Ազգովի ընկնենք Բարսեղ Թումանյանի ոտքերը, որ վերադառնա Հայաստան

Ազգովի ընկնենք Բարսեղ Թումանյանի ոտքերը, որ վերադառնա Հայաստան

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի արդեն նախկին տնօրեն Անդրանիկ Արզումանյանը կաշխատի որպես մշակույթի նախարարի խորհրդական։ Մինչեւ տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ հայտարարելը, որը սահմանված կարգի համաձայն պետք է արվի մինչեւ 6 ամսվա ընթացքում, տնօրենի եւ գեղարվեստական ղեկավարի պաշտոնները կհամատեղի Կոնստանտին Օրբելյանը: Այդ մասին երեկ օպերային թատրոնում՝ կոլեկտիվի առաջ, հայտարարել է մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը՝ նշելով, որ ինքն է խնդրել Արզումանյանին տեղափոխվել նախարարություն, ինչը մեզ հետ զրույցում նախօրեին հաստատել էր նաեւ Արզումանյանը։ 



Ինչ վերաբերում է թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանին, ով այս ընթացքում ստանձնելու է նաեւ տնօրենի պաշտոնը, Ամիրյանը մասնավորապես նկատել է․ «Իմ խորին համոզմամբ, այս պահին պատասխանատվությունը պետք է կրի մեկ մարդ՝ ե՛ւ գեղարվեստական առումով, ե՛ւ կառավարչական: Մաեստրո Օրբելյանը սիրահոժար ընդունեց, եւ մենք միասին ծրագրել ենք շատ մեծ, կարելի է ասել՝ ամբիցիոզ նախագծեր, որոնք փորձելու ենք իրականացնել 2017-ի ընթացքում: Նախատեսում ենք ե՛ւ ստեղծագործական, ե՛ւ կառուցվածքային մի շարք վերանայումներ: Մենք ուզում ենք ստեղծել ոչ թե այսօրվա, այլ վաղվա օպերային թատրոնը: Ինչպես դա կստացվի, ցույց կտա ժամանակը, բայց ես մեծ ուրախությամբ եմ ստորագրել այս հրամանը՝ վստահելով մաեստրո Օրբելյանին ոչ միայն գեղարվեստական ղեկավարի, այլեւ տնօրենի պարտականությունները... Մինչեւ տարվա առաջին կիսամյակի ավարտը մենք պետք է ունենանք Հայաստանի Հանրապետությանն արժանի, աշխարհի օպերային թատրոնների հետ համահավասար քայլող թատրոնի տեսլականը»:



Տնօրենի ժամանակավոր պարտականություններն ստանձնած Կոնստանտին Օրբելյանն էլ իր խոսքում նկատել է, որ փորձելու է յուրաքանչյուրին ճանաչել անձամբ, պահպանել այնպիսի մթնոլորտ, որպեսզի մարդիկ աշխատանքի գան գերագույն հաճույքով ու հպարտանան մեր թատրոնով:



Նկատենք միայն, որ այս ընթացքում, ինչպես նաեւ վերջին մեկ տարում շատ էր խոսվում, որ օպերայի տնօրենի պաշտոնում նշանակվելու է մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը։ Դեռ 3 տարի առաջ՝ թատրոնի տնօրենի ընտրությունների ժամանակ պարզ էր, որ Անդրանիկ Արզումանյանը ժամանակավոր մարդ է՝ Հասմիկ Պողոսյանի եւ Արմեն Սմբատյանի կողմից դրածո թեկնածու, ում անունը մինչեւ վերջ գաղտնի էին պահում։ Հիշեցնենք, որ 3 տարի առաջ տնօրենի պաշտոնի համար հայտ էին ներկայացրել 9 հոգի՝ կոմիտասագետ Արթուր Շահնազարյանը, կոմպոզիտոր Երվանդ Երկանյանը, Ա. Բաբաջանյանի անվան համերգասրահի տնօրեն Գագիկ Մանասյանը, օպերային երգիչ Բարսեղ Թումանյանը, պատկերասրահի ներկայիս տնօրեն Արման Ծատուրյանը։
Ինչ վերաբերում է Հասմիկ Պողոսյանին, ապա մեզ ասացին, որ նա դեռ չի շտապում գնալ օպերային թատրոն, նախագահին խնդրել է, որ իրեն դեսպան նշանակի Իտալիայում, որտեղ ապրում է որդին՝ ընտանյոք հանդերձ։ Սակայն Իտալիայում դեսպան նշանակվելու շանսերը փոքր են, բացառված չէ, որ նա դեսպանի կարգավիճակ ստանա ԱՊՀ երկրներից մեկում՝ մի շարք երկրներում նոր դեսպանատներ են բացվում։



Թե ինչ վերադասավորումներ կարվեն այս 6 ամիսների ընթացքում, կվերադառնա Հասմիկ Պողոսյանը, թե ոչ՝ դժվար է կանխատեսել։ Մյուս կողմից էլ՝ Կոնստանտին Օրբելյանն ի զորու կլինի՞ համատեղել տնօրենի եւ գեղարվեստական ղեկավարի պարտականությունները, թե՞ կշարունակի դիստանցիոն կառավարումը, ինչպես արել է մինչ օրս։



Բաբաջանյանի անվան համերգասրահի տնօրեն Գագիկ Մանասյանը, ով, ի դեպ, նախորդ ընտրություններում Անդրանիկ Արզումանյանի հետ հաղթող էր ճանաչվել մրցույթում, բայց Հասմիկ Պողոսյանը հրամանագրել էր Արզումանյանին, մեզ հետ զրույցում նշեց, որ տնօրենի եւ գեղղեկավարի պարտականությունները չի կարելի համատեղել, դրանք տարբեր աշխատանքներ են․ «Օպերային թատրոնի տնօրենը եթե 24 ժամ էլ աշխատի, միեւնույն է՝ այդտեղ աշխատելու բան կա։ Օրբելյանը պուլտով է աշխատում, ես չեմ կարծում, որ դա ճիշտ որոշում է, բայց միեւնույն ժամանակ ուզում եմ նշել, որ դա ժամանակավոր է, հետագայում գուցե Հասմիկ Պողոսյանը վերադառնա կամ նման մի բան... բայց, իմ համոզմամբ, տնօրենի եւ գեղարվեստական ղեկավարի պարտականություններն այնքան տարբեր բաներ են իրարից, որ նույն մարդը չի կարող եւ նա անել, եւ նա։ Ես մտածում եմ, որ պետք է հետ բերել Կարեն Դուրգարյանին եւ խնդրել, ազգովի ընկնել Բարսեղ Թումանյանի ոտքերը, որ նա վերադառնա Հայաստան։ Բարսեղը հիմա Աստանայում նշանակվել է Աստանայի օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ 6 ամիս անընդմեջ ունի հյուրախաղեր, ապահովված է ամեն ինչով, եւ, կարծում եմ, չի գա, որովհետեւ վիրավորված է։ Բայց ես տեսնում եմ այդ 2 մարդկանց վերադարձը։ Եթե ուզում ենք լավ օպերային թատրոն ունենալ, աշխարհում լավ երգիչներ ունենք, պետք է հավաքել բոլորին մի տեղ ու համատեղ ուժերով փորձենք փրկել օպերայի ներկա վիճակը»։



Վերջին 2-3 տարում բազմաթիվ փոփոխություններ եղան օպերային թատրոնում, որքանո՞վ էր դա արդարացված։ «Ընդհանրապես սխալ է, մարդիկ իրենց տեղում պետք է լինեն, օպերան ամենաբարդ ժանրն է, եւ այնտեղ հաստատուն մարդիկ պետք է լինեն։ Մարդը երկարաժամկետ ծրագրեր պետք է ունենա եւ հնարավորություն, որպեսզի իրականացնի դրանք։ Օպերան շատ դժվար բնագավառ է, եւ ես դեմ եմ այդպիսի փոփոխություններին»։



Անդրադառնալով Անդրանիկ Արզումանյանի անձին, նա նշեց, որ հիացած է նրա մարդ տեսակով, բայց. «Իր կազմակերպչական աշխատանքների մասին, անկեղծ ասած, կարծիք չեմ կարող հայտնել, իմ համար շատ տարօրինակ էր, որ կար տնօրեն, մեկ էլ տանում են՝ գլխավոր պրոդյուսեր են նշանակում։ Գլխավոր պրոդյուսերը հենց տնօրենն է, այսինքն՝ աշխատանքային իր հնարավորությունները քիչ-քիչ ձեռքից վերցրին, դրանից հասկացա, որ նա թույլ ղեկավար էր»։



Մանասյանից հետաքրքրվեցինք, հնարավո՞ր է այս անգամ էլ մասնակցի մրցույթի։ «Չեմ կարծում, եթե իրենք ինձ չկանչեն, ես չեմ գնա․․․ մեկ է, եթե դու դնես, բայց նախնական համաձայնություն չտան, քեզ չեն նշանակելու, կարիք կա՞ մի անգամ եւս ընկնել նման պատմությունների մեջ»։



Սոնա ԱԴԱՄՅԱՆ