Տպավորություն է, թե տեսնում ենք «Ելք» դաշինքը` իր չորս թեկնածուով

Տպավորություն է, թե տեսնում ենք «Ելք» դաշինքը` իր չորս թեկնածուով

Դաշնակցությունը որոշեց չմասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին։ Այդ մասին շաբաթներ առաջ հայտարարություն տարածեց կուսակցության Հայաստանի Գերագույն մարմինը։ Ընտրություններին չի մասնակցում նաեւ ՀՀԿ-ն: Այսինքն՝ այս ընտրություններից «ձեռքերը լվացին» ե՛ւ հանրապետության երկրորդ, ե՛ւ երրորդ նախագահը: Այս ամենի ֆոնին երեկ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ սեպտեմբերի 2-ին հանրահավաք է հրավիրում: Այս լուրը որոշ ընդդիմադիրների զայրացրել է: Ոմանք կարծում են, որ հանրահավաք հրավիրելուց առաջ «Հայաստան» դաշինքը պետք է քաղաքական այս կարեւոր պրոցեսին` մայրաքաղաքի ընտրություններին, մասնակցեր: Մենք մի քանի հարց ուղղեցինք «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Քրիստինե Վարդանյանին:

- Սեպտեմբերի 2-ի հանրահավաքից ի՞նչ եք ակնկալում, ի՞նչ սպասելիքներով, վերջապես` ինչի՞ մասին է լինելու հանրահավաքը:

- Սեպտեմբերի 2-ին ընդդիմադիր դաշտի ակտիվ գործիչները, ուժերը կազմակերպել են հանրահավաք` Արցախի անկախության տոնին նվիրված: Հանրահավաքի գլխավոր իմաստն ու ուղերձն Արցախին աջակցելն է: Աջակցություն ոչ թե անհատի կամ անհատների կողմից, այլ՝ համաժողովրդական: Ցավոք սրտի, այս ամիսների ընթացքում, երբ Արցախը շրջափակման մեջ է, Հայաստանից այդպես էլ ուղերձ չհղեցին այն մասին, որ Արցախը մենակ չէ: Ամեն օր շփվելով արցախցիների հետ, լսելով նրանց, կարծում եմ` դա նվազագույն բանն է, որ պետք է արվի: Օրն էլ շատ խորհրդանշական է:

- Հնչում են կարծիքներ, որ Դաշնակցությունը եթե այս շրջանում ամենաակտիվ քաղաքական պրոցեսներին` Երեւանի ավագանու ընտրություններին, չի մասնակցում, ուրեմն պայքարի տրամաբանությունից դուրս է գալիս:

- Դաշնակցության մասնակ-ցությունը կամ չմասնակցությունը, ինչպես գիտենք, մեկնաբանված է հայտարարության մեջ: Մեր տրամաբանությունն այն է, որ սրանք սովորական ընտրություններ չեն, եւ պետք է դրանց մասնակցել մեկ միասնական թեկնածուով, առանց որեւէ օրակարգի փոփոխության: Քանի որ դա չի հաջողվել, մենք հանդես եկանք այդ հայտարարությամբ: Ինչ վերաբերում է բուն մեր մասնակցությանը, ապա այդ ընտրությունը չի կարող ազդել երկրի ճակատագրի վրա: Արցախում տիրող իրավիճակը եւս դրանից չի կարող փոխվել: Հայաստանի կարեւոր խնդիրները վերելակների խնդիրներն ու ասֆալտապատման հարցերը չեն, Հայաստանը կանգնած է պետականության կորստի վտանգի առջեւ: Մենք փորձում ենք այժմ հանրահավաքով ուշադրությունը սեւեռել հենց այս ուղղությամբ:

- Բայց այդկերպ էլ, եթե ՔՊ-ն հաղթող դուրս գա, Նիկոլ Փաշինյանը ստացած քվեները ոչ միայն մայրաքաղաքում հաղթանակ է դիտարկելու, այլեւ ՔՊ-ին եւ ՔՊ-ի «խաղաղասիրական» գաղափարախոսությանն ուղղված քվեներ: Արդյոք սա վտանգավոր չէ՞:

- Ամեն հերթական ՔՊ-ի ամրապնդում հարված է հայ ժողովրդին, քանի որ գործ ունենք օկուպացիոն վարչակարգի հետ: ՔՊ-ն թշնամի երկրներից ուղիղ աջակցություն է ստանում, եւ այդ մասին պարբերաբար հայտարարում են թուրք բարձրաստիճան պաշտոնյաներ: Մենք չենք կարող օկուպացված երկրում մեկ ընտրությունը դիտարկել որպես հայ ժողովրդի ընտրություն եւ ձեռքերը լվանալ հայրենիքի պաշտպանության գործից: Բոլոր դաշտերում պետք է քայլեր անել այնքան ժամանակ, մինչեւ կարողանանք հեռացնել այս իշխանություններին: Այդ ճանապարհին գուցե ՔՊ-ն հասցնի մեկ կամ երկու ընտրություն կեղծել, սակայն դա հայ ժողովրդի համար դատավճիռ չէ: Մենք առաջին երկիրը չենք, որը հայտնվել է արտաքին թշնամական ուժերի ազդեցության ներքո: Շատ են նման երկրներ եղել, բայց դա չի խանգարել այդ ժողովուրդներին՝ հետագայում մաքրել երկիրն այդ ուժերից: Այնպես որ, մենք եւս պետք է այդ մոտեցմամբ առաջնորդվենք: Այնուամենայնիվ, ամեն ինչ պետք է անենք, որ գործող թշնամական վարչախումբը չամրապնդի դիրքերը:

- Դաշնակցության տարածած հայտարարության մեջ նշված էր, որ վերջում կհայտարարվի, թե Երեւանի ավագանու ընտրություններում ում է աջակցում ՀՅԴ-ն:

- Վստահ եմ, որ այդ մասին եւս կհայտարարվի պաշտոնապես, իսկ գաղափարական առումով կարող եմ ասել, որ Դաշնակցությունը բացառելու է Նիկոլ Փաշինյանի հետ որեւէ պարագայում գործարքի գնացող ուժերին սատարելը: Կան այնպիսիք, որոնք երբեք այդ քայլին չեն գնա։

- Ո՞ր ուժերն են դրանք:

- Գաղտնիք չէ, որ ընտրություններին մասնակցելու է նաեւ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը:

- Իսկ Հայկ Մարությանի մասին ի՞նչ կասեք:

- Հայկ Մարությանն ինձ համար մնում է այն մարդը, ով առաջինը մեր ժողովրդին բաժանեց սեւերի եւ սպիտակների: Նա բոլորից շատն է նպաստել երկրի պառակտմանը: Տպավորություն է, թե տեսնում ենք «Ելք» դաշինքը` իր չորս թեկնածուով: