Ադրբեջանցու անկեղծ խոստովանություն

Ադրբեջանցու անկեղծ խոստովանություն

Մենք 10 միլիոն ենք, ընդերքով ու տնտեսությամբ՝ հարուստ, տարածքով՝ մեծ: Ունենք ՆԱՏՕ-ի կարեւոր անդամ-դաշնակից, որն անվերապահորեն հովանավորում է մեզ: Ավելի ամուր կապերով կապված ենք հենց իրենց՝ միակ ռազմավարական դաշնակցի հետ: Այս բոլորով հանդերձ, ի՞նչ ասենք այս մեր չորագլուխ հարեւանին, որ թշնամանալով մեզ՝ միամտորեն չկարծեն, որ իրենց մեծ դաշնակից կոչվածը, ամեն դեպքում, կպաշտպանի նրանց: Ղարաբաղը ստացել ենք հենց իրենց այդ դաշնակցից, որն ամրագրվել եւ միջազգայնորեն ճանաչվել է բոլորի կողմից:

Ինչ-ինչ հանգամանքներում, 30 տարի առաջ նրանց հետ մղած պատերազմում պարտվեցինք ու դրա հետ մեկտեղ կորցրինք նաեւ 7 հարակից  շրջաններ: Ինչ խոսք, նրանք լավ կռվողներ են՝ անձնազոհ ու քաջ: Թեեւ վստահ ենք, որ իրենց այդ դաշնակիցը եթե զբաղված չլիներ իր փլուզված կայսրության հարցերով, դեպքերն այդքան ի վնաս մեզ չէին զարգանա:

Անցած 30 տարիների ընթացքում նրանք ո՛չ կարողացան բավարար ժողովրդով բնակեցնել այդ շրջանները եւ ո՛չ էլ արդյունավետ բանակցություններ վարեցին մեզ հետ: Միշտ էլ հոխորտացին, թե հաջորդ պատերազմում կգան կհասնեն Բաքու: Ղարաբաղի բնակեցումը դեռ մի կողմ թողած, նույնիսկ իրենց երկրի բնակչությունն էլ 4 միլիոնից իջավ 3-ի: Նրանք հող գրավել գիտեն, բայց պահել՝ ոչ: Իրենց այդ գյոզալ երկիրը թողած՝ վազում են Լոս Անջելես՝ իբր «մարդավայել» ապրելու: Հետո էլ ուզում են, որ Ղարաբաղն իրենցը լինի:

Վերջերս էլ, առանց խորը մտածելու, գլուխները կորցրած՝ հավաքվեցին մի անգլուխ ժուռնալիստի շուրջ ու հրճվեցին իրենց երկրի այս ու այն գործարարին ձերբակալելով կամ միջազգային սանդղակներում լավ-լավ տեղեր զբաղեցնելով: 

Եթե մենք այսօր՝ ներկա հնարավորություններով գրավենք նրանց երկրի 20 տոկոսը, այսինքն՝ նույնը, որ նրանք արել են մեր նկատմամբ՝ 30 տարի առաջ, ապա կտեսնեն, թե ինչպես, ընդամենը մի քանի տարում այնտեղ կլցնենք միլիոնի հասնող ադրբեջանցիներ: Հետո՞ ինչ: Կարո՞ղ են արդյոք հեշտությամբ նրանց հեռացնել այնտեղից: Եթե անցած 30 տարիների ընթացքում Ղարաբաղում բնակություն հաստատեր մեկ միլիոն հայ, որի ռեալ հնարավորությունն ունեին, հաստատ մենք այսօր շատ բան անել չէինք կարող, որովհետեւ երկիրը ժողովրդով է երկիր, ոչ թե քարտեզով կամ օտարի հովանավորչությամբ: Աստված հողը տալիս է հողի վրա ապրողին: Բնության օրենքն է այդպես: Միջազգային իրավունքը, ի վերջո, բխում է այդտեղից: 

Դեռ մենք այնքան պարկեշտ ենք, որ մեր ճանաչված սահմաններից դուրս չենք եկել: Հենց մեզ պատկանածը ետ ստանալու եւ մեր տրորված արժանապատվությունը վերականգնելու համար ստիպված եղանք դիմելու մյուսների օգնությանը: Այդ բոլորով հանդերձ, դեռ վստահ չենք, որ միայն մեր ուժերով կարող ենք այն պահել: Պարտավոր ենք աչալրջորեն հետեւել իրերի զարգացման ընթացքին եւ իրատեսական հենքի վրա կառուցել մեր ապագան: 

Խորհուրդ կտայի հայերին՝ մի քիչ իրատես լինել: Եթե դուք գալիք 30 տարիների ընթացքում մոռանաք Լոս Անջելեսը, ողջամտորեն նվիրվեք ձեր երկրին ու ժողովրդին, կարող եք նորմալ մի երկիր դառնալ՝ 5-6 միլիոն բնակչությամբ ու ծաղկող տնտեսությամբ: Այն ժամանակ բոլորը կհարգեն ու հաշվի կնստեն ձեզ հետ, մենք՝ եւս: Այլեւս ոչ ոք ձեր ու ձեր երկրի սահմանների նկատմամբ ինչ-որ անիրատեսական նկրտումներ չի ունենա: Խաղաղ ու բարիդրացիական հարաբերություններով կապրենք այս հարազատ տարածաշրջանում:
Եթե մենք ձեր տեղը լինեինք, այդպես կանեինք:

Վահան ԴԱՐԲԻՆՅԱՆ