Ես գտնում եմ, որ եթե անգամ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, ապա իրենք չպետք է գան

Ես գտնում եմ, որ եթե անգամ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, ապա իրենք չպետք է գան

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, ով իր գործընկեր Նազելի Բաղդասարյանի հետ նոր է վերադարձել Արցախից, երեկ խորհրդարանում պատմում էր, թե ինչ «հերոսական» աշխատանք են իրենք տարել Հադրութի շրջանի Խծաբերդ համայնքից 6 տասնյակից ավելի գերիների մասին հետաքրքրվելով։ Նշեցին, որ Ադրբեջանը հաստատել է, որ 62 քաղաքացի են գերեվարել, իսկ թե ինչու են ադրբեջանցիները մինչեւ այսօր դեռ մարդկանց գերեվարում, ինչու են Արցախի եւ Հայաստանի սահմաններն այնքան բաց, որ թշնամին ազատ ելումուտ է անում, չկարողացան ասել։ Փոխարենը ԱԱԾ-ն զավեշտալի հաղորդագրություններ է տարածում՝ հորդորելով զգույշ լինել Սյունիքով անցնելիս, գերի ընկնելու դեպքում էլ զանգել ԱԱԾ։ Սոֆյա Հովսեփյանը դա գերի ընկնել չի համարում, այլ՝ առեւանգում, եւ ասում է, թե ինչ կանի ինքը, եթե իրեն առեւանգեն․ «Եթե հասցրեցին առեւանգել, դժվար թե հասցնեմ, բայց ես կարծում եմ, որ անվտանգության հնարավորություն կունենամ եւ կտեղեկացնեմ»։

Հովսեփյանը, ով իր շուրջ ընդդիմադիր եւ ըմբոստ պատգամավորի կերպար է ձեւավորել իշխանության ներսում, չի ցանկանում խոսել իրենց ղեկավարի՝ Նիկոլ Փաշինյանի տարօրինակ հայտարարությունների ու քննադատության արժանացող քայլերի մասին, ասում է, որ ինքը չի կարող մեկնաբանել վարչապետի հայտարարությունները, օրինակ՝ այն, թե ինչու է Փաշինյանը հիմա հանկարծ հիշել 2010 թվականին ընդունված վարչատարածքային բաժանման մասին օրինագիծը՝ դրանով եւս մանիպուլյացիա անելով, թե «էլի ամեն ինչում նախկիններն են մեղավոր»։ Նման դեպքերում տիկին Հովսեփյանը նախընտրում է դեմագոգիկ հայտարարություններ անել, քան առարկայական խոսել ու մի քիչ էլ իրենց քննադատել՝ որպես «թունդ ընդդիմադիր»։ Նա նաեւ հույս ունի գնալ եւ «հայրենասիրաբար» Ամանորն անցկացնել Սյունիքում՝ սյունեցու կողքին, այն սյունեցու, որը երկու օր առաջ փակել էր իրենց առաջնորդ Նիկոլ Փաշինյանի ճանապարհն ու թույլ չտվեց, որ նա ոտք դնի Սյունիք, եւ ստիպված՝ Փաշինյանը Սիսիանից հետ վերադարձավ։ Ս․ Հովսեփյանին մի քանի հարց ուղղեցինք։

- Այն, որ Նիկոլ Փաշինյանին սյունեցիները փաստացի չընդունեցին ու թույլ չտվեցին, որ մտնի Սյունիք, Սիսիանում էլ տեսանք, թե ինչ վերաբերմունքի արժանացավ, Դուք ինչպե՞ս եք գնահատում։

- Ինչպե՞ս եմ գնահատում․․․ Գիտե՞ք, ես կարծում եմ, որ էս ամեն ինչին պետք է Սյունիքի մարզի բնակիչները գնահատական տան, ոչ թե ես։ Կարծում եմ՝ այն առաքելությունը, որ իր առջեւ էր դրել Նիկոլ Փաշինյանը, այսինքն՝ գնալ եւ տեղում ծանոթանալ, պետք է, այնուամենայնիվ, թույլ տրվեր, որպեսզի հասներ ցանկացած բնակավայր եւ իր աչքով տեսներ, հա՞, թե ինչ խնդիրներ կան։ Եվ կարծում եմ, որ բոյկոտելով իր ներկայությունը՝ նաեւ խանգարել են, խոչընդոտել են այն հետագա կարգավորումներին, որը միգուցե հնարավոր լիներ հենց այդ այցի ժամանակ կազմակերպել։

- Ո՞ր կարգավորումներին։

- Անվտանգության առումով եւ, միեւնույն ժամանակ, այսպես ասած՝ ադրբեջանական զորքի, մամուլում տարածվում է, որ երեկ չէ առաջին օրը փակված է եղել Որոտանի հատվածը եւ այլն։ Այդ ամեն ինչը պետք է տեղում գնալ, տեսնել, հստակեցնել եւ քայլեր ձեռնարկել։

