Էլի՞ պիտի մեր տեղը զիջենք Ռուսաստանին

Էլի՞ պիտի մեր տեղը զիջենք Ռուսաստանին

Երկու ամիս առաջ՝ հոկտեմբերի 14-ին, Երեւանում անցկացվեց ՀԱՊԿ անդամ երկրների նախագահների մասնակցությամբ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը, որը վարեց վերջին մեկ տարում ՀԱՊԿ նախագահությունն ստանձնած երկրի ղեկավարը՝ Սերժ Սարգսյանը։ Ի թիվս այլ հարցերի, հատկապես մամուլի ուշադրության կենտրոնում էր մեկ հարց՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոփոխության հարցը։ Սպասվում էր, որ այս անգամ Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչ Նիկոլայ Բորդյուժային պետք է այս պաշտոնում փոխարինի Հայաստանի ներկայացուցիչը, ինչպես պահանջում է վերջերս ընդունված նոր կարգը։ 



Նշենք, որ մինչ այժմ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Նիկոլայ Բորդյուժան էր, եւ քարտուղարության փոփոխության պրակտիկա չկար ՀԱՊԿ-ում, միայն նախագահող երկիրն էր ամեն տարի փոխվում։ Եվ միայն անցած տարի Բելառուսի առաջարկով որոշվեց, որ պետք է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը եւս փոխվի՝ ռոտացիայի կարգով ընտրվելով անդամ երկրներից։ Ըստ այդմ՝ անցած տարի, ըստ այբբենական ցանկի, գլխավոր քարտուղարի պաշտոնը պետք է զբաղեցներ Հայաստանի ներկայացուցիչը, բայց Ռուսաստանի առաջարկով ներքին որոշում կայացվեց, որ մեկ տարով երկարաձգվի Բորդյուժայի պաշտոնավարումը։ Հոկտեմբերին կայացած նիստով, սակայն, կրկին Բորդյուժային փոխարինող չգտան։ Միայն նախագահող երկիրը փոխվեց․ Հայաստանին փոխարինեց Բելառուսը։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը շարունակեց մնալ Նիկոլայ Բորդյուժան։ Սա քաղաքական շահարկումների առիթ տվեց․ հերթական անգամ խոսվեց Ռուսաստանին հպատակության, ՌԴ իշխանություններին ենթարկվելու, նրանց պահանջով առաջնորդվելու մասին, որ այս էլ երկրորդ անգամ զիջում ենք մեր տեղը Բորդյուժային։ Խոսք եղավ նաեւ համապատասխան թեկնածու չունենալու մասին, թեպետ մամուլում շրջանառվում էին պաշտպանության նախկին նախարարներ Սեյրան Օհանյանի եւ Վաղարշակ Հարությունյանի, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի անունները։ Ինչեւէ, ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ Սերժ Սարգսյանն ասաց, որ 2 ամիս անց՝ դեկտեմբերին, եւս մեկ նիստ է տեղի ունենալու, որտեղ էլ կքննարկվի այս հարցը, եւ պետք է որ արդեն ներկայացվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածությունը Հայաստանից։



Բայց մեր իշխանությունները կրկին ինքնավստահ չեն այս հարցում եւ հստակ չեն կարողանում ասել՝ կառաջադրե՞նք թեկնածու, թե՞ էլի մեր տեղը եղբայրաբար կզիջենք «մեծ եղբորը»՝ Ռուսաստանին։ Այս հարցը պարզելու համար դիմեցինք ՀՀ պաշտպանության նորանշանակ նախարար Վիգեն Սարգսյանին։ Վերջինս հետաքրքիր մարտավարություն է որդեգրել լրագրողների հետ կոմունիկացիայի հարցում՝ «ոտքի վրա հարցերին չի պատասխանում»։ Այսքանով ավարտվում է նախարար-լրագրողներ «ճեպազրույցը»։ Երեկ մեր այս հարցին նախարար Սարգսյանը «ոտքի վրա» ընդամենը հետեւյալն ասաց․ «Դեկտեմբերին կլինի նիստը, պարզ կդառնա»։ Բայց արդեն դեկտեմբեր ամիսն է, ե՞րբ է լինելու նիստը։ «Դե... այս ամիս»։ Իսկ մենք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածու ունե՞նք, պարոն Սարգսյանն այս մեկը «ոտքի վրա» չասաց։



Զրուցեցինք նաեւ ՀՀ ԱԺ պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Կորյուն Նահապետյանի հետ։ Նա ասաց, որ առաջիկա նիստը տեղի կունենա դեկտեմբերի 20-ից հետո, Սանկտ Պետերբուրգում։



- Մենք ունե՞նք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի մեր թեկնածուն։



- Բնականաբար, սահմանված կարգը պահպանվելու է, եւ առաջադրվելու է կոնկրետ թեկնածու։ Երբ կհրապարակվի, այդ մասին կմեկնաբանենք։



- Այս հարցը շահարկումների տեղիք տվեց, երբ մենք զիջեցինք մեր տեղը Ռուսաստանին, եւ մտավախություն կա, որ այս անգամ եւս նույնը կկրկնվի։



- Դրա համար մի փոքր համբերություն պետք է ունենալ։ Առաջիկայում տեղի կունենա նիստը, ով կառաջադրվի համապատասխան պաշտոնում։



- Հայաստանի՞ց կլինի այդ թեկնածուն։



- Պայմանավորվածության համաձայն, այո, նախատեսված է, որ պետք է Հայաստանից լինի առաջադրումը։ Թե ինչ փոփոխություններ կլինեն, ցույց կտա արդեն նիստի ընթացքը։



- Կարծես թե էլի վստահ չեք այս հարցում։



- Գիտե՞ք, քանի դեռ տեղի չի ունեցել նիստը, որեւէ մեկը չի կարող կանխավ գնահատումներ իրականացնել։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