«29800 քառ/կմ»-ի հարցը 

«29800 քառ/կմ»-ի հարցը 

Երբ ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար նշանակվեց ՌԴ ՊՆ խորհրդական, գեներալ-գնդապետ Ա. Լենցովը, ես նույնիսկ ֆեյսբուքում չանդրադարձա այդ նշանակմանը: Հասկանալի էր, որ եթե ՌԴ նախագահը Ա. Լենցովի փոխարեն Արցախ ուղարկեր ՊՆ Ս. Շոյգուին, շատ բան չէր փոխվի: Որովհետև այսօր ամեն ինչ Իլհամի կողմից է՝ 44-օրյա պատերազմում հաղթանակը, ՀՀ վարչապետի պաշտոնին Նիկոլի առկայությունը, մեր բանակի սպառազինության կորուստն ու ջարդված ոգին, Թուրքիայի և Արևմուտքի աջակցությունը, ՌԴ-ի ժամանակավոր խեղճացված վիճակն ուկրաինական պատերազմի պատճառով: Այս գործոնների կեսն էլ բավարար էր, որպեսզի քաղաքականությունից քչից շատից հասկացող մեկը նույնիսկ հույս չունենար, որ գեներալ-գնդապետի նշանակմամբ կարող էր ինչ-որ բան փոխվել Արցախի առումով: Նույնիսկ զարմանում եմ, որ Պուտինը գեներալ-մայորին փոխարինեց գեներալ-գնդապետով: Թե ով էր նրան նման խորհուրդ տվել՝ չգիտեմ, բայց ճիշտ կլիներ, որ խորհուրդ տվողն ազատվեր այդ «պարտականությունից»:

Ասվածը շատ լավ հասկանում է նաև Նիկոլը ու այդ պատճառով էլ անընդհատ թմբկահարում է «ռուսական պատասխանատվության գոտի» բառակապակցությունը: Դրանով, նախ, Արցախում տեղի ունեցող բացասական երևույթների մեղքը բարդում է ռուսների վրա: Եվ, ապա, մեղքը ուրիշի վրա բարդելով՝ կյանքի է կոչում արցախյան «բեռից» ազատվելու ծրագիրը, ինչի համար բերվել է իշխանության: Ընդհանրապես, հեռու եմ դավադրապաշտությունից (կոնսպիրոլոգիայից), սակայն վարչապետի պաշտոնում Նիկոլի վարքն այլ բան թույլ չի տալիս ենթադրել: Արցախում հույսն, այնուամենայնիվ, չեն կորցնում: Ու ես հասկանում եմ նրանց, քանի որ արցախցիներին ուրիշ ոչինչ չի մնում, քան գեներալական ուսադիրների վրա հույս դնելը: Իսկ հայաստանցիներն էլ կա՛մ Նիկոլ են հայհոյում (կամ էլ անիծում) ու կա՛մ իրենք իրենց: Օրինակ, վերջերս զոհված զինվորներից մեկի մայրը ասում էր, որ ձեռքը կոտրվեր, որ ինքը չգնար ու չընտրեր (ենթադրաբար խոսքը 2021-ի հունիսի ընտրությունների մասին էր) Նիկոլին: 96 տարեկան պապիկ էլ ասում էր, թե սխալ է գործել, որ ընտրել է Նիկոլին: Բայց ուշացած մեղա գալն իրականություն փոխել, դժբախտաբար, չի կարող: 

Հայաստանյան գրագետները չեն բավարարվում 2021-ի ընտրություններով ու «գնում» են ավելի ետ՝ դեպի 2018 թվականի գարունը: Ասեմ, որ դրանցից մեկը ես եմ, ավելի ճիշտ՝ էի, քանի որ վաղուց եմ հրապարակային ներողություն փնտրել: Չնայած 2018-ի գարնանը փողոց չեմ փակել, բայց ֆեյսբուքում, այնուամենայնիվ, ակտիվություն եմ ցուցաբերել: Ես ինձ անընդհատ չեմ դատափետում ու փակել եմ այդ էջը, որովհետև նախկիններն այլ բան չէին թողել, քան իրենց հեռացումը պահանջելը: Այնպես, որ մեղքի իրենց բաժինն ունեն բոլորը: Եվ պետք է հայկական քավարանով անցնեն համարյա բոլորը: Բացառությամբ, բնականաբար, Նիկոլի՝ իր ընտանիքով հանդերձ, որ բերվել էր հատուկ նպատակով: Եվ լավ թե վատ՝ կյանքի է կոչում այն: Լավ թե վատ ասելով էլ նկատի ունեմ այն, որ նախքան վարչապետ կարգվելը լավ չի պատկերացրել «29800 քառ/կմ» ասվածի բովանդակությունը: Ու ստիպված ծանոթանում է դրան՝ ՀՀ տարածքները մաս առ մաս թշնամուն հանձնելու միջոցով:

Վերջում վերադառնամ ինձ. արցախցիների նման հույսի մի շող էլ ես ունեմ, բայց դա մեզանից կախված չէ՝ ինչպես բազմաթիվ այլ երևույթներ: Դա ուկրաինական պատերազմի՝ հնարավորինս շուտ ավարտվելն է: Բնականաբար, ռուսական կողմի հաղթանակով, քանի որ չեմ պատկերացնում, որ ուկրաինացիները կարող են հաղթել այդ պատերազմում: Բայց արևմտյան երկրներն ամեն ինչ անում են, որ պատերազմը հնարավորինս երկարաձգվի: Ու անընդհատ սպառազինություն են մատակարարում Ուկրաինային, պատրաստում ուկրաինացի զինվորականներին: Ի դեպ, անցյալ տարի ասում էին, որ պատերազմի երկարաձգումը հօգուտ Ուկրաինայի է: Բայց հետո հասկացան, որ դա այդպես չէ: Սակայն դա մեզ ոչինչ չի տալիս, քանի որ սպառազինության մատակարարումը երկարաձգում է պատերազմը: Եվ քանի որ Ