Տասնյակ աշխատակիցներ գործազուրկ կդառնան

Տասնյակ աշխատակիցներ գործազուրկ կդառնան

Համայնքների խոշորացումը կրճատումների տեղիք է տվել: Հրազդանի համայնքապետարանից վարչական շրջանների աշխատակիցներին աշխատանքից ազատվելու վերաբերյալ ծանուցումներ են ուղարկվել: Մարտի 1-ից  տասնյակից ավելի աշխատակիցներ գործազուրկ կդառնան: Համայնքապետարանները կունենան 3-ական աշխատող։

«60 հազար դրամն էլ շատ համարեցին, գոնե դրանով ինչ-որ կարիք կարող էինք հոգալ: Մեզնից շատերն ընկած՝ աշխատանք են ման գալիս, ոմանք էլ ուղղակի անաշխատանք կմնան: Չենք հասկանում՝ ո՞րն էր խոշորացման լավ կողմը: Հրազդանին միացնելով 4 գյուղեր՝ կարծում են, թե ավելի արդյունավե՞տ կլինի կառավարումը: Թող պարգեւավճարները կրճատեն, համայնքապետարաններում աշխատողներին աշխատանքից չազատեն, առանց այն էլ չնչին աշխատավարձ ենք ստանում»,- ասացին համայնքային աշխատողները:

Ծաղկաձոր համայնքի վարչական շրջաններում պատկերն այլ է: Մեղրաձոր, Աղավնաձոր, Արտավազ, Մարմարիկ, Հանքավան համայնքները երկրորդ անգամ խոշորացան: Համայնքապետարաններում աշխատակիցների թիվը կրճատվել է, սակայն գործող վարչական ղեկավարներին աշխատանքից ազատելու մասին ծանուցումներ են ուղարկվել: Հանքավան համայնքի ղեկավար Շահեն Հակոբյանը որոշել էր ընտրություններում առաջադրել իր թեկնածությունը, նրան պետք է սատարեին մյուս համայնքների ղեկավարները, հետո ինչ-ինչ պատճառներով չի առաջադրվել: Ծաղկաձոր խոշորացված համայնքի ղեկավար Նարեկ Հարությունյանին այս հանգամանքը դուր չի եկել, եւ նա որոշել է ազատվել վարչական շրջանի ղեկավարներից: «Որոշել էի առաջադրվել ընտրություններում, բայց հետո հետ կանգնեցի: Փետրվարի 22-ին պարզ կլինի՝ կաշխատե՞մ թե՞ ոչ»,- ասաց Շահեն Հակոբյանը: Ի՞նչ հարաբերությունների մեջ եք Նարեկ Հարությունյանի հետ, ասաց. «Ո՛չ լավ, ո՛չ էլ՝ վատ»: Աշխատանքից ազատվելու ծանուցում է ստացել նաեւ Արտավազ վարչական շրջանի ղեկավարը։

«Էնպես չի, որ հիմա այս աշխատանքն իմ սրտով ա, լավ աշխատանք ճարեցի՝ դուրս կգամ աշխատանքից»,-ասաց Ռեմ Հովհաննիսյանը: Աղավնաձոր վարչական շրջանն էլ նոր ղեկավար ունի՝ աշխատակազմի քարտուղար Մկրտիչ Դանիելյանը: Մեղրաձորի վարչական ղեկավար է նշանակվել Վոլոդյա Հովհաննիսյանը: