Իսկ ո՞վ ասաց, որ Ալիևը Ռուսաստանից «դաբրո» չի ստացել մյունխենյան համաժողովին մասնակցելու համար

Իսկ ո՞վ ասաց, որ Ալիևը Ռուսաստանից «դաբրո» չի ստացել մյունխենյան համաժողովին մասնակցելու համար

Մյունխենի անվտանգության համաժողովում՝ դեռևս 1963 թվականից՝ ամեն տարի Մյունխեն քաղաքում «Խաղաղություն երկխոսության միջոցով» կարգախոսի ներքո աշխարհի 70-ից ավել երկրները 350-ից ավել մասնակիցներով, բարձրաստիճան այրերով քննարկումներ են անցկացնում։ Հիմնականում բարձրաձայնում են անվտանգային, արտաքին քաղաքական հարցեր Անդրադառնալով այսօր Մյունխենում տեղի ունեցած հանդիպումներին, «Հրապարակի» հետ զրույցում ասաց միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը։

«Գրեթե ամեն տարի Ադրբեջանն ու Հայաստանը որպես այդպիսին մասնակցություն ունեցել են այս համաժողովին։ Այստեղ որևէ նորություն չկա։ Այստեղ ուրիշ հարց է, որ թեկուզ և փարատելու համար, որ տեսեք, Ադրբեջանը՝ ի դեմս Ալիևի, իրեն հեռու է պահում հավաքական Արևմուտքից, մասնավորապես Եվրոպայից, այս դեպքում ինքը, գիտենալով հանդերձ, որ այնտեղ գլոբալ հարցեր չեն լուծվում, խնդիրների բարձրաձայնման հարթակ է, բայց ոչ լուծման, իր համար խնդիր չի պարզապես ֆիզիկապես այնտեղ ներկա գտնվելը, ինչը որ նա արեց։ Պետք է հասկանալ՝ այդ հարթակը 1963 թվականից որ գոյություն ունի, որևէ երկրի համար ի՞նչ խնդիր է լուծել, ի՞նչ կոնֆլիկտ է հանգուցալուծել կամ ի՞նչ լուծումներ են գտնվել այս հարթակում։ Ոչ մի՝ ես Ձեզ վստահեցնում եմ»,-ասաց Կարապետյանը։

Հետևաբար, որպեսզի նաև նման նարատիվները և նման խոսույթը վերանա կամ վերջ դրվի,  Ալիևը այնտեղ պարզապես ֆիզիկապես ներկա է լինում՝ ի ցույց աշխարհի, որ նա պատրաստ է դիվանագիտական ճանապարհով, կոմպրոմիսների գնալով նման հարթակներում իր ներկայությունն ապահովել։ Դա Ալիևի համար լավագույն առիթն էր՝ ձերբազատվելու նման պիտակներից, որ նա Եվրոպայի հետ չի ուզում բանակցել, բանախոսել և որ արհամարհում է։ Դա լավագույն հարթակն էր, որտեղ Ալիևից ոչ ոք և ոչինչ չէր պահանջելու։

Իսկ Ռուսաստանի հետ հարաբերությունների վրա Ալիևի՝ այս հարթակում ներկայությունն ինչպե՞ս կազդի,  «Հրապարակի» հարցին ի պատասխան Կարապետյանն ասաց․ «Ձեր հարցին հարցով պատասխանեմ, իսկ Ձեր կարծիքով Ռուսաստանի Դաշնությունը տեղյակ չի՞ կամ չի՞ տվել իր «դաբրոն» կամ կանաչ քարտը, որ Ալիևը գնա այնտեղ։ Այսինքն՝ հնարավոր է կա նաև ներքին պայմանավորվածություն՝ մտածենք նաև այդ համատեքստում, գուցե և կա նման համաձայնություն, որ այդպիսի պայմանավորվածություն կա, որ հանգուցալուծման բանալին Մոկսվայի ձեռքում է, բայց զուտ դեմքը փրկելու համար արևմտյան համաժողովներում կամ նման հարթակներում ներկա գտնվելը կանաչ քարտի արդյունքում է։ Միևնույն է, հիմնական հարց լուծողը լինելու է Մոսկվան»։

Ի մի բերելով հնչած հայտարարությունները, Կարապետյանը նկատում է, որ այս պահի դրությամբ․ իր ունեցած տեղեկություններով, կարող ենք ֆիքսել, որ Ադրբեջանի և ՀՀ արտգործնախարարներին հանձնարարվել է ավելի ակտիվ համագործակցել՝ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցեն, եթե ինչ-որ կետեր կան չմշակված՝ մշակեն, սակայն կարող ենք վստահ լինել, որ երկու կողմն էլ այս պահի դրությամբ համաձայնագրի եթե ոչ ամբողջական, ապա 95 տոկոս աշխատանքը կատարել է։
Ադրբեջանական կողմը դա է հրամցնում և փորձում է ավելի քամել՝ Հայաստանի ընկած վիճակից ելնելով, սակայն խաղաղության պայմանագրի կնքումը չի ապահովելու խաղաղություն, քանի որ այն չի արտացոլում հայ ժողովրդի կամքը՝ դա լակմուսի թուղթ է և ոչ ավելին, այն չի կարող անվտանգության երաշխիքներ տալ։