«Ազատություն, եղբայրություն, հավասարություն» ասողները գժե՞ր են

«Ազատություն, եղբայրություն, հավասարություն» ասողները գժե՞ր են

Կիրակի օրը Շանթ Հարությունյանի «Անհատական հեղափոխություն»՝ երկրորդ հրատարակությամբ գրքի շնորհանդեսն էր։ Դահլիճում հավաքվածների մեջ անկախականների սերնդից մնացած հատուկենտ գործիչներ կային։ Շանթը պատասխանեց դահլիճում հավաքված երիտասարդների հարցերին․ ինչ է անկախությունը, ինչու տեր չեղանք մեր անկախությանը, ինչու եղավ այն, ինչու են պատերազմից հետո նորից գծվում նոր  սահմաններ, ով է մեղավոր։

Շանթ Հարությունյանը վերահաստատեց այն, ինչ ասել է 2013 թ․՝ Արժեքների հեղափոխությունը սկսելուց հետո իր հարցազրույցներում։ Հարցին, թե ինչ երաշխիք, որ կհասնի հաջողության, ասել էր․ «Հիմա ես ո՛չ Հուլիոս Կեսար եմ, ո՛չ Նապոլեոն եմ, որ ասեմ՝ Դավիթ Բեկը պարտվեց, Նժդեհը պարտվեց, Իսրայել Օրին պարտվեց, Շանթը չի պարտվի կամ որ պարտվի, դրանից ողբերգություն կլինի։ Չէ, ես ուղղակի պայքարում եմ, ես հավատում եմ իմ պայքարի ճիշտ լինելուն, հաղթանակը կլինի, թե չէ՝ դա երկրորդական է»։ 

Հիմա ասում է․ «Հայաստանն անկախություն ձեռք չի բերել իր պայքարի արդյունքում․․․ ստացավ անկախություն, երբ ազատ աշխարհը՝ ՆԱՏՕ-ի գլխավորությամբ, պարտության մատնեց Սովետական Միությանը։ Այսինքն՝ Ռուսաստանը բարի կամք չի դրսեւորել հանրապետություններին անկախություն շնորհելով։ Ու դա վիրավորական չէ․ երբ վերցնում ենք հին աշխարհի պատմությունը, այդ թվում՝ հայ ժողովրդի, Արտաշեսյան Հայաստանը, որն ընդամենը 100 տարում դարձավ համաշխարհային կայսրություն, ստեղծվել էր աշխարհակարգի փլուզման արդյունքում։

Այսինքն՝ Մակեդոնացու ստեղծած Սելեւկյան կայսրությունը գնալով թուլացավ, որին ենթակա էր Հայաստանը՝  որպես վասալ  երկիր, հետո՝ մ․ թ․ա 190 թվականին, Հռոմի ու Սելեւկյան Պարսկաստանի միջեւ տեղի ունեցավ Մագնեսիայի ճակատամարտը, որտեղ Հռոմը հաղթեց Պարսկաստանին, բայց քանի որ ինքը Կարթագենի հետ պատերազմ ուներ, առաջին  հարված տալով կայսրության հիմքերին՝ չի ստացվում, որ գնա օկուպացիայի, բայց Սելեւկյան կայսրությունը սկսում է խարխլվել, ու էդ ժամանակ մի 40 երկիր իրենց անկախությունը  հռչակում են, որոնց մեջ՝ նաեւ Արտաշեսը։ Մենակ հայկական 3 հատ պետություն է հռչակվում՝ Մեծ Հայքը, Ծոպքը եւ Փոքր Հայքը։ Մագնեսիայի ճակատամարտը 190 թվին է եղել, մի տարի անց Արտաշեսը հռչակեց։ Էդ 30-40 պետություններից ընդամենը երեքը մնացին որպես պետություն պատմության մեջ՝ Պարսկաստանը, Վրաստանը, Հայաստանը, մնացածը վերացել են։ Ինչի՞ համար, որովհետեւ պետությունները երկու ձեւով են ձեւավորվում․ կա՛մ աշխարհակարգի  փլուզման արդյունքում՝ էն, ինչ նշեցի Սելեւկյանի համար, կա՛մ ժողովուրդներ, որ, որպես  նվեր, շնորհ Աստծուց, պատմությունից ստանում են անկախ պետականություն ունենալու հնարավորություն։ Բայց կան ժողովուրդներ, որոնք այն ձեռք են բերում հետեւողականորեն, իրենց իդեալի արդյունքում։ Տենց օրինակ է Թուրքիան։ Թուրքերը հետեւողական՝ իրենց առաջ դրել են անկախ պետություն ունենալը ու պայքարել են՝ անկախ աշխարհակարգի փլուզման արդյունքից։ Ոչ միայն սելջուկների ու օսմանների մասին է խոսքը, այլ հենց Քեմալն ուղղակի դրեց  ազգային իդեալը, որ Թուրքիան պետք  է անկախ պետություն լինի, հզոր լինի, ու դա արեց։ Նման՝ անկախ աշխարհակարգի փլուզումից եղել է  նաեւ ամերիկացիների անկախությունը»։

Անկախություն ունենալու համար պետք է նաեւ  ազգային երազանք

«․․․Ցանկացած ժողովուրդ անկախություն ստանալու 2 ճանապարհ ունի․ կա՛մ պետք է սեփական իդեալի հետեւից հետեւողականորեն գնալ ու պայքարել, կա՛մ պատրաստվել աշխարհակարգի հերթական փլուզմանը։ Էն, ով սեփական իդեալի արդյունքում է ստեղծում պետություն, լինում է կայուն, հարատեւ հզորանալով՝ երբեմն ինքը վերածվում է կայսրության։ Էն, որ ակամա է ձեռք բերում նոր աշխարհակարգի կամ  աշխարհաքաղաքական փոփոխությունների արդյունքում ու պատմական ընթացքում, եթե չի ձեւավորում ազգային իդեալ, վերանում է։ Արտաշեսը կարողացավ հայկական ազգային պրոյեկտ առաջ քաշել։ Դրա համար հայ ազգն առայսօր գոյություն ունի։ ․․․Արտաշեսն ընդամենը մեկ դար անց լուծեց էդ խնդիրը։ Մենք արդեն մի դար ապրեցինք՝ սկսեցինք Լենին-Քեմալով, եկանք հասանք Լենին-Քեմալի։ Արտաշեսը սկսեց անկախությամբ, 100 տարի հետո Տիգրանը դարձավ աշխարհակալ, որովհետեւ «պրոյեկտ» առաջ քաշվեց»։

Հայկ Նահապետը, 300 քաջերն ու հաղթության բերկրանքը

«Հայ ժողովուրդը բոլոր դարերում ունեցել է քիչ, բայց կարծրատիպ կոտրողներ։ Գոնե վերջին ապացույցները կարող են լինել Դավիթ Բեկի ապստամբական պայքարը կամ․․․ Բայց հավաքականության մեջ, ցավոք, իդեալ չի դառնում։․․․ Բերեմ Հայկ Նահապետի օրինակը, երբ Խորենացին գրում է, որ Հայկը չենթարկվեց Բելի ստրկական իշխանությանը, ելավ ասեց՝ չէ, ես գնում եմ հանուն ազատության, իր հետ գնացին 300 հոգի։ Բայց չեմ կարծում, որ էդ պետությունում, չգիտեմ՝ հայ էր կոչվում, թե Նաիրի, մենակ 300 հոգի էր էդ գենետիկ ժողովուրդը։ Կարող է կես միլիոն լիներ, բայց 300 հոգի Հայկի հետ վեր կացան, գնացին։ Գնացին 300 հոգով,  տարածքը պաշտպանեցին՝ գայլերի պես, գայլն իր կենսական տարածքը ո՞նց է պաշտպանում․․․ պաշտպանեցին, սերնդեսերունդ, էդ մարդիկ ասեցին՝ մենք այլեւս Հայկ ենք։ Էդ 300  հոգով գնացին  ու հաղթեցին»։

