Պատերազմից հետո կյանքն էլ ավելի է թանկանում

Պատերազմից հետո կյանքն էլ ավելի է թանկանում

Դեկտեմբերի շեմին պարենային ապրանքների գնաճ է նկատվում ու սպասվելիք էլ ավելի մեծ թանկացումներ։ Թանկացել են գյուղմթերքը, հացահատիկավորները, ձուն, բուսայուղը։ 0․1 չափի ձուն այսօր վաճառվում է 70 դրամով, 0․2-ը՝ 75։ Ֆերմերային ձվերը վաճառվում են նվազագույնը 90 դրամով, իսկ վաճառողներն ասում են, որ դեկտեմբերի 1-ից թանկանալու է։ Ու սա այն դեպքում, որ ձուն տեղական արտադրության է, չի ներկրվում։ Չէ՞ որ հիմնական թանկացումները սպասվում են ներկրվող ապրանքների դեպքում՝ դոլարի փոխարժեքի աճի հետ կապված։ Ինչպես տեղեկացանք «Աշտարակ ձու» թռչնաբուծականից՝ պատճառը թռչնի կերի բարձրացող գներն են։ «Կերային հավելումներն օր-օրի թանկանում են, պատճառը դա է»,- ասաց պատասխանատուն։ 

Լուսակերտի թռչնաբուծականի իրավաբանն էլ հայտնեց․ «Մենք հիմնականում Ռուսաստանից են կերերը ներմուծում, եւ դրանք շատ-շատ թանկացել են։ Մենք ներմուծում ենք արեւածաղկի քուսպ, եգիպտացորեն, որոնք թանկանում են անընդհատ, եւ դա նաեւ պայմանավորված է դոլարի փոխարժեքի տատանումներով։ Այսինքն՝ խնդիրը ձու արտադրողների մեջ չէ, այս իրավիճակն է»։ Ընկերության իրավաբանը նաեւ հայտնեց, որ նույնանման պարզաբանումներ ներկայացրել են ՏՄՊՊՀ-ին ու ԿԲ-ին։ «Մեզ էլ է իրականում պետք, որ քաղաքացիներն իրազեկված լինեն, եւ կառավարությունն իրազեկվի, թե ինչն է թանկացման պատճառը»։

Իրավաբանը կոնկրետ չնշեց, թե 70 եւ 75 դրամանոց ձվերի բացթողնման իրենց գինը որն է, միայն ասաց, որ պրակտիկան ցույց է տալիս, որ խանութները նվազագույնը 10 տոկոս վրադիր են ունենում։ Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը հայտնեց, որ ՌԴ-ն իր կերերը թանկացնում է՝ կապված կորոնավիրուսի հետ։ «Ռեսուրսները պահում են, չեն վաճառում, որ կարող է իրենց մոտ էլ պակաս լինի, վաճառում են բարձր գին տվողին։ Թե հիմա՝ արհեստական, թե բնական, թանկացրել են էական։ Դոլարի գինն էլ՝ վրադիր»։ Ինչ վերաբերում է ՌԴ այլընտրանքն Ուկրաինային, ապա այստեղից առհասարակ վաճառք չկա, պատերազմի ժամանակ ուկրաինական ավիաընկերությունները Հայաստանի տարածք վախենում էին թռչել։ Այս պահին թռչնամսի մեկ կիլոգրամը մոտ 1300 դրամ է, եւ միության նախագահն ասում է, որ եկավ-հասավ նախկին գնին։ Հիշեցնենք, որ տարվա կեսին ձուն վաճառվում էր 18-35 դրամով, իսկ թռչնամիսը՝ 1000-1100-ի սահմաններում։ Սերգեյ Ստեփանյանը, ամեն դեպքում, կարծում է, որ նոր տարվա շեմին ձվի շատ մեծ գնաճ չի լինի, իսկ դեկտեմբերի ընթացքում հնարավոր է իջնի։ «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ չնայած նկատել է թանկացումները, սակայն պարենային ապրանքների մոնիթորինգ չեն անցկացրել, «որովհետեւ մի օրվա կուրսով կարող է դոլարային տատանում լինի, նաեւ՝ դոլարի կուրսի սպասումով։ Տնտեսությունն էդպիսի բան է՝ սպասումները ձեւավորում են իրավիճակ։ Եվ ԿԲ-ն փող սրսկեց տնտեսություն՝ կայունություն ապահովելու համար, բայց նորից դոլարը թռավ»։

Պիպոյանի խոսքով՝ դոլարի փոխարժեքով պայմանավորված՝ ներմուծողն ու տնտեսվարողը կարող են ապրանքները բաց թողնել փոփոխված գներով՝ նախկին, եթե դոլարի փոխարժեքն իջել է, եւ նոր, եթե բարձրացել է։ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից էլ խոսնակ Անի Սմբատյանը հայտնեց, որ Հայաստանում հայտարարված ռազմական դրության ժամանակ լայն սպառման ապրանքների իրացման պայմանների՝ ներառյալ գների, ինչպես նաեւ դրանց պաշարների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման, վերլուծության եւ գնահատման նպատակով ստեղծվել են աշխատանքային խմբեր, որոնք, ս.թ. սեպտեմբերի 27-ից սկսած, խոշոր առեւտրային ցանցերում ամենօրյա մշտադիտարկում են իրականացնում։ Ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել է, որ որոշ գների բարձրացում պայմանավորված է մի շարք օբյեկտիվ գործոններով՝ «ներմուծման գների բարձրացմամբ, դրամի արժեզրկմամբ, միջազգային գների բարձրացմամբ եւ այլն»։