Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները դիմել են պատժիչ գործողությունների

Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները դիմել են պատժիչ գործողությունների

Դեկտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային և ականանետային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 65 անգամ, որի ընթացքում հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է ավելի քան 1200 կրակոց: Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել արևելյան (Ակնա) և հարավարևելյան (Մարտունի) պաշտպանական հատվածներում: Միայն Մարտունու ուղղությամբ ադրբեջանական զինուժը հայկական բնագծերն արկակոծել է 14 անգամ, որից 9-ը՝ 60 մմ-ոց, 5-ը՝ 82 մմ-ոց ականանետերից: Այս մասին հայտնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից։



Հակառակորդի ակտիվությունը ճնշելու նպատակով ՊԲ առաջապահ ստորաբաժանումները՝ հիմնականում Մարտունու ուղղությամբ, դիմել են պատժիչ գործողությունների և նրան ստիպել ձեռնպահ մնալ հետագա սադրիչ քայլերից: Ինչպես շփման գոտու նշված հատվածում, այնպես էլ պաշտպանական մյուս ուղղություններում հայկական ստորաբաժանումները շարունակել են վստահորեն իրականացնել առաջադրված մարտական խնդիրը և հակառակորդին պարտադրել իրենց կամքը:



Այս պահի դրությամբ առաջնագծի ողջ երկայնքով իրադրությունը համեմատաբար հանգիստ է: