Նախարարությունը չի հաշվառում անօթեւաններին

Նախարարությունը չի հաշվառում անօթեւաններին

Տարիներ առաջ թափառաշրջիկ երեխաներն ու անօթեւան մարդիկ իրոք խնդիր էին դարձել պետության համար։  Նրանց կարելի էր հանդիպել գրեթե ամեն քայլափոխի, պատահական անցորդներին վաճառքի համար ինչ-որ բան առաջարկելիս։ Այն ժամանակ մշակվեցին տարբեր ծրագրեր, ստեղծվեցին միջգերատեսչական հանձնաժողովներ, եւ թափառաշրջիկ երեխաների հարցը ինչ-որ ձեւով լուծվեց։ 

Երեւանում քայլելիս, օրվա տարբեր ժամերի,  սակայն, այսօր էլ հանդիպում ենք նստարաններին մեկնված, ցուրտ եղանակին ինչ-որ ձեւով պատսպարվող  անօթեւան մարդկանց։ 
Պարզելու համար, թե  Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում, այդ թվում՝ Երեւանում,  քանի՞ անօթեւան քաղաքացի կա, նրանցից քանի՞սն է անչափահաս, հարցում էինք հղել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն։ 

Նախարարությունից մեզ արձագանքել են, որ անօթեւան անձանց հաշվառում չեն իրականացնում, սակայն, իրենց ստացած տեղեկատվության համաձայն՝ անօթեւանների թիվը հարաբերական է եւ փոփոխվող։ 
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը, ելնելով մեր հարցումից,  տեղեկատվություն է հայթայթել  մարզպետարաններից եւ «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամից։ Իսկ հիմնադրամը Երեւանում իրականացնում է անօթեւաններին ժամանակավոր կացարանով ապահովման ծրագիր՝ 100 անձի համար։ 
Մեզ տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Երեւանում կա շուրջ 300 անօթեւան մարդ, Սյունիքի մարզում՝ մեկ անօթեւան անձ, Վայոց ձորում՝ վեց անօթեւան անձ, Տավուշի մարզում՝ վեց անօթեւան անձ։ Կատայքի մարզում, ըստ նախարարության, չեն տիրապետում տեղեկատվության, իսկ Արարատի, Արագածոտնի, Շիրակի, Գեղարքունիքի, Արմավիրի մարզերում չկան անօթեւաններ։ 
Մեզ տեղեկացրել են նաեւ, որ անչափահաս անօթեւաններ չկան։