Ռեստորաններ կան նաև Քովենտ Գարդենում ու Լա Սկալայում

Ռեստորաններ կան նաև Քովենտ Գարդենում ու Լա Սկալայում

Օպերային թատրոնի ներսում ռեստորան-սրճարան բացելու մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի ցանկությունը մի քանի օր է՝ ալեկոծել է սոցցանցերը, դեռ որեւէ նախագիծ չկա, բայց սոցիալական հարթակը լի է բազմաբնույթ քննադատություններով, ողբ ու կականով։ Մի կողմից հասկանալի է, որ «ռեստորան» անունը հասարակության մոտ միանգամից ասոցացվում է ցածրաճաշակ մշակույթի հետ՝ պարուրված ռաբիս երաժշտությամբ ու քյաբաբի հոտով, բայց այդ քննադատություններն ուշացած են այնքանով, որ Օպերայի քթի տակ, տարիների ընթացքում շենքին հավասար աճեցին տարաբնույթ սրճարաններն ու արագ սննդի կետերը։ Մյուս կողմից էլ պետք է նկատել, որ անգամ աշխարհի ամենահեղինակավոր թանգարաններում եւ օպերային թատրոններում սննդի մշակույթը՝ քաղաքակիրթ ձեւով, վաղուց ներմուծված է մշակութային օջախներ։ Ի վերջո, ոչ մի վատ բան չկա, եթե մեր թատրոնների՝ ծխարան հիշեցնող բուֆետները դառնան մի փոքր ցիվիլ ժամանցի, հանգստի վայրեր։



Չուշացավ նաեւ Արմեն Ամիրյանի արձագանքը, ով նախարարության ֆեյսբուքյան էջով պատասխանել էր իր հասցեին հնչող քննադատություններին՝ նշելով, որ նախագծին ծանոթ չլինելով «սուր ճոճելը» կոռեկտ չէ. «Թատրոնի ճեմասրահում գործող «կայարանային» սննդի կետերից պետք է հրաժարվենք. խորհրդային մտածողության հասարակական սննդի կետերը պատիվ չեն բերում մեր օպերային թատրոնին։ Պետք է հրաժարվենք նաեւ սենդվիչներ ու գազավորված ըմպելիքներ մատուցող այսօր եղած ավտոմատներից։ Ներկայացումների ընդմիջումներին մատուցվող մեկ բաժակ շամպայնը կամ հարմարավետ միջավայրում սուրճ խմելը, կարծում եմ, օպերային ներկայացման պատկերացման մեջ լիովին տեղավորվում է։ Տարիներ շարունակ օպերային թատրոնում գործող «Օպերա» ակումբի հարցը եւս պետք է վերանայվի։ Չի կարելի օպերային թատրոնում ունենալ նման թատրոնին ոչ հարիր հաստատություններ։ Օպերային թատրոնը պետք է ունենա ճաշելու եւ սնվելու՝ իր բովանդակությանը հարիր հատված, որտեղ եւ թատրոնի արտիստները կսնվեն իրենց հատուկ սննդակարգով, եւ այցելուները կարող են համապատասխան միջավայրում ճաշել, եւ որտեղ հնարավոր կլինի հյուրեր ընդունել, կազմակերպել շնորհանդեսներ, տարբեր հյուրասիրություններ»։



