Վիրավորողը` Արմեն Աշոտյանը կա, վիրավորված անձը չկա

 Վիրավորողը` Արմեն Աշոտյանը կա, վիրավորված անձը չկա

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը տեղեկացրել էր, որ օրերս շատ ուշ ժամի Էրեբունու ոստիկանական բաժնից իր հայրական տուն են այցելել «ոստիկաններ, որոնց այցելության հիմքում չեղած ԱԱԾ-ի կողմից իմ ֆեսբուքյան գրառումներից մեկի վերաբերյալ ինչ-որ գրություն է»։

Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը մեզ ասաց, որ ոստիկանություն չեն գնացել։ Տեղյակ չեն՝ ինչ գործի մասին է խոսքը, ենթադրում են, որ խոսքը Աշոտյանի Ֆեյսբուքյան ստատուսներին է վերաբերում։ «Չենք կարող ասել, թե ինչ է․ ո՛չ ծանուցագիր է, ո՛չ հրավեր, գրություն է առանց համար։ Լավ ա՝ աղունիկով չեն ուղարկել։ Էլի գնանք, բայց հասկանանք՝ ինչի համար, ինչ կարգավիճակով։ Հրավեր էլ չի, որ ասեն՝ մի հատ բացատրություն տվեք էսինչ նյութերով»։

Արմեն Աշոտյանի փաստաբանը մի հետաքրքիր դիտարկում էլ արեց՝ ըստ օրենքի՝ վիրավորվող անձը, այսինքն՝ անձը, որը համարում է, որ իրեն ծանր վիրավորանք է հասցվել, պետք է հաղորդում ներկայացնի, այլ ոչ թե ոստիկանությունը կամ դատախազությունը կամ ԱԱԾ-ն մոնիթորինգ անի «Ֆեյսբուքը» և «քցի-բռնի», թե ում կարող է վիրավորած լինել Աշոտյանը, և արդյո՞ք վիրավորանքը ծանր է, թե ոչ։ «Նախ, անձը պետք է համարի, որ իրեն են վիրավորել, երկրորդ՝ պետք է համարի, որ ծանր վիրավորանք է, երրորդ՝ պետք է հաղորդում ներկայացնի, եթե հաղորդում է ներկայացնում, պետք է նյութեր նախապատրաստեն։ Հիմա, էս դեպքում, հասկանալի է, որ անձը հաղորդում չի ներկայացրել և ԱԱԾ-ն ու ոստիկանությունը անձի փոխարեն ենթադրում են, որ նա կարող է վիրավորված լինել»,-մեկնաբանեց փաստաբանը։

Ըստ նրա, քանի որ վիրավորանքը շատ լայն ու սուբյեկտիվ հասկացություն է, ոչ ոք ոչ մեկի փոխարեն չի կարող որոշել՝ այն ծա՞նր է, թե՞ ոչ, որովհետև մի բանը մի անձի համար կարող է վիրավորական չլինի, մյուսի համար՝ մահացու վիրավորական։ Ավելին՝ անգամ եթե դատախազությունը, ԱԱԾ-ն կամ ոստիկանությունն է որոշել, որ վիրավորանքը մահացու ծանր է, ապա սկզբում պետք է գնա, բացատրություն վերցնի այդ անձից։

«Անձը կարող է ասի՝ չէ, ծանր չէ, շան տեղ էլ չեմ դնում, և անկախ մեղադրանքի տեսակից (մասնավո՞ր գանգատ, թե՞ հանրային) այդտեղ քրեական գործ չի կարող լինել։ Չկա ինչ-որ հանրային չափանիշ, որ բոլորի համար սա ծանր է, բոլորի համար՝ ոչ, նման բան վիրավորանքի դեպքում չի կարող լինել։ Բայց վստահ եմ, որ այդ անձից` ենթադրյալ անձից բացատրություն չեն վերցրել, բացարձակ տեղյակ չեմ, թե ում մասին է խոսքը, ով է այդ անձը»,-ասաց նա։

