Նիկոլը պարտվել է որպես…

Նիկոլը պարտվել է որպես…

Եթե որևէ օտար ու չեզոք անձ դիտարկի հանրային հեռուստատեսության հաղորդումները՝ նրան կարող է թվալ, թե վարչապետ Փաշինյանն իսկական նվեր է հայաստանցիներին: Վարչապետը ներկա է գտնվում բազմազան մարզատեսակների «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական մրցաշարերի պարգևատրման արարողություններին: Կարևորում է նման մրցաշարերի անցկացումը, մասնակիցների շրջանում սեր սերմանում համայնքի ու հայրենի բնության նկատմամբ: Մասնակցում է տնտեսական բնույթի այս կամ այն միջոցառումներին: Արձանագրում է Հայաստանի Հանրապետության աննախադեպ զարգացումներն այս կամ այն ասպարեզում: Սակայն այդ ամենից դեժավյուի զգացում է առաջանում. Սերժի ժամանակների հայաստանցիներին այն պետք է որ հիշեցնի տարիքով անձանց՝ «Հ1-ի Հայաստանում» ապրելու ցանկությունների մասին: 
Որքան հիշում եմ՝ «Հրապարակ»-ի էջերում մեկ անգամ էլ եմ անդրադարձել այս թեմային:

Սերժի ժամանակ գոնե Հայաստանն ու Արցախը անվտանգային որևէ խնդիր չունեին: Եթե Ադրբեջանի տարածքից մեկ-երկու կրակոց էր արձակվում՝ մի քանի անգամ ավելին այստեղից էր արձագանքվում, ու նրանք ստիպված էին լինում դադարեցնել այն: Իսկ այսօր ադրբեջանցին կրակում է դաշտում գյուղատնտեսական աշխատանք կատարող արցախցու վրա՝ հայտարարելով, թե արցախցիներն ամրաշինական աշխատանքներ են կատարում, ինչն իբր թե կանխվել է իրենց զինված ուժերի գործողությունների արդյունքում: Ադրբեջանցին կրակում է, իսկ Նիկոլի ՊՆ-ն կամ Արայիկի ՊԲ-ն բողոքում են կեղծ տեղեկատվությունից կամ արդարանում, որ թուրքի վրա չեն կրակել:

Այնպես որ, եթե առկա չէ պետության և հասարակության անվտանգությունը՝ ում է պետք այդ «նվերը»: Փաշինյան Նիկոլի իրական նվերը կլիներ այն դեպքում, եթե ինքն ինքնակամ հրաժարական ներկայացներ՝ գիտակցելով, որ պարտվել է բոլոր հնարավոր և անհնար հարցերում: Պարտվել է այն ժամանակ, երբ որպես ընդդիմադիր խմբագիր քննադատում էր գործող իշխանություններին:

Պարտվել է՝ երբ որպես ընդդիմադիր պատգամավոր քարը քարի վրա չէր թողնում՝ ներկայացնելով նախկինների ժամանակ գոյություն ունեցող «բեսպրեդելը»: Պարտվել է որպես վարչապետ, երբ Ռուսաստանի հետ փչացնում էր հարաբերությունները՝ դա ներկայացնելով որպես մեր իրողություններին հարմարվելու անհրաժեշտություն:

Պարտվել է որպես վարչապետ՝ երբ Արցախը ներկայացնում էր որպես Հայաստանի մարզ կամ ուղղակի Հայաստան: Պարտվել է որպես «գերագույն գլխավոր հրամանատար»՝ երբ հայրենական պատերազմի կոչ էր անում, իսկ հետո Շուշին ու Արցախի 75 տոկոսը հանձնում թշնամուն: Պարտվել է որպես երկիր ներկայացնող բանակցող՝ երբ համաձայնվում էր Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս:

Պարտվել է որպես վարչապետ՝ երբ իր գործողությունների արդյունքում ոչ թե խաղաղություն է հաստատվում, այլ անվերջ տեղի են ունենում թշնամական սադրանքներ՝ մարդկային ու տարածքային կորուստներով: Պարտվել է որպես երկրի ղեկավար՝ երբ ժողովրդավարության անվան ներքո մեկ անձի իշխանություն, ավելին՝ բռնապետություն է հաստատում Հայաստանում:

Պարտվել է որպես …