Կարայանի գալով՝ Մինասյանի «ցուցակները» փոզմիշ եղան

Կարայանի գալով՝ Մինասյանի «ցուցակները» փոզմիշ եղան

Հիշո՞ւմ եք՝ Արծվիկ Մինասյանը, երբ կարճ ժամանակով էկոնոմիկայի նախարար էր, մեծ ոգեւորությամբ եւ էնտուզիազմով որոշել էր պայքարել մոնոպոլիաների դեմ։ Նրա ոգեւորությունն այնքան մեծ էր, որ նախարար նշանակվելուց հետո լծվեց մի չտեսնված ռազմահայրենասիրական գործի։ «Ռոմանտիկ եւ դյուրահավատ» նախարարը մի օր ելավ ու խրոխտ ոճով հայտարարեց, որ հայտնաբերելու է Հայաստանում մոնոպոլ, գերիշխող դիրք ունեցող ընկերություններին ու դրանց հետեւում կանգնած անհատներին, ցուցակ է կազմելու եւ անուն առ անուն հրապարակելու է երկրի գլխավոր մոնոպոլիստների ցանկը։ Մինասյանի այս շատ անկեղծ ու հայրենասիրական որոշումը հասարակությունը ողջունեց, դե, մամուլն էլ, ոգեւորված նրա այդ հայտարարությունից, պարբերաբար հիշեցնում էր, թե ինչ եղավ ցուցակը՝ անհամբեր սպասելով պատասխանի։



«Միամիտ» նախարարը երեւի դեռ գլխի չէր ընկել, որ այս իշխանությունների օրոք նման ամբիցիոզ «գյուտերը» երբեք չեն պատենտավորվում եւ կյանքի չեն կոչվում։ Եվ երբ նա այդ մասին գլխի ընկավ, կամ գուցե գլխի գցեցին, արդեն ուշ էր, մամուլն անընդհատ հիշեցնում ու սպասում էր ցուցակի հրապարակմանը՝ հույսով, որ այնտեղ անուններ կհնչեցվեն։ Եվ Արծվիկ Մինասյանը, արդեն կոտրված ոգեւորությամբ, սկսեց մանեւրել, թե «ինքն անձերի հետ խնդիր չունի, իր համար երեւույթն է կարեւոր» եւ այլն։ Արդյունքում՝ սկսեցին հիասթափվել պատգամավորական մանդատը նախարարական պորտֆելով փոխարինած Մինասյանից, ով պատգամավոր ժամանակ մամուլի եւ հասարակության սիրելին էր, համարձակ ելույթներ էր ունենում եւ որեւէ օլիգարխից վախեցած չէր։



Փաստորեն, Մինասյանը չհամարձակվեց կամ չթողեցին, որ համարձակվի ու տա, օրինակ, Սամվել Ալեքսանյանի, Միհրան Պողոսյանի կամ այլ «գերիշխողների» անունները, որոնք գուցե պետք է բացահայտվեին նրա աշխատանքի արդյունքում։ Կարճ ժամանակ անց Մինասյանը թողեց էկոնոմիկայի, ասել է թե՝ մոնոպոլիաների դեմ պայքարի կամ պայքարելու ցանկություն ունեցող նախարարի պաշտոնն ու տեղափոխվեց բնապահպանության նախարարություն։ Նրա կաբինետն այժմ զբաղեցնում է Սուրեն Կարայանը, իսկ նախարարությունն էլ, պահպանելով իր գործառույթները, ստացել է նոր անվանում՝ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարություն։ Կարայանը, ի տարբերություն Մինասյանի, կառավարությունում, ինչպես ասում են, «հին գել է»։ Նա նման գրանդիոզ մտքերով եւ հավակնոտ ծրագրերով հանդես չի գալիս, որոնք կարող են իրեն պայքարի մղել հայտնի օլիգարխների դեմ եւ հայտնվել մամուլի եւ հասարակության ուշադրության կենտրոնում։ Նա էն գլխից էր թերեւս «բիթի», որ Հայաստանում իմաստ չունի անդարդ գլուխը ցավի տակ դնել՝ «հանուն հայրենիքի», մոնոպոլիստ օլիգարխների դեմ անպտուղ պայքար մղելով։ Դրա համար էլ նա Մինասյանի ցուցակների հանդեպ շատ անտարբեր գտնվեց։ Ավելին, երեկ, երբ հարցրինք, թե ինքը շարունակելո՞ւ է Արծվիկ Մինասյանի սկսած գործը, պարզվեց՝ տեղյակ չէ, թե ինչի մասին է խոսքը։ Ավելի ճիշտ՝ ձեռնտու չէր տեղյակ լինելը։



«Ես մեկ անգամ եւս նշել եմ, որ Հայաստանի տնտեսությունում ներկայումս կան գերիշխող դիրք գրավող կազմակերպություններ, որը որ բնական է՝ հաշվի առնելով, որ մեր տնտեսությունը փոքր է։ Բայց մոնոպոլ՝ դա միայն բնական կամ հանրային ծառայությունների մասով է»,-բուն հարցը շրջանցելով՝ նախարարը փորձեց բնական համարել մոնոպոլիաների գոյությունը մեր երկրում։ Ճշգրտեցինք՝ խոսքն Արծվիկ Մինասյանի հայտարարած ցուցակի մասին է։ «Ես կճշտեմ պարոն Մինասյանից, թե որ ցուցակի մասին է խոսքը»։



- Դուք տեղյակ չեք, փաստորեն։ Բայց մամուլում շատ գրվեց այդ մասին, ինքն էլ հրապարակավ հայտարարեց։ Դուք չգիտե՞ք, չի՞ փոխանցել այդ «ժառանգությունը» Ձեզ։



- Ես կխոսեմ պարոն Մինասյանի հետ, եթե պետք է՝ կհրապարակենք։



- Այսինքն՝ Դուք այս պահին չեք աշխատում այդ ուղղությամբ՝ մոնոպոլ դիրք գրավողներին բացահայտելու, ճշտելու։



- Ճշտված է, բացահայտված է, եւ դա ոչ թե մենք ենք իրականացնում, այլ դրա համար կա հատուկ ստեղծված պետական հանձնաժողով (նկատի ունի ՏՄՊՊՀ-ն)։



- Բայց պարոն Մինասյանը որոշել էր իրականացնել, հատուկ առաքելություն էր ստանձնել։



- Դիմեք պարոն Մինասյանին։



ՀԳ․ Փաստորեն, այսպիսով կարելի է համարել, որ Արծվիկ Մինասյանի այդ գրանդիոզ ծրագիրը տապալվեց, «փոզմիշ» եղավ։ Իսկ մենք միամտաբար դեռ հույսեր էինք փայփայում, որ վերջապես իշխանությունները քաղաքական կամք կդրսեւորեն եւ հերիք չէ՝ պաշտոնապես կհրապարակեն Սամվել Ալեքսանյանի, Միհրան Պողոսյանի, Բարսեղ Բեգլարյանի եւ այլոց անունները՝ որպես երկրի թիվ մեկ մոնոպոլիստների, այլեւ անգամ կփորձեն պայքարել նրանց դեմ։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