Քանի տարի

Քանի տարի

Երբ մարդն ինչ-որ գործ է ձեռնարկում` արտադրություն դնում կամ ինչ-որ ծրագիր կազմում, հույս ունի, որ իքս ժամանակ անց այդ ձեռնարկը հաջողություն է ունենալու: Եթե բիզնես-ձեռնարկ է` սկսելու է եկամուտ բերել, եթե գիտական աշխատություն է` ընդունվելու է գիտական հիմնարկի կողմից, եթե գրական գործ է` որեւէ հրատարակչություն այն տպագրելու է, եւ ընթերցող է ունենալու, եթե ներկայացում է` հանդիսատես, ըստ այդմ` եկամուտ է բերելու բեմադրիչին ու դերասաններին: Ոչ մի ձեռնարկ, որը տարիների մեջ չի կայանում` եկամուտ չի բերում, հանդիսատես ու պատվիրատու չի ունենում, չի ընդունվում համապատասխան մարմինների կողմից, կյանքի չի կոչվում, այլ միայն վնասներ է բերում այդ ձեռնարկի հեղինակին, երկար կյանք չունի:

Անհաջող արտադրություն դրած ու մի քանի տարի շարունակ վնասներով աշխատող բիզնեսմենը, վատ գիրք գրած գրողը, հանդիսատես չունեցող ներկայացման ռեժիսորը, ընթերցող չունեցող թերթի խմբագիրն ինչ-որ պահի հասկանում են, որ անիմաստ, անհաջող գործ են ձեռնարկել, եւ քանի դեռ վերջնականապես չեն սնանկացել, պարտքերի տակ ընկել, կամ խայտառակվել, հարկավոր է հրաժարվել այդ ձեռնարկից, փակել հիմնարկն ու գնալ` այլ բանով զբաղվելու: Նրանով, ինչն ավելի լավ կստացվի: Իսկ որքա՞ն ժամանակ է հարկավոր պետության ղեկավարի համար, որպեսզի համոզվի, որ իր մոտ չի ստացվում:

Ի՞նչ փորձանքներ պետք է պատահեն երկրին, ու ինչքա՞ն վնաս պետք է տա, որ համոզվի` սա իրենը չի, պետք է գնալ այլ բիզնես դնել, այլ գործով զբաղվել, այլ ոլորտում ներդնել կարողությունները: Քանի՞ հազար մարդ պետք է զոհվի, քանի՞ ընտանիք պետք է դժբախտանա, քանի՞ կիլոմետր հող պետք է հանձնվի, քանի՞ մարդ պետք է պահանջի իր հրաժարականը, քանի՞ տարի պետք է անցնի, որ նա հասկանա` սա իր տեղը չէ: