Կարծում եմ՝ թատրոնում իմ 45 տարվա աշխատանքն ինչ-որ բան ցույց է տվել

Կարծում եմ՝ թատրոնում իմ 45 տարվա աշխատանքն ինչ-որ բան ցույց է տվել

Հարցազրույց դերասան, բեմադրիչ Վիգեն Ստեփանյանի hետ



- Պարոն Ստեփանյան, լինելով դերասան, բեմադրիչ, նաեւ սցենարիստ, 2 տարի է արդեն՝ գործազուրկի կարգավիճակում եք, ո՞րն է պատճառը, ինչո՞վ եք հիմա զբաղված։



- Ես դժվար թե պատասխանեմ այդ հարցին, ինքս ինձ փորձում եմ համոզել, որ դեռ կարող եմ ինչ-որ բան անել ու կարծես թե առիթ չունեմ դրանում կասկածելու։ Առաջարկներ չունեմ։ Շատ շնորհակալ եմ Արման Չիլինգարյանին եւ ԱՐ հեռուստաընկերությանը, որոնք հրավիրեցին ինձ վարելու «Պարզ ճշմարտություններ» հաղորդումը, որը եւ զբաղմունք է, եւ աշխատանք, եւ նյութական օժանդակություն։ Դրանից բացի, Թատերական ինստիտուտում ղեկավարում եմ ռեժիսորական կուրսի հեռակա բաժինը։ Սա է այսօր իմ գործունեության շրջանակը։ Երեւի ես էլ եմ ինչ-որ տեղ սխալ, բայց ես չեմ կարող ինքս ինձ առաջարկներ անել։ Կարծում եմ՝ թատրոնում իմ 45 տարվա աշխատանքն ինչ-որ բան ցույց է տվել։



- Դուք բեմադրություններ եք արել գրեթե բոլոր թատրոններում, վերջին հրավերը՝ 2014-ին, օպերային թատրոնից էր, աշխատել եք գլխավոր ռեժիսոր, բայց երկար չմնացիք այնտեղ, ո՞րն էր խնդիրը։



- Ուղղակի պարզվեց, որ ես ռեժիսորական կառավարման պատասխանատուն եմ, ճիշտն ասած՝ այսօր էլ ինձ համար մի քիչ անհասկանալի է այդ պաշտոնը, բայց երբ մի քիչ բացահայտեցինք այդ պաշտոնի էությունը, հասկացանք, որ դա արվեստի հետ կապ չունեցող գործ է, դա ավելի շատ կազմակերպչական աշխատանք էր։ Իսկ ներկայացում բեմադրելուց հետո գնալ եւ ղեկավարել նման բան, ինձ անհետաքրքիր է։ Երբ ինձ բացատրեցին, որ ես դժվար թե ներկայացում անեմ, դա դեռ հնարավոր չէ, ես թողեցի թատրոնն ու դուրս եկա, որովհետեւ միայն աշխատավարձ ստանալն ինձ համար հետաքրքիր չէ։



- Երկար ժամանակ աշխատել եք նաեւ Համազգային թատրոնում, բեմադրություններ եք արել, ինչո՞ւ հիմա այնտեղ այլեւս բեմադրություններ չեք անում։



-Համազգային թատրոնում հարաբերությունները մի քիչ փչացան, եւ ես չէի նախաձեռնողն այդ հարաբերությունների փչացման գործում։ Այնտեղ ես բեմադրել եմ 3 ներկայացում, որոնցից 2-ը մինչեւ այսօր գնում են։ Ցավոք, ղեկավարությունը որոշեց, որ ես այլեւս այնտեղ չեմ կարող մնալ։ Չեմ կարծում, թե ես պետք է ընկնեի պարզաբանումների մեջ։ 



- Ես տեղյակ եմ նաեւ, որ Սոս Սարգսյանի մահից հետո, 2-3 տարի առաջ, Ձեզ առաջարկել էին դառնալ թատրոնի գեղղեկավարը, բայց Դուք մերժել էիք։



- Գիտեք, ինձ համար կան բարոյական նորմեր... ինձ դա առաջարկեցին, բայց ես ասացի՝ քանի կա թատրոնի հիմնադիր՝ Հրաչյա Գասպարյանը, որը նաեւ գլխավոր ռեժիսորն է, նրա անձի «վրայով անցնելը» տգեղ է, զուտ բարոյական տեսանկյունից։ Հրաչը, լինելով թատրոնի գլխավոր ռեժիսորը, ինձ երբեք չի ասել՝ դու այսպես պետք է անես կամ այնպես, ուստի ես էլ իրավունք չունեմ նրան ուղղություններ տալու․ սա ուղղակի կոռեկտ լինելու հարց է։ Եվ ես նրանց ասացի՝ դիմեք Հրաչյա Գասպարյանին, որովհետեւ նա թատրոնի հիմնադիրն է՝ Սոս Սարգսյանի հետ միասին։



- Դեկտեմբերի վերջին Վիգեն Չալդրանյանը նշանակվեց Համազգային թատրոնի գեղղեկավար, ինչն անակնկալ էր շատերի համար, այդ թվում՝ կոլեկտիվի մի մասի։ Ինչպե՞ս եք մեկնաբանում այդ նշանակումը, երբ թատրոնում կա գլխավոր ռեժիսոր, թատրոնի համահիմնադիր։



- Նախ, ինչ վերաբերում է Վիգենին, նա իմ լավ բարեկամն է, որին ճանաչում եմ շատ տարիներ, եւ, իհարկե, նա ունի իր տեղը հայ արվեստում, հատկապես՝ կինոյում։ Վիգենը, անշուշտ, կարող է աշխատել թատրոնի գեղղեկավար, ուրիշ հարց, որ դրա բարոյական նորմերն ահավոր ձեւով խախտվել են թե Հրաչյա Գասպարյանի, թե թատերախմբի նկատմամբ, որոնց հետ չի քննարկվել այդ հարցը։ Իմ մոտեցումը սա է, ու չեմ ուզում քննարկել՝ ճիշտ է, թե սխալ, եթե Արմեն Ամիրյանը գտել է, որ դա ճիշտ է, կարծում եմ՝ համապատասխան քննարկումներից հետո այդ որոշումը կարող էր լավ արդյունք տալ, սակայն, մյուս կողմից, ինչո՞ւ Հրաչը 2 տարի ոչինչ չի բեմադրել, երբեք չի կարելի միակողմանի հարցին նայել։ Եթե դու թատրոնի գլխավոր ռեժիսորն ես եւ թատրոնի համահիմնադիրը, նա իրավունք չուներ իշխանությունը եւ տնօրինությունը հանձնելու մի այլ մարդու, որը եղել է իր ուսանողը։ Ինքը պետք է վերցներ դա իր բռունցքի մեջ եւ թատրոնը տաներ այն ճանապարհով, որով տանում էր Սոս Սարգսյանը։ Ինչպես տեսանք, դա չկատարվեց, եւ ես չեմ կարող մեղադրել տնօրինությանը, որ հարց բարձրացրեց թատրոնի գեղարվեստական ղեկավար նշանակելու մասին։



- Տարիներ առաջ մենք ականատես եղանք նրան, որ բոլոր թատրոններից հանեցին գեղղեկավարի հաստիքը, իսկ վերջին մեկ տարում նորից դրանք ներմուծվում են՝ Սունդուկյանից սկսած, մինչեւ Համազգային թատրոն, իսկ Օպերայում էլ, գեղղեկավարից բացի, նաեւ ավելացվեց գլխավոր պրոդյուսերի հաստիքը։ Ինչպե՞ս է ստացվում, որ մի քանի տարի առաջ այդ հաստիքներն ավելորդ էին, իսկ հիմա՝ ոչ։