- Սյունեցիներն ասում են, որ Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունն այլեւս չեն կարող ապահովել իրենց անվտանգությունը, այս վիճակի մեղավորը դուք եք, եւ դրա համար չեն ցանկանում, որ նա ոտք դնի Սյունիք։

- Հասկանալի է, բան չունեմ ասելու, դա սյունեցիների մոտեցումն է, ընդ որում՝ սյունեցիների որոշակի խմբի մոտեցումն է, եւ ես կարծում եմ, որ այն խումբը, որը որ ամենեւին այդպես չի գտնում, նրա իրավունքները պետք է պահել եւ թույլ տալ, որ այն մարդիկ, ովքեր որ պատրաստակամ են գնալու եւ տեսնելու, այդ մարդիկ լինեն եւ գնահատեն իրավիճակը։

- Սիսիանում անգամ հոգեւորականը չցանկացավ սեղմել Նիկոլ Փաշինյանի ձեռքը եւ դուրս հրավիրեց նրան եկեղեցուց։ Մինչդեռ երբեւէ չէր եղել, որ որեւէ հոգեւորական որեւէ պաշտոնյայի, հատկապես՝ երկրի ղեկավարությանը, նման վերաբերմունքի արժանացներ։ Սրա վերաբերյալ ի՞նչ կասեք։

- Ես որեւէ կերպ չեմ կարող գնահատել հոգեւորականի վերաբերմունքը։ Ես կարծում եմ, որ ինչպես չէր կարելի, որ հոգեւորականին թույլ չտալ եկեղեցի մտնել, այնպես էլ չէր կարելի հոգեւորականի կողմից նույն քայլը ձեռնարկել եւ վարչապետին արգելել։

- Իսկ հարձակո՞ւմը հոգեւորականի վրա, սպառնալիքները․․․

- Անընդունելի է, արդեն ասել եմ, երկուստեք գործողություններն անընդունելի են։

- Դուք կարծում եք՝ Նիկոլ Փաշինյանն այսօր ունի՞ ժողովրդի աջակցությունը, վայելո՞ւմ է ժողովրդի սերն ու հարգանքը։

- Ես չեմ կարող նման բան կարծել, որովհետեւ դա ժողովուրդը պետք է ցույց տա։

- Իսկ Դուք չե՞ք տեսնում ժողովրդի ցույց տվածն այս բոլոր օրերին։

- Տեսնում եմ, որ ժողովրդի մի մասի կողմից կա ե՛ւ սերը, ե՛ւ հարգանքը, ե՛ւ մյուս մասի կողմից անվստահությունը, այնպես որ, տոկոսային գնահատական չեմ կարող տալ։

- Տեւական ժամանակ է՝ միտինգներ, ակցիաներ են անում, գումարած՝ Հայաստանի ներկա եւ նախկին նախագահները, կաթողիկոսները, տարբեր կառույցներ, համայնքապետեր, դասախոսներ, գիտնականներ, գեներալներ պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, այսքանից հետո Դուք կարո՞ղ եք խոսել այն մասին, որ Նիկոլ Փաշինյանն ունի ժողովրդի վստահությունը։

- Ես կարող եմ խոսել ժողվորդի վստահության այն հատվածի մասին, որի հետ հանդիպում եմ եւ գիտեմ։ Բայց ես ուսումնասիրություն չեմ արել, հարցում չեմ արել, որ ասեմ՝ 30 տոկոս է, 40 տոկոս է կամ 10 տոկոս է։

- Նման մթնոլորտում, նման լարված իրավիճակում, երբ հասարակությունը պառակտված է, եւ ամեն օր ցույցեր են ընդդեմ Փաշինյանի, նա կարո՞ղ է երկար պաշտոնավարել։

- Դա ժամանակը ցույց կտա։

- Ասում են՝ պետք է օր առաջ հեռանա, որովհետեւ նրա մեկ օր ավելի մնալը մեր սահմանների, մեր պետության անվտանգությանը սպառնալիք է։

- Այն մարդիկ, ովքեր որ այդ մասին ասում են եւ գտնում են, որ պետք է Նիկոլ Փաշինյանը հեռանա, եւ իրենք գան, ես գտնում եմ, որ եթե անգամ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, ապա իրենք չպետք է գան։

- Շատերն են կարծում, որ թիվ մեկ խնդիրը Նիկոլ Փաշինյանի հեռացումն է, իսկ թե ով կգա, թող որոշի ժողովուրդը։

- Շատ կարեւոր է, թե ով պետք է գա։ Այո, դա շատ կարեւոր է։ Ոչ թե թող որոշի ժողովուրդը, այլ իրենք այդպես են գտնում, որպեսզի ինչպես նախկինում են իրենք գործել, այնպես էլ ներկայում գործեն, բայց դա չպիտի լինի։