Պայմանական էսօրվա «վրով»

«․․․Երբ Բելին սպանած էդ զինվորը գնում էր Բաբելոն, ընտեղ կարող է, չէ՞, միլիցեքը, կոպիտ եմ ասում, կամ ինչ-որ օլիգարխներ ջիփը քշեին իրենց վրա կամ՝  ձին։ Բայց իրենք ասում էին՝ ես Հայկ եմ, վռոդի՝ տեղը բերեք, ձեզ կրած տղու հետ ենք եկել, ձեզ կրած տղա ենք։ Ու բոլորին ձեռնտու էր, որ իրենց ազգությունը կոչվի հայք։ Սաղ իմանան, որ Բելին սպանող տղերքն են սրանք։ …Հաղթանակը բերում է բերկրանք»։  

Հիմա, ըստ Շանթի, հայ ժողովուրդն իրեն չի կարողանում կոչել Հայկ, իր անունով։ Եվ ամփոփում է․ «Ուզում եմ ասել, որ հիմա հղում ենք անում ժողովրդին, ժողովուրդը ո՛չ մեղավոր է, ո՛չ անմեղ, ժողովուրդն անմեղսունակ է։ Վիրավորելու համար չեմ ասում, իրականությունն եմ ասում» ։

Ազատություն, եղբայրություն, հավասարություն

«․․․Ինձ որ տարել էին գժանոց, իբր ուզում էին գիժ հիմնավորեին, 3 անգամ կամիսիա անցկացրին, առաջին անգամ հանձնաժողովի նախագահը՝ դոկտոր- պրոֆեսոր, ասաց՝ ես եմ քո հանձնաժողովի նախագահը, ուզում եմ քո հետ մի քիչ խոսամ, դեսից-դենից խոսացինք։ Ասում եմ՝ ինչ, որ ես ասում եմ՝ ազատություն, հավասարություն, եղբայրություն, ուրեմն ես գի՞ժ եմ։  Ասում է՝ Շանթ, ինչի՞ ա քեզ թվում, որ գժերը միշտ տալի, ջարդում-փշրում են։ Կան, որ գժերը տենց․․․ մտքերով են, էլի․․․ ֆանտազյորական։ Ասում եմ՝ բա ո՞նց եք որոշում, ասում ա՝ էն, ինչն ուտոպիական ա, ինչն անիրականանալի ա, դրանք առաջ քաշողների մեծ մասը գժեր են, ու Վիկտոր Համբարձումյանի հետ կապված միջադեպ պատմեց․․․ Ու ասում ա՝ դու քեզ տենց վատ մի զգա, որ կարող է գիժ լինես, միտքն էս ա, որ․․․ ասում ա՝ ուտոպիա՝ էն, ինչը որ չի իրականանում, դրանք հիմնականում գիժ են։ Ասում եմ՝ ո՞նց, ազատություն, եղբայրություն… ես չեմ ասում, որ բոլոր տեղերում իդեալական է, բայց երկրներ կան, որ դա կարողանում են առավել մաքսիմալ անել։ Ասում ա՝ ուտոպիա։ Ասում եմ՝ Ժյուլ Վեռնը գրել ա, որ էն ժամանակ գոյություն չի ունեցել, հիմա սուզանավով ֆռռում են, հետո գրել ա Լուսին թռնող հրանոթի մասին, էն ժամանակ չկար, ուրեմն ինքը գի՞ժ էր։ Ասում ա՝ հա, ցավոք։ Դրա համար ասում եմ՝ հայ ժողովուրդը երբեք ո՛չ Ժյուլ Վեռն կունենա, ո՛չ էլ կասմանավտ։ Սա ստերեոտիպերի պրոբլեմի մասին է, բայց ինքը դոկտոր, պրոֆեսոր է, ինքը որոշում ա՝ ով ա ճիշտ, ով՝ չէ»։