Գեներալ Մանուկյանը հարգված հրամանատար է, իր ողջ կյանքը նվիրել է իր հայրենիքին

Գեներալ Մանուկյանը հարգված հրամանատար է, իր ողջ կյանքը նվիրել է իր հայրենիքին

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ադրբեջանական գերության մեջ գտնվող գեներալ Դավիթ Մանուկյանի հետ ծանոթացել եմ 2020 սկզբին` Մարտակերտի մարտական դիրքերից մեկում:

Որքան էլ զարմանալի է, մինչև այդ հանդիպումը, իրար հետ որևէ տեղ չէինք տեսնվել:

Իհարկե հեռակա իրար գիտեինք:

Մեր հանդիպումը բավականին զվարճալի ստացվեց: Մեզ պաշտոնապես ծանոթացրեցին, գրեթե միաժամանակ երկուսս էլ ասեցինք` հեռակա ծանոթ ենք:

Ասեցի` դե քեզ լավ գիտեմ ու կարճ դադարից հետո ասեցի` դե մեր Գեղամի ախպերն ես: Ներկա զինվորականները, ինքն էլ` գեներալն էլ, անակնկալի եկան:

Բոլորը սպասում էին, որ կասեի, թե առաջնագծի այս կամ այն ճակատում ենք հանդիպել կամ ՊԲ շտաբում, դե ես էլ` ինչ մեղքս թաքցնեմ, իր զինվորական ու կյանքի վաստակը մի կողմ, Գեղամով էի ճանաչում:

Ես, իհարկե, ներկաներին ամենաճոխ ձևերով ներկայացրեցի Գեղամին`տեղը տեղին, մի քանիսը հեռուստատեսությունից արագ հիշեցին, բայց դե որոշները դեռ երկար նայում էին Դավիթին, թե ոնց կարձագանքի:

Տեսարանն ու վիճակն իմ համար շատ զվարճալի էր, ահագին ծիծաղեցի, կատակներ արեցին ու մեր առաջին հանդիպման անակնկալ վիճակներն արագ ցրվեցին

Հետո միասին պոստում տղերքի հետ ճաշեցինք, որից հետո գեներալը սկսեց խնդիրները ճշգրտել, հանձնարարություններ տալ հրամկազմին, իսկ ես ճանապարհս շարունակեցի այլ դիրքերի ուղղությամբ:

Դրանից հետո տարբեր առիթներով հանդիպեցինք` մինչև 44-օրյա պատերազմն ու դրանից հետո, երբ նրա հետ պայմանագիրը չերկարացրեցին, սակայն նա շարունակում էր ապրել Ստեփանակերտում, ծառ տնկում, այգի մշակում` չափից ավելի էր կապված Արցախին:

Գեներալ Մանուկյանը հարգված հրամանատար է, իր ողջ կյանքը նվիրել է իր հայրենիքին և նրան հարգելու չափազանց շատ պատճառներ կա:

Համբերություն հատկապես նրա ընտանիքին ու հարազատներին, վստահ եմ` վերադարձից հետո բազմաթիվ լավ պատմություններ հիշելու առիթներ կգտնենք:

Ազատությու´ն Բաքվի բանտերում գտնվող մեր բոլոր հայրենակիցներին»։