Ետամանորյա շոկ

Ետամանորյա շոկ

Նույնիսկ Ամանորի մոտալուտ տոնական շունչը չի ջերմացնում աննախադեպ ցրտից սառած մարդկանց սրտերը։ Այսպիսի սառնամանիքներ Հայաստանում հազվադեպ են լինում։ Մարդիկ այնպիսի անհամբերությամբ են սպասում Գագիկ Սուրենյանի կանխատեսումներին, կարծես ցուրտն աղքատությունից, պատերազմից, հիվանդություններից ավելի ծանր մի բան է։ Իսկ հանրապետության գլխավոր «եղանակաբանն» ասում է, որ տաք օդային հոսանք է գալիս դեպի Հայաստան։ Հուսանք, որ այն շուտ կհասնի մեզ։ Ավելի շուտ, քան կավարտվեն ջեռուցման համար նախատեսված սուղ միջոցները, ավելի շուտ, քան կճանապարհենք 2016 եւ կդիմավորենք 2017 թվականները։ Իսկ հունվարին մեզ բարդ ժամանակներ են սպասվում։ Եթե անգամ ավելի տաք լինի դրսում, եւ սաստիկ սառնամանիքները, սառած ճանապարհներն ու կոտրվածքներ ստանալու հավանականությունը նվազեն, մեզ սպասվում է ամանորյա սեղաններից ու ծախսերից սթափության շրջանը։ Նախ, բնականաբար, գազի, հոսանքի, ջրի վարձավճարների օրերն են գալու, եւ բանկերում վճարում անողների, հատկապես տարեցների, ուշաթափության դեպքեր ենք արձանագրելու։ Ապա պարզվելու է, որ ամսվա առաջին կեսն ուտելիքի չափաբաժիններից խիստ գիրացած ու թունավորումներ ստացած հայերս ամսվա վերջին պարզապես քաղցելու ենք, քանի որ աշխատավարձի օրվան դեռ շատ կա, իսկ պարտքերի ցուցակը մեծացել է։ Նաեւ պարզվելու է, որ ամռան ընթացքում պատրաստված պահածոները վերջացել են, եւ մառանները դատարկ են մնացել։ Հետո ոմանք նաեւ հանկարծ իմանալու են, որ կրճատումների տակ են ընկել՝ օպտիմալացման ալիքն իրենց կամ իրենց մերձավորներին է հասել։ Եվ, վերջապես, ընտրությունների պատրաստվող կուսակցականներն են հասկանալու, որ այս անգամ ավելի մեծ փողերի պատերազմ է գնալու, որին իրենք ի վիճակի չեն լինելու մասնակցել։