Պետք չէ երեսով տալ՝ տեսա՞ք ինչպես քվեարկեց Սյունիքը․ շուտով պարզվելու է

Պետք չէ երեսով տալ՝ տեսա՞ք ինչպես քվեարկեց Սյունիքը․ շուտով պարզվելու է

Իշխանությունն անցել է նախընտրական քարոզարշավի ժամանակ հնչեցրած խոստումն ի կատար ածելուն։ Այն է՝ նախկինների համար աշխատած պաշտոնյաները պիտի հեռանան։ Օձունից առաջին ահազանգը եղավ։ Բայց հատկապես թիրախում է Սյունիքը։ Մենք կապ հաստատեցինք Սյունիքի մարզի Արավուսի գյուղապետ Արգամ Հովսեփյանի հետ, որը չի թաքցնում՝ աշխատել է ընդդիմության համար, լավ է արել։ Հարցրինք՝ Սյունիքի համայնքապետերի նկատմամբ որս է սկսվել, իրեն առաջարկե՞լ են հավաքել իրերն ու գնալ։ «Գլուխները պատին են տվել, եթե նման բան ասել են, կստանան հաստատ։ Ասողի գլուխը կջարդեմ ես։ Ես սահման պահող տղա եմ, ինձ ո՛չ Նիկոլ ա պետք, ո՛չ էլ էն մյուսը։ Իմ տունը թուրքի սահմանից 50 մետրի վրա ա»։ 

Նաեւ՝ այս իշխանությունները չեն զլանում նրանց երեսով տալ, թե տեսա՞ք ինչպես Սյունիքը քվեարկեց․ Սերժ Սարգսյանի հայրենի Տեղ գյուղում ՔՊ-ն է հաղթել, Մեղրիում՝ նույնպես։ Արավուսում՝ եւս, որտեղ «սահմանը թուրքի սահմանից 50 մետր է հեռու»։ Արգամ Հովսեփյանին խնդրեցինք բացատրել՝ ինչպե՞ս է այդպես լինում։ Նա էլ, թե՝ «էտի տենց ա լինում, էլի։ Եթե ուզում են սենց ապրեն, թող ապրեն»։

Նույն հարցն ուղղեցինք Տեղի գյուղապետ Ներսես Շադունցին․ «Ինչպե՞ս է լինում, որ Տեղում առաջ գրեթե միաձայն քվեարկում էին իրենց նախկին համագյուղացի Սերժ Սարգսյանի, հիմա՝ Նիկոլ Փաշինյանի համար»։ «Չեմ կարա ասեմ։ Անձամբ ես միշտ քվեարկել եմ Սերժ Սարգսյանի օգտին, էս անգամ էլ եմ քվեարկել։ Որեւիցե մեկին չեմ խանգարել, որ հետո էլ լինի, հետո էլ եմ քվեարկելու Սերժ Սարգսյանի օգտին։ Ես էդ մարդու հետ ահագին աշխատել եմ, էդ մարդն ահագին արած ունի մեր համայնքի համար»։

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Ներսես Շադունցը «Հրապարակին» հայտնել էր, թե պատերազմի հետեւանքով գյուղի անասնագլխաքանակը կիսով չափ կրճատվել է արոտների՝ թշնամու վերահսկողության տակ անցնելու հետեւանքով, ստիպված՝ ոչխարները 20-30 հազար դրամով վաճառում են։ Մի խոսքով՝ խնդիրներ, խնդիրներ։ Ու ինչպե՞ս եղավ, որ Տեղի բնակիչը քվեարկեց ՔՊ-ի օգտին․ Շադունցը չունի այդ հարցի պատասխանը։ «Ամեն մարդ իրա տեղն ա պատասխան տալիս, հիմա ես ի՞նչ ասեմ՝ եղել ա էն, ինչ եղել ա»։ Գուցե կեղծվե՞լ են։ Ներսես Շադունցն ասաց՝ կոնկրետ այս պահին նման փաստեր չունի, գուցե ստուգեն, վերահաշվարկ լինի, այլ բան պարզվի։ Իսկ իրեն չե՞ն առաջարկել հավաքել իրերն ու գնալ։ Ներսես Շադունցը վստահեցրեց․ «Նորմալ ա, իմ հետ կապված որեւէ խնդիր չկա»։

Ի տարբերություն գյուղապետերի, Սյունիքից «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Աննա Գրիգորյանը մեզ հետ զրույցում հիշեցրեց բազմաթիվ տեղամասերի մասին, որտեղ կան կասկածներ, եւ ընտրակեղծիքների էջը Հայաստանում բնավ էլ անշրջելիորեն փակված չէ։ «Բերեմ Կապան քաղաքի օրինակը․ մոտավոր թվերով եմ ասում։ Ենթադրենք՝ 22 հազար ընտրողից 12 հազարն իր նախապատվությունը տվել է ոչ ՔՊ-ին։ Ընդամենը 10 հազարն է, որ իր վստահության քվեն տվել է ՔՊ-ին։ Ընդ որում, այդ 10 հազարի որոշ մասը՝ մոտ 1500-ը, եղել են զինվորականներ։ Ավելին՝ մենք անընդհատ տեղեկություններ ենք ստանում, որ զինվորականները մի քանի տեղ են քվեարկել։ Դրան գումարած՝ նաեւ ոստիկանական ուժեր են տարվել Սյունիք, եւ ոստիկանական ողջ ուժը հենց Սյունիքում է քվեարկել։ Այսինքն՝ եթե մենք հանում ենք զինվորականներին, ոստիկանական ուժերին եւ կրկնաքվեարկություններն ու շրջիկ  խմբերը, պատկերն էականորեն փոխվելու է։ Եվ մենք Սահմանադրական դատարան դիմելիս բոլոր այս փաստարկներն ենք ներկայացնելու»։ Հետաքրքրվեցինք նաեւ՝ սյունեցի համայնքապետերը վերցնելո՞ւ են մանդատները, թե՞ նպատակահարմար են համարում մնալ տեղերում ու այնտեղ շարունակել պայքարը։

Աննա Գրիգորյանն ասաց, որ ոչ թե համայնքապետ պատգամավորության թեկնածուների վերցնել-չվերցնելու խնդիրն է, այլ պետք է հասկանալ՝ դաշինքն առհասարակ վերցնո՞ւմ է մանդատները, թե՞ ոչ։ Թե գործընթացն ինչ հունով է գնալու, կախված է լինելու ՍԴ դիրքորոշումից։ Այսինքն՝ Սյունիքի համայնքապետերի հարցն առանձին չի դիտարկվում։ Իսկ եթե որոշվի, որ դաշինքը վերցնում է մանդատնե՞րը․ ի՞նչ տրամադրություններ կան դաշինքի ներսում։ Աննա Գրիգորյանն ասաց․ «Չէի ցանկանա իրենց փոխարեն պատասխան տալ, ճիշտ կլիներ, որ իրենց հետ խոսեիք, բայց, ըստ իս, բոլորի հարցում նույն տրամաբանությամբ չպիտի առաջնորդվենք։ Հաշվի առնվելու շատ բաներ կան, այն, որ աշնանը Սյունիքում ՏԻՄ ընտրություններ են, նաեւ՝ ընտրությունների արդյունքները։ Հասկանանք՝ ինչ իրավիճակ է, եւ ըստ այդմ առաջնորդվենք։ Համենայնդեպս, բոլոր քայլերը բխելու են նրանից, որ թե՛ մեր դաշինքը, թե՛ հայ ժողովուրդը դրանից միայն շահեն։ Նա, ով ավելի ճիշտ կլինի, որ իր համայնքում աշխատի, այնտեղ կմնա, ով ավելի լավ է, որ զբաղվի օրենսդրությամբ, կտեղափոխվի խորհրդարան»։