Տիգրան Աթանեսյանը Արմեն Աշոտյանի փաստաբանն է տարբեր գործերով, որ հեղափոխությունից հետո հարուցվել է ՀՀԿ փոխնախագահի կամ նրա մերձավորների նկատմամբ, և նա այդ գործերով անցել է որպես վկա։ Մանկավարժականի ուսանողների գործով` որը կարճվել էր, Աշոտյանի վարորդ-օգնական Արամ Բարսեղյամի նկատմամբ քրեական գործով` որով վարորդը դատապարտվեց։ ՀՔԾ-ն վերջինիս մեղադրում էր, որ օգտագործելով իր կապերն ու ծառայողական դիրքը՝ միաժամանակ երեք ուսումնական հաստատությունում ձեւակերպվել է որպես պահակ, բանվոր, վարորդ, բայց աշխատանքի չի գնացել եւ պետական բյուջեից մոտ 9 մլն դրամ է ստացել, «ինչով օժանդակել է պետական բյուջեից տրամադրված միջոցներից հիշյալ ՊՈԱԿ-ների ղեկավարների կողմից խոշոր եւ առանձնապես խոշոր չափերով գումարների վատնմանը»: Վարորդին մեղադրեցին խոշոր եւ առանձնապես խոշոր չափերով յուրացմանն օժանդակելու, փաստաթղթեր կեղծելու մեջ, էլի ինչ-ինչ դրվագներով: Վարորդն էլ մեղքն ընդունեց, նրան արագացված կարգով դատեցին եւ անցյալ տարվա հունվարին դատապարտեցին պայմանական ազատազրկման, ապա, կիրառելով համաներում, ազատեցին պատժի կրումից:

Մյուսը՝ Աշոտյանի՝ Բժշկականի հոգաբարձուների խորհրդի նախագահ եղած ժամանակահատվածում Իշխան Սաղաթելյանի պանսիոնատի համար շուկայականից բարձր գին վճարելու հետ կապված ՊՎԾ 6-ամսյա ուսումնասիրությունն էր, որը 2019-ին ուղարկվել էր դատախազություն։ ՊՎԾ-ն նաև խախտումներ էր հայտնաբերել շինարարության մեջ եւ 222 մլն դրամով գույքի ձեռքբերման գործընթացում՝ «առանց գնման որեւէ ընթացակարգի՝ շուկայականից բարձր արժեքով»։ Ըստ ՊՎԾ-ի՝ առկա էր հիմնավոր կասկած, որ գույքը համալսարանի հետ առնչություն չունեցող անձանց կողմից օգտագործվել է առեւտրային նպատակով։ Ըստ Աթանեսյանի՝ բոլոր այս գործերով, Աշոտյանը եղել է վկայի կարգավիճակում, իսկ գործերն էլ դեռ նախաքննության փուլում են։

Ժամանակին ՊՎԾ ուսումնասիրության առնչությամբ Արմեն Աշոտյանն ինքը մեկնաբանել էր «Հրապարակի» հետ զրույցում, որ որպես 20009-2019թթ․ Բժշկական համալսարանի կառավարման խորհրդի նախագահ, իրականացրել է բացառապես օրենքով վերապահված իր լիազորությունները։ «Ինչ վերաբերում է ստուգումներին, ապա կիսում եմ Բժշկական համալսարանի տարակուսանքն առ այն, որ ՊՎԾ-ն, Բժշկական համալսարանին տալով առարկություններ ներկայացնելու ժամանակ, չի սպասել այդ առարկություններին՝ ընթացք տալով իր ուսումնասիրությունների հրապարակմանը»,-ասել էր Աշոտյանը՝ նկատելով, որ արդեն մեկ տարի է՝ այս իշխանություններն իր վրա են սեւեռվել: Այսինքն՝ դա «դա ընդամենը հերթական, բայց անարդյունավետ փորձն է՝ նման գործերով իմ հախից գալու: Սա էլ կանցնի»։