Ձերբակալված դատավորի վերաբերյալ ԱԱԾ-ն հայտարարությամբ հանդես կգա

Ձերբակալված դատավորի վերաբերյալ ԱԱԾ-ն հայտարարությամբ հանդես կգա

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Եղվարդի նստավայրի դատավոր Գագիկ Հեբոյանը ձերբակալվել է։ Տեղեկությունը «Հրապարակ»-ի հետ զրույցում հաստատեցին Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից՝ նշելով, որ այլ մանրամասներ չեն կարող հայտնել եւ առաջիկայում հանդես կգան հայտարարությամբ։

Նշենք, որ մամուլը Հեբոյանին բազմիցս անդրադարձել է։ Դեռեւս 2012 թվականին, այն ժամանակ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հրաման էր ստորագրել Գագիկ Հեբոյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ:

Նախարարը հրամանը ստորագրել էր՝ ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 155-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 5-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, ինչպես նաև նկատի ունենալով, որ հայտնաբերվել էին դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար հիմք հանդիսացող արարքի կատարման մասին առերևույթ հիմքեր։

Մեկ անգամ էլ  նկատողություն էր ստացել։ Նա միևնույն՝ 12 գույքի վերաբերյալ ընդամենը մեկ օրվա տարբերությամբ կայացրել էր իրար հակասող դատական ակտեր: Խորհուրդը որոշել էր, որ արդարադատություն իրականացնելիս Հեբոյանը թույլ էր տվել դատավարական օրենքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտումներ, որոնք ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի ուժով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք էին հանդիսանում: Հայտարարել էին  նկատողություն` զուգորդված 6 ամիս ժամկետով աշխատավարձի 25 տոկոսից զրկելով: 

Մի ուշագրավ որոշում էլ կայացրել էր 2005 թվականին․ վաղաժամկետ պայմանական էր կիրառել կավատ Մարիետա Մուսայելյանի նկատմամբ, այն դեպքում, երբ դեռ կավատը պատժի կես չէր կրել։