Օպերային թատրոնի գլխավոր պրոդյուսեր Արթուր Ղուկասյանից հետաքրքրվեցինք, թե վերոնշյալ ռեստորան- սրճարանն ինչ տեսք է ունենալու եւ, մասնավորապես, որտեղ է տեղակայված լինելու, ինչին Ղուկասյանը պատասխանեց, որ դեռ վաղ է ասել, որովհետեւ նախագիծը պատրաստ չէ, եւ գաղափարը խոսակցությունների մակարդակի է։ «Դա դեռ պետք է քննարկվի, մտածվի՝ երբ եւ ոնց։ Հետո՝ այդ գաղափարը նորություն չէ, այդպիսի բան կա Քովենտ Գարդենում, Լա Սկալայում, Բեռլինում, Վիեննայում, պարզապես իրենք ունեն տարբեր կորպուսներ։ Դա կլինի մշակութային ժամանցի վայր, որը պետք է լինի բացարձակ ճաշակի ու ծայրագույն մակարդակի մի բան, որտեղ 2 ամիս շուտ պետք է գրանցվես, որ մտնես, եւ, բնականաբար, պետք է մտածվի, որ այս ամեն ինչը լինի արվեստի մեջ, լինի մշակույթի մի մաս ու ոչ թե խանգարի օպերային, այլ հակառակը՝ աջակցի այս ամենին եւ այն մարդկանց, ովքեր ուզում են ոչ միայն գալ ու նայել ներկայացում, այլ նաեւ նստել ու մի բաժակ սուրճ խմել»։
Այդ ռեստորան-սրճարանը բուֆետի տեղո՞ւմ է նախատեսված, թե՞ վերին հարկում՝ տանիքում։ Թատրոնի գլխավոր պրոդյուսերը նշեց, որ մի քանի տարբերակներ կան, որոնք պետք է քննարկվեն։ Ինչ վերաբերում է մարդկանց մտահոգություններին ու ստեղծված աժիոտաժին, Արթուր Ղուկասյանը դա բացատրում է նրանով, որ մեզ մոտ դեռ այդ մշակույթը չկա, դրա համար էլ արձագանքներն այդպիսին են։ Նա նշեց, որ քննարկում են նաեւ այն հարցը, թե այդ սրճարանը նախատեսված կլինի միայն թատրոնի աշխատողների՞ համար, թե՞ նաեւ դրսից էլ կարող են օգտվել։



Մեր այն հարցին՝ հնարավո՞ր է, որ ռեստորան-սրճարան բացելու հանգամանքն ինչ-որ չափով միտված լինի նաեւ օպերային թատրոնի ֆինանսական հոգսը թեթեւացնելուն, թատրոնի գլխավոր պրոդյուսերը պատասխանեց. «Միգուցե, բայց նորից եմ ասում՝ դրանք դեռ մտքեր են, եւ թղթի վրա դեռ ոչ մի նախագիծ չկա»։ Նա ընդգծեց, որ հաշվի են առնելու համաշխարհային նշանակության բոլոր մեծ թատրոնների թե դրական եւ թե բացասական փորձը՝ հասկանալու համար, թե ինչպես կարելի է ըստ արժանվույն այն ձեւավորել, որպեսզի չդառնա հերթական ռեստորանը։



ՀԳ․ Երեկ երեկոյան Արմեն Ամիրյանը եւս մեկ պարզաբանում տվեց՝ օպերային թատրոնի հետ կապված, որտեղ մասնավորապես ասված էր․«Անհրաժեշտ է վերանորոգել թատրոնի ներկայիս, թող ներվի՝ գարշահոտ սանհանգույցները։ Խորհրդային շրջանի կայարանային սննդի կետերի փոխարեն պետք է գործի բարձրակարգ ռեստորան, որն աշխատաքային ժամերին հատուկ սննդակարգով կսպասարկի թատրոնի անձնակազմին, իսկ երեկոյան օպերային թատրոնի այցելուների համար կստեղծի համապատասխան միջավայր եւ մթնոլորտ։ Իսկ այսօր առկա գիշերային ակումբը պետք է վերանա, եւ դրա փոխարեն պետք է ստեղծվի մանկական օպերային ներկայացումների դահլիճ։ Պետք է կարգի բերվեն բեմի ետնամասում տեղակայված հանդերձարաններն ու հարդարման սենյակները, նույն վայրում արտիստների համար պետք է գործեն շոգեբաղնիք եւ մարզասրահ՝ բեմական ճիշտ եւ ներկայանալի կեցվածք մշակելու համար (վերջինս բացառապես օպերային թատրոնի արտիստներին է ծառայելու)»։



Սոնա ԱԴԱՄՅԱՆ