Ցուցահանդես-մրցո՞ւյթ, թե՞ պիլոտային ծրագրի փորձարկում

Ցուցահանդես-մրցո՞ւյթ, թե՞ պիլոտային ծրագրի փորձարկում

Մշակույթի նախարարությունը սիրո եւ երիտասարդների արագահաս բարեխոս Սուրբ Սարգսի տոնին նվիրված փառատոնի շրջանակում հայտարարել է Երիտասարդ ստեղծագործողների թեմատիկ ցուցահանդես-մրցույթ, որին կարող են մասնակցել մինչեւ 35 տարեկան ստեղծագործողները, միաժամանակ սահմանելով նաեւ դրամական մրցանակներ ամեն անվանակարգում՝ 50, 100, 150 հազար դրամի չափով։ 



Բայց եթե ի սկզբանե մրցույթը հայտարարված էր 4 անվանակարգերում, ապա նախօրեին նախարարությունը փոխել է մրցույթի կարգը, հանելով քանդակի եւ դեկորատիվ-կիրառական արվեստի անվանակարգերը եւ թողնելով միայն գեղանկարի եւ գրաֆիկայի անվանակարգերը: Փոփոխվել է նաեւ մրցույթի ձեւաչափը, մասնակիցներն իրենց աշխատանքներն ուղարկելու փոխարեն պետք է փետրվարի 7-ից 3 օր շարունակ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ճեմասրահում ստեղծեն իրենց գործերը, որից հետո մասնագիտական հանձնախումբը կամփոփի մրցույթի արդյունքները։



Մրցույթի մասին հայտարարությունը մեծ արձագանք գտավ նախարարության ֆեյսբուքյան էջում, 200-ից ավելի օգտատեր կիսվել էր այդ հայտարարությամբ, երիտասարդները ոգեւորված էին, բայց ամեն ինչ հօդս ցնդեց՝ տեղի տալով հիասթափությունների ու դժգոհությունների, երբ փոխվեց մրցույթի կարգը։ Հարց է առաջանում․ մրցույթի մասնակցության ձեւը փոփոխելով՝ մշակույթի նախարարությունը քննությո՞ւն է կազմակերպում, թե՞ շոու։



Նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Արմենուհի Ղազարյանից հետաքրքրվեցինք, թե ինչու են մրցույթի պայմանները փոխվել։ Նա նշեց, որ մասնագետների առաջարկով որոշել են, որ պետք է տեղում նկարվեն կտավները, իսկ քանի որ 3 օրում հնարավոր չէ տեղում քանդակ եւ դեկորատիվ արվեստ ներկայացնել, դրա համար որոշել են, որ մրցույթը լինի միայն նկարչական՝ գրաֆիկայի եւ գեղանկարի ուղղությամբ։



Մեր այն դիտարկմանը, որ նախարարությունը հաշվի չի՞ առել մարզային ստեղծագործողների ճանապարհի, կացության, գիշերակացի խնդիրները եւ դրանով ավելորդ շոուի էլեմենտ չի՞ մտցնում այնտեղ, որտեղ պետք է պրոֆեսիոնալիզմ ցուցադրել, Ղազարյանը պատասխանեց. «Ոչ, հիմնական մրցույթի նպատակն այն է, որ իրենք ստեղծագործեն հենց տեղում՝ 3 օրվա ընթացքում, մեկը կարող է 3 ժամում դա անել, մյուսը՝ 3 օրում, բայց տեղում ստեղծեն այդ կտավները»։



Թե ինչ մասնագետներ են ընդգրկված այն խմբում, որոնք փոփոխել են կարգը, Արմենուհի Ղազարյանն ասաց. «Քանի որ սա երիտասարդական մրցույթ է, դասավանդող մասնագետների հետ ընդհանուր քննարկում է եղել, եւ նպատակահարմարությունն այդպես է ընդունվել, որ այս կարգով անցկացվի։ Սա համարյա թե աննախադեպ, հետաքրքիր բան է, այս անգամ փորձենք այսպես եւ տեսնենք, թե ինչ է իրենից ներկայացնում։ Յուրաքանչյուր միջոցառում կարծես պիլոտային է արվում՝ տեսնելու համար, թե որն ինչ արդյունք է տալիս, հիմա փորձենք այս անգամ այս ձեւով իրականացնել»։



Սուրբ Սարգսին նվիրված փառատոնը 3 բաղադրիչ մասերից է բաղկացած՝ թատրոն, կերպարվեստ եւ երաժշտական մաս, փառատոնի կազմակերպիչն ու համադրողը Հայաստանի պետական ֆիլհարմոնիան է։



Ղազարյանը նույնպես տեղյակ է եւ հետեւում է այն բոլոր քննադատություններին, որ այս օրերին նախարարության էջում թողնում են երիտասարդ ստեղծագործողները, ասում է՝ ամեն մի նոր ձեռնարկ պետք է քննադատվի, քննարկվի, որպեսզի վերջում գան ավելի արդյունավետ արդյունքի. «Բա ի՞նչ եք կարծում, այն էլ մշակույթը ո՞նց կարող է չքննարկվի ու չքննադատվի։ Մենք պետք է հետեւենք քննադատություններին, որպեսզի հասնենք լավ արդյունքի»։ Այդ դեպքում գուցե, հետեւելով քննադատություններին, փոխե՞ն մրցույթի կարգը՝ ավելորդ անհարմարություններ չպատճառելով ստեղծագործողներին, որոնք իրենց հաշվին պետք է նաեւ հոգան աշխատանքային նյութերը։ Արմենուհի Ղազարյանը, սակայն, առաջարկում է պայմաններից դժգոհողներին հարցը քննարկել կազմակերպիչների հետ, եթե խնդիր տեսնեն դրա մեջ, կքննարկեն ու միգուցե հարցին լուծում տան։



Սոնա ԱԴԱՄՅԱՆ