին համապատասխան գումար տա, ապա պատկերն այլ կլինի»։



Նարե Գեւորգյան