Սերժ Սարգսյանին շնորհակալ լինելու երեք «զարմանահրաշ» պատճառ

Սերժ Սարգսյանին շնորհակալ լինելու երեք «զարմանահրաշ» պատճառ

Այն, որ ժողովրդի մեծ մասը, անկախ ընտրությունների արդյունքներից, դժգոհ է Սերժ Սարգսյանից եւ իշխող Հանրապետականից, փաստ է։ Բայց դա չի նշանակում, որ Սերժ Սարգսյանից գոհ ու շնորհակալ լինողներ չկան, կամ դրա առիթը չկա։ Օրինակ՝ հանրապետականների մեծ մասը հաստատ երեւի շնորհակալ է աստծուն, որ իրեն բախտ է վիճակվել լինել ՀՀԿ թիմի անդամ ու պաշտոն, բիզնես, բարեկեցիկ կյանք ունենալ, իսկ այս տարին ամփոփելիս էլ նրանք հաստատ շնորհակալ կլինեն Սերժ Սարգսյանին՝ այդ ամենից չզրկվելու համար։ Այնպես որ, չպետք է կարծել, թե Սերժ Սարգսյանը վատ նախագահ է բոլորի համար։ Բայց շատ ավելի կարեւոր է, թե ժողովուրդը՝ բացի հանրապետականներից, Սերժ Սարգսյանից ու գործող իշխանությունից, առհասարակ, գոհ լինելու առիթ ունի՞։ Ի՞նչ է արել երկրի նախագահը ՀՀ միջին վիճակագրական եւ ոչ հանրապետական քաղաքացու համար, որ թույլ տա Նոր տարվա գիշերը հնարավորինս ոչ մուննաթ դեմքով նայել էկրանին ու լսել նրա շնորհավորանքի խոսքը, այլ ոչ թե փոխել ալիքն ու, ասենք, Պուտինի ուղերձը լսել։ Այս հարցը տվեցինք ՀՀԿ-ական գյումրեցի պատգամավոր Սուքիաս Ավետիսյանին՝ նրան խնդրելով թվարկել 3 դրական քայլ, որ հանուն ժողովրդի կատարել են ՀՀԿ-ն ու Սերժ Սարգսյանը 2016-ին։ Ավետիսյանը մտածեց, մտածեց ու ահա թե ինչ հայտնաբերեց՝ որպես դրական իրադարձություն, պատերազմը, ավելի ճիշտ՝ դրանից «պատվով դուրս գալը»։



«Ուրեմն նախ մենք չմոռանանք, թե ինչ տարի ենք ունեցել, եւ չմոռանանք երբեւիցե արտաքին ազդակների մասին, երբ որ մենք փորձում ենք մեզ համար տարի ամփոփել։ Համենայնդեպս, ամենամեծ ձեռքբերումն այն է, որ մենք պատվով դուրս եկանք՝ ի պատիվ մեր բանակի, մեր ժողովրդի եւ մեր պետության ղեկավարության, քառօրյա պատերազմական գործողություններից։ Իհարկե, ցավոք սրտի, ունեցանք զոհեր։ Որից հետո մենք պետք է ամփոփենք, որ, անկախ տարբեր խնդիրներից եւ արտաքին ազդակներից, մենք, համենայնդեպս, ֆինանսական տարին փակում ենք առանց պարտքերի եւ նաեւ մենք հնարավորություն ունեցանք հաստատելու 2017 թվականի բյուջեն՝ էլի որեւիցե ձեւով սոցիալական ծախսերը չկրճատելով։ Իսկ դրանք ձեռքբերումներ են»,-ասաց նա, հետո հիշեց, որ ձեռքբերումներ շատ կան, այս երեքը չեն, բայց դժվարացավ այդ շատից հետո գոնե մի փոքր մասն էլ թվարկել։



ՀՀԿ-ականի համար ձեռքբերում է նաեւ բյուջեի հաստատումը, որը կառավարության պարտականությունն է, եւ ֆինանսական տարին «առանց պարտքերի» փակելը։ Եվ սա այն դեպքում, երբ Հայաստանն այս տարի միլիոնավոր դոլարների վարկային համաձայնագրեր վավերացրեց՝ զգալիորեն ավելացնելով Հայաստանի արտաքին պետական պարտքը, իսկ վերջին ամենաթարմ վարկերը խորհրդարանն ավելացրեց երեկ՝ 50 եւ 40 միլիոն արժողությամբ։ Բայց մենք չհանձնվեցինք եւ շարունակեցինք Սերժ Սարգսյանի կառավարման մեջ դրական քայլերի փնտրտուքը։



- Դուք առաջինը նշեցիք քառօրյա պատերազմից պատվով դուրս գալը։ Բայց մենք այդ պատերազմում շուրջ 100 զոհ տվեցինք եւ 800 հեկտար տարածք կորցրինք։ Արդյոք սա պատվով դուրս գա՞լ է եւ կարելի՞ է համարել հաջողություն։



- Ուրեմն էսպես ասեմ՝ պետք է համարենք հաջողություն, որովհետեւ այն, ինչ նպատակով որ Ադրբեջանը հարձակում գործեց, իր նպատակները չիրականացան, եւ դրա համար ես համարում եմ, որ՝ այո, մենք պատվով դուրս եկանք, որը նաեւ հնարավորություն տվեց, որ միջազգային բոլոր կառույցներում եւ միջազգային բոլոր հանդիպումների ժամանակ մենք հերթական անգամ ապացուցեինք, որ ագրեսորը ոչ թե Հայաստանն է, այլ Ադրբեջանն է։



- 2016-ը «գլորող» ՀՀ միջին վիճակագրական քաղաքացին ինչո՞վ պետք է շնորհակալ լինի ՀՀԿ-ին եւ Սերժ Սարգսյանին։



- Պետք է շնորհակալ լինի ՀՀԿ-ին եւ Սերժ Սարգսյանին, որ երկրի քաղաքական կայունությունն ապահովել է, երկրի սահմանները պաշտպանված են, եւ այն, ինչ նախատեսվել է աշխատավարձերի, թոշակների, սոցիալական ծախսերի գծով, իրականացվեն։



- Իսկ բարելավվե՞լ է ՀՀ քաղաքացու սոցիալական վիճակը։



- Ուրեմն սոցիալական վիճակի ավելացում՝ որպես էդպիսին, չենք կարող ասել, բայց այն, որ ժողովրդի սոցիալական վիճակը փորձել են այն մակարդակի վրա պահպանել, որ կա, եւ պլյուս դրան՝ հունվարի 1-ից որոշակիորեն բարելավվելու է սոցիալական վիճակը, որովհետեւ գազն էժանանում է, 104 հազար ընտանիքի համար ընդհանրապես այլ գին է լինելու, փետրվարի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինն է էժանանալու․․․ Այսինքն՝ սրանք խնդիրներ են, որոնք 2016 թվականին են իրականացվել, որպեսզի 2017-ին մենք կարողանանք որոշակիորեն մեղմել սոցիալական վիճակը։



- Բայց 2016 թվականը մենք ապրեցինք թանկ գազով, թանկ ջրով ու հոսանքով եւ այլ թանկացումներով։



- Ոչ, մինչեւ 2016 թվականի օգոստոսը, չմոռանանք, որ նորից սոցիալական շատ մեծ խավերի փոխհատուցում էր տրվում էլցանցերի եւ կառավարության միջոցներով, էնպես որ, սա պետք է համարել, որ այո, որպես սոցիալական քաղաքականություն՝ պետությունը շարունակական լուծում է։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