Գյուղնախարարը մտափոխվել է ու սկսել հանուն գյուղացու բանակցել գործարարների հետ

Գյուղնախարարը մտափոխվել է ու սկսել հանուն գյուղացու բանակցել գործարարների հետ

Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ամփոփիչ ասուլիս տվեց և պատասխանեց լրագրողների հարցերին։ Հիշեցնենք, որ նա ընդամենը երեք ամիս է, ինչ ստանձնել է նախարարի պաշտոնը, իսկ մինչ այդ կոնյակի գործարանի տնօրեն էր։
Նախարարը խոսեց խնդիրներից, ծրագրերից և նրանից, թե ինչ է հասցրել անել նա այս երեք ամսում։ Առաքելյանի խոսքի հիմնական մեխերից մեկն այն էր, որ գյուղատնտեսության նախարարության ուղվածությունը լինելու է ուժեղագույն մասնավոր ընկերությունների հետ պետություն-մասնավոր համագործակցությունը, որը կբերի ոլորտի զարգացմանը։



Անդրադառնալով գյուղացիներին մթերող ընկերությունների ունեցած պարտքերին, մասնավորապես «Վինար» ընկերության, որի համար նախարարությունը դիմել է դատախազություն, նախարարն ասաց․ «Խաղողը մթերվել է, գումարը չի վճարվում։ Եվ կային էդպիսի շատ ընկերություններ, որոնց հետ մենք խոսելով՝ այս երեք ամսվա ընթացքում գրեթե ամբողջ պարտքերը մարվել են։ «Վինարի» հետ մենք պայմանավորվեցինք, որ իր ունեցած սպիրտների համար մենք կգտնենք գնորդ, կֆինանսավորենք էդ գնորդին, որը կգնի էդ առկա սպիրտները, և էդ վաճառված սպիրտի արժեքը կվճարվի գյուղացիներին։ Ի սկզբանե ասել եմ՝ դա գյուղնախարարության գործը չի, գյուղացիների և գործարարների գործն է։ Բայց քանի որ խոսք ենք տվել, որ անբարեխիղճ վերամշակողները, գործարարները չեն կարող մնալ անպատիժ, ուստի գյուղնախարարությունը դիմեց դատախազություն»։



Hraparak.am-ը հիշեցրեց, որ երբ նոր էր նշանակվել, բողոքի ցույցի ելած խաղողագործներին ասել է, որ ինքը չի գնալու գործարարին ասի՝ բերի պարտքերը վճարի, հիմա մտափոխվե՞լ է, որ ոոշել է բանակցել գործարարների հետ՝ ի շահ գյուղացու։ «Որովհետև խոսք էի տվել, որ պետք է օգնեմ գյուղացիներին։ Ես համարում եմ, որ այսօր գյուղատնտեսության նախարարությունը պետք է առաջին հերթն լինի գյուղացու կողքին և ապահովի իր ֆինանսակամ ռեսուրսների վերադարձելիությունը, և, իհարկե, մթերողների հետ էլ համագործակցենք արդեն որպես բիզնեսի ներկայացուցիչներ, որպեսզի մենք կարողանանք եկուստեք էդ հարցը լուծենք»,-բացատրեց Իգնատի Առաքելյանը։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