Խնդիր դրված չէ ֆեմինիզացնել մեր բանակը

Խնդիր դրված չէ ֆեմինիզացնել մեր բանակը

«ՆԱՏՕ-ի շաբաթ Հայաստանում» միջոցառումների շրջանակում՝ ՊՆ-ն, արտաքին գործերի նախարարությունն ու ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը համատեղ կազմակերպել էին «Կանայք զինված ուժերում» թեմայով աշխատաժողով։



ՊՆ մարդու իրավունքների եւ բարեվարքության կենտրոնի պետ, փոխգնդապետ Ալիկ Ավետիսյանի դիտարկմամբ այսօր ամբողջ աշխարհում այն միտումն է նկատվում, որ ավելանում է կանանց թիվը բանակում, դա պայմանավորված է թե զինված ուժերի գործառույթների փոփոխությամբ, թե զինված ուժերի տեխնոգրաֆիկ զարգացմամբ։ Փոխգնդապետը դժվարանում է ասել թե քանի տոկոս են կազմում կանայք մեր զինված ուժերում, քանի որ կան քաղաքացիական հատուկ ծառայողներ, պարզապես ծառայողներ, զինծառայողներ, բայց ընդհանուր առմամբ տատանվում է՝ 7-12 տոկոսի միջակայքում։ Ըստ Ավետիսյանի, կանանց ներգրավումը բանակում, իբրեւ գաղափար, շատերի համար ընդունելի է, բայց երբ խոսքը վերաբերում է կոնկրետ անձի, ապա վերաբերմունքը մի փոքր այլ է։ Նա հատկապես ընդգծում է՝ կանանց ներգրավումը բանակում չի նշանակում, որ կանայք պետք է անցնեն պարտադիր ժամկետային զինծառայության. «Մեզ մոտ խնդիր դրված չէ ֆեմինիզացնել մեր բանակը, մենք ունենք հստակ խնդիր, որ նախ մարդու իրավունքների շրջանակից ապահովենք կանանց ներգրավվածությունը, որպես աշխատատեղ, նաեւ կանանց համար որոշակի առաջխաղացման հնարավորություն ստեղծենք»։



ՀՀ պաշտպանության համակարգում կանանց իրավունքների պաշտպանության եւ հավասար հնարավորությունների ապահովման ուղեցույցն էլ հայեցակարգային մի փաստաթուղթ է, որ ընդունվել է անցած տարի եւ հաստատվել նախարարի հրամանով։ Ուղեցույցի նպատակն է պաշտպանության ոլորտում կանանց հավասար հնարավորությունների ապահովումը։ Այն պաշտոնները, որտեղ կարող են աշխատել կանայք շատ չեն, դա բժշկական վարչությունն է, կադրային օղակը, ֆինանսաբյուջետային, լրատվության, իրավաբանական ծառայությունը, քարտուղարությունը, նախարարի տեղակալների աշխատակազմերը, ռազմաարդյունաբերական, սոցիալական պաշտպանության վարչությունները։ ՊՆ իրավաբանական վարչության ավագ սպա, փոխգնդապետ Նարինե Կարապետյանն իր խոսքում նկատում է, որ հրամանատարական խմբի պաշտոններ՝ կապիտանից գնդապետ, կարող են զբաղեցնել միայն բժշկական ծառայությունում զինվորական ծառայություն անցած կանայք, մնացած բոլոր դեպքերում, համաձայն հրամանի, կանայք հրամանատարական պաշտոններ զբաղեցնել չեն կարող։ Դրանից հետեւում է նաեւ, որ զինվորական ծառայություն անցնող կանայք չեն կարող ըստ էության ներգրավված լինել որոշումներ ընդունելու ոլորտում. «Մեր հասարակության մեջ դեռ շատ կարծրատիպային մոտեցումներ կան կանանց հասարակական կյանքում ներգրավվածության հարցում եւ սա է հիմնականում, որ խանգարում է զինված ուժերում կանանց իրավահավասարության հաստատման գործընթացին»,-ասում է նա ու հավելում, որ աշխարհաքաղաքական տարաբնույթ խմորումներից ու մեր երկրի իրավիճակից ելնելով այսօր շատ կարեւոր է կանանց ներգրավվածությունը զինված ուժերում։



Զինվորական պաշտպանության համակարգում կանանց դերն ու մասնակցությունը պետք է ավելի ընդգծված եւ էֆէկտիվ լինի՝ համոզված է Հայաստանում ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը. «3 տարի առաջ մենք առաջին անգամ նախաձեռնեցինք մեր առաջին ուսումնասիրությունը Հայստանում՝ հասկանալու, թե ինչպիսի պատկերացումներ կան կանանց մասնակցությանը զինված ուժերում, որի հիման վրա մենք շարունակեցինք աշխատանքը պաշտպանության նախարարության հետ եւ իրականացրեցինք մի շարք վերապատրաստումներ»։



Ինչ վերաբերում է ռազմական կրթությանը, ապա ՊՆ ռազմական կրթության բաժնի պետ, գնդապետ Սուրեն Դավթյանը նշեց, որ 2013թ-ից ընդունելություն է սկսվել ռազմական հաստատություններում, սկզբում եթե դա մեկամյա սպայական դասընթացներն էին, ապա 2014թ-ից սկսած անցել են նաեւ բակալավր կրթության. «Ռազմական ավիացիոն համալսարանում 12 մասնագիտություններից 7 –ում սովորում են նաեւ մեր իգական սեռի քաղաքացիները ։ Ընդհանուր առմամբ այս 3 տարվա ընդունելության ընթացքում 30-ից ավել կուրսանտ է ընդունվել եւ սովորում, տարեց տարի այդ թիվը ավելանում է։ Հետարքրքիրն այն է, որ չնայած մեր աղջիկների ծնողները դեմ են լինում, իրենք պնդում են եւ սովորում»,-ասաց Դավթյանն ու նշեց, որ ընդունելության կարգը եւ չափորոշիչները նույնն են, ինչ որ տղաների դեպքում։



ՀԳ Աշխատաժողովի 2-րդ մասում ներկայացվեց «Կինը եւ բանակը» գիրքը՝ շապիկին հայ ֆիդայի կանանց պատկերով։ Գրքում ներկայացված է զինվորական գործում կանանց ներգրավման առանձնահատկությունները, սոցիալ պատմական հիմքերը, կանայք աշխարհի զինված ուժերում, ինչպես նաեւ միջազգային փորձի կիրառման հնարավորությունները հայկական բանակում։ Ըստ այդմ, եթե օրինակ Մեծ Բրիտանիայի զինված ուժերում կանայք կազմում են 9.2 տոկոս, ապա Իսրայելի բանակում կին զինծառայողները կազմում են 33 տոկոս, ԱՄՆ բանակի զինծառայողների ընդհանուր թվի 14-15 տոկոսը նույնպես կանայք են։ ՄԱԿ-ի տվյալների համաձայն էլ ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությունների կազմում զինծառայողների 3 տոկոսը կանայք են։