Դա կլաուզիա է, մենք ոչ մի պարգևավճար չենք տվել

 Դա կլաուզիա է, մենք ոչ մի պարգևավճար չենք տվել

«Հրապարակը» նամակ  էր ստացել, որ Արթիկի բժշկական կենտրոնն էլ զերծ չի մնացել պարգևատրումներից։ Քաղաքացին, մասնավորապես, գրել էր, որ այդ պարգևատրումները աբսուրդ թվերին են հասնում, մինչդեռ աշխատակիցների մի մասը  չի ստացել դեկտեմբեր ամսվա աշխատավարձը, իսկ բուժօգնությունը հիվանդանոցում վատ վիճակում է։ Արթիկի բժշկական կենտրոնի տնօրեն Բաբիկ Մարտիրոսյանը «Հրապարակի» հետ զրույցում նշեց, որ իրեն այդ հարցերով էլի են զանգել,  այդ տեղեկությունները պարզապես շանտաժ են, որևէ պարգևատրում իրենց մոտ չի եղել, դեռ ավելին՝ հիվանդանոցը պարտքեր ունի, և իրենք փորձում են այդ պարտքերը մարել, ուր մնաց պարգևավճար տալը․

«Ես 2 ու կես ամիս է, ինչ այստեղ եմ, բացառված է որևէ պարգևավճար։ Մենք ունենք բավականին պարտքեր կուտակված, դեկտեմբերի աշխատավարձի մասով էլ ինչ տվել է պետությունը, բաշխել ենք, մինչև դեկտեմբերի 15-ը մենք վճարել ենք, մնացածը պետությունը մեզ պարտք է, հենց տվեց, կբաշխենք։ Այդ աշխատավարձը, որը գոյանում է, պետք է պետությունը փոխանցի, եթե պետությունը չի փոխանցել, այդ գումարը գոյություն չունեցող գումար է, հնարավոր չէ աշխատավարձ տալ։ Պետությունը ավտոմատ 2018 թվականի դեկտեմբերի 15-ից դադարեցնում է աշխատավարձի փոխանցումը, և մտնում է 2019 թվականի բյուջեի մեջ, պետությունը փոխանցելու է 2019 թվականին։ Դա միայն մեր հիմնարկում չէ, բոլոր պետական հիմարկներում այդպես է։ Դա կլաուզիա է, մենք ոչ մի պարգևավճար չենք տվել։ Կարող եք պաշտոնական գրավոր հարցում ուղարկել, ես այդ բոլոր փաստաթղթերը կտրամադրեմ»։

Հարցրինք՝ իսկ «հավելավճարներ» կամ «13-րդ աշխատավարձներ» եղել են՝ նկատի ունենալով, որ պարգևավճարները նաև այդպես են անվանում․

«Պարգևավճարն այլ է, հավելավճարը՝ այլ։ Հավելավճարը տալիս են այն դեպքում, երբ լրացուցիչ իր աշխատանքից բացի պարտականություններ են ստանձնում, այլ աշխատանքներ են կատարում։ Ենթադրենք՝ դուք Ձեր հաստիքով լրագրող եք, կարող եք նաև օպերատորի աշխատանք կատարել, Ձեզ որոշակի մասնաբաժնով գումար են տալիս՝ ստանդարտ հավելավճար, որպեսզի դուք այդ աշխատանքը կատարեք։ Դա անհրաժեշտ է, ձրի այդ մարդուն չենք կարող  իր պարտականություններից դուրս այլ աշխատանք տալ ու թերությունների համար պատժել։ Բոլոր տեղերում է այդպես, նաև մեզ մոտ, որովհետև եթե մենք պետք է աշխատանքի ընդունենք մարդու ու դրա համար տանք որոշակի գումար, ապա այդ գումարի մեկ-հինգերորդ մասը տալիս ենք ինչ-որ մեկին, որպեսզի նա լրացուցիչ այդ պարտականությունները կատարի։ Դա ֆինանսատնտեսական լուրջ մոդել է, որը հնարավորություն է տալիս գումար տնտեսելու։ Իսկ 13-րդ աշխատավարձ գոյություն չունի, դա կլինի այն դեպքում, երբ ֆինանսական վիճակը տարեվերջին լինի պլյուսով, այիսնքն՝ ոչ մի պարտք, ոչ մի խնդիր չունենանք։ Այդ դեպքում կարող ես մարզպետի համաձայնությամբ գումարը բաց թողնել խարխուսման կամ այլ բանի համար։ Բայց մենք ունենք բավականին մեծ պարտքեր, բավական լուրջ խնդիրներ, որոնք մեզ թույլ չեն տալիս մոտակա 1 տարին որևէ պարգևավճար կամ 13-րդ աշխատավարձ տալու։ Իսկ եթե տանք, ապա կտանք անձնակազմից բոլորին, չի կարող լինել, որ մեկը ստանա, իսկ մյուսը՝ ոչ»։

Իսկ հիվանդանոցում բուժօգնության վիճակի վերաբերյալ էլ Մարտիրոսյանն ասաց հետևյալը․ 

«Քաղաքացիները բավականին գոհ են, դա պարզապես շանտաժ է։ Մենք այս ընթացքում բավականին ֆինանսատնտեսական բարեփոխումներ ենք արել, որոնք պետք է շուտ արվեին, որ այդքան պարտքը չգոյանար։ Մենք այդ բարեփոխումները արել ենք, որ հիմնարկությունը փրկենք սնանկացումից։ Մենք սկսել ենք բավական գումար խնայել՝ ծախսեր, չհիմնավորված վարձատրություններ։ Մենք հակառակ պրոցեսին ենք գնում, բայց այսպիսի շանտաժների ենք ենթարկվում»։