- Նախ ասեմ, երբ դեռ ինձ այդ տարօրինակ պաշտոնին նշանակեցին Օպերայում, ինձ կողքից ասացին, որ սա են տալիս, որովհետեւ գլխավոր ռեժիսորի պաշտոնը կրճատվել է, հետո ես արդեն չզարմացա, երբ կրճատվեց գլխավոր դիրիժորի պաշտոնը, ինչը նոնսենս է, բայց ո՞նց կարող է թատրոնում գոյություն չունենալ գլխավոր ռեժիսորի պաշտոն։ Բայց, ի տարբերություն ռեժիսորի, գեղարվեստական ղեկավարը կարող է անգամ բեմադրություն չանել, բայց նա է որոշում թատրոնի դեմքը, նրա գեղագիտական առանձնահատկությունները։ Թատրոնները պետք է իրար նման չլինեն, որպեսզի ես ընտրության հնարավորություն ունենամ։ Իհարկե, դա կարեւորագույն որոշումներից մեկն էր, որովհետեւ տնօրինական թատրոնը, որը, ըստ իս, ղեկավարում են տնօրենները, երբեմն շատ հեռու է արվեստից, որոնք իրենց առջեւ նախեւառաջ դնում են ֆինանսական եկամուտ ապահովելու հարցը եւ կամաց-կամաց բերում են նրան, որ թատրոնները դառնում են իրար նման, կարեւորը՝ լավ ծիծաղեցնեն ու հանդիսատես հավաքեն։



- Կարելի՞ է ասել, որ այս տարիների ընթացքում թատրոնները կորցրին իրենց դեմքը, քանի որ զրկվեցին գեղարվեստական ղեկավարներից։



- Գիտեք, խելացի մարդիկ, որոնք գեղղեկավար էին, իրենք իրենց դարձրին տնօրեն, նույն Արա Երնջակյանը կամ Ռուբեն Բաբայանը, բայց ինչ-որ թատրոններ, իհարկե, տուժեցին, չնայած, եթե ստանան նոր ավյուն, եռանդ, ոգեւորություն, թատրոնը կվերականգնվի։ Մեծ հույսեր եմ կապում Արմեն Էլբակյանի հետ, որովհետեւ Սունդուկյան թատրոնն իրոք եղել է առաջատարը, եւ մեր լավագույն դերասաններն այնտեղ են աշխատել։ Խոսքը նաեւ նրա մասին է, որ պրոդյուսերը թատրոնում անհրաժեշտ է, որովհետեւ ներկայացման լավ «փաթեթավորումը», գովազդի ապահովումը, կապեր ստեղծելը, փառատոներից մրցանակներ բերելը գեղղեկավարը թերեւս եւ չանի՝ չունենա այդ լծակները։ Վերջերս մեր Օպերայում «Տոսկան» նայեցի ու շատ ոգեւորվեցի, հրաշալի լուծումներ կային, վիճելի կտորներ էլ կային, բայց, այդ ամենից բացի, պետք է նաեւ այդ ներկայացումը լավ վաճառել։ Ասել, որ մենք արեցինք, եկեք ու նայեք, շատ քիչ է։ Մենք հիմա մեծ կոնֆլիկտ ունենք նաեւ թատրոն-հանդիսատես օղակում, որովհետեւ հանդիսատեսին սովորեցրինք սերիալներին, տարբեր տեսակի հա-հա, հի-հի շոուների, որը կարելի է նայել տանը, հեռուստացույցի առաջ նստած, սուրճ խմելով, տնային մաշիկներով։ Իսկ ես հիշում եմ, երբ ծնողներս գնում էին թատրոն, դա արարողություն էր։



- Դեկտեմբերին Արցախում նախագահը հանդիպեց մտավորականների հետ, հնչեցին տարբեր հարցուպատասխաններ, ինչի մասին շատ գրվեց, Դուք ի՞նչ տպավորություն եք ստացել այդ հանդիպումից։



- Նախ բավականության զգացում ապրեցի, որ նախագահն ուզեց լսել արվեստագետներին, ուրիշ հարց, թե ով ինչ ասաց եւ ինչպես ներկայացավ, բայց կինոռեժիսոր Մհեր Մկրտչյանը շատ ճիշտ հարցադրում բարձրացրեց սերիալների մասին, պատասխանն էլ վատը չէր՝ ստեղծեք արժեքավորը։ Բարի, մենք կստեղծենք, բայց հանդիսատեսին պետք է դաստիարակել, քանի տարի է՝ խոսում են հեռուստաթատրոնի մասին, հիմա «Արարատը» հին ներկայացումներն է ցույց տալիս, որն ամեն առումներով արդեն ուշացած գործ է, բայց ո՞վ է մեզ խանգարում հիմա ունենալ մի հեռուստաթատրոն, հաստատ դրա ծախսերը սերիալներից քիչ են։



- Պարոն Ստեփանյան, մի քանի ամիս է արդեն՝ նոր մշակույթի նախարար ունենք, որը փորձում է բարեփոխումներ մտցնել բոլոր ոլորտներում, ի՞նչ եք կարծում՝ հնարավո՞ր է մշակութային լուրջ տեղաշարժ արձանագրել, երբ ապրում ենք հակամշակութային ժամանակներում։



- Եթե չքայլես՝ ճամփան չես տեսնի, եթե սխալներ չգործես, չես իմանա, թե ճիշտը որն է։ Ամիրյանին ճանաչում եմ վաղուց, որպես քաղաքացի՝ պարկեշտ, բարի, ազնիվ մարդու տպավորություն է թողել։ Իհարկե, ամեն ինչ միանգամից չի փոխվի, շատ դժվար է տարիներով կարծրացած ու աթոռներին նստած այդ մարդկանց տեղաշարժել, բայց ամեն դեպքում Արմենին պետք է պինդ թիմ, որ կարողանա ոչ միայն պայքարել, այլ նաեւ ապացուցել ու արդարացնել իրենց հաղթանակը։ Մշակույթն անպայման պետք է կարողանա արդարացնել իր գոյությունը, 2 կարծիք չկա, ես երբեք չէի ասի՝ վերցրեք միլիոնները, ծախսեք, իսկ եկամուտ կգա՝ կգա, չէ՝ չէ։ Ստացած գումարի համար արվեստագետը պետք է կրի նաեւ պատասխանատվություն, որ նա, համապատասխան իր ստացածին, ստեղծեց մի արժանի գործ։



- Արմեն Ամիրյանից որեւէ գործնական առաջարկ չե՞ք ստացել։



- Արմենն ամեն ինչից տեղյակ է, նա խոսել է ինձ հետ, ասել է, որ անպայման կունենա առաջարկներ ինձ, կհանդիպենք՝ կխոսենք, բայց դեռ հանդիպում չի եղել, իսկ ես էլ չեմ ուզում իրեն անհանգստացնել, որովհետեւ հասկանում եմ, թե ինչ ծավալի աշխատանք է իր առջեւ կանգնած։



- Իսկ ֆիլմերում նկարահանվելու առաջարկ չե՞ք ստացել, թե՞ շատ խստապահանջ եք դրանց ընտրության հարցում։



- Վերջերս ստացա սերիալում նկարահանվելու մի առաջարկ, շատ հետաքրքիր հանդիպում էր, առաջին հարցս այն էր, թե ինչի մասին է, ինչին ռեժիսորն այսպես պատասխանեց՝ Պողոսի եւ Սաթիկի․ անունները, իհարկե, պայմանականորեն նշեցի։ Դրանից հետո ասացի՝ շնորհակալ եմ, այլեւս հարցեր չունեմ, լավ եղեք։ Բայց եթե դու գործ ես սկսում, ի՞նչ ես ուզում դրանով ասել, ասելիքդ ո՞րն է, որ ուզում ես տեղ հասցնել հանդիսատեսին։ Ես իրոք խստապահանջ եմ, եւ նյութական հարցերն ինձ քիչ են հետաքրքրել։ Վերջին տարում միայն 6-7 առաջարկ մերժել եմ, ինձ համար կարեւոր էլ չէ՝ գլխավոր դեր է դա, թե ոչ, կարեւորը՝ անելիք ունենամ։



Սոնա ԱԴԱՄՅԱՆ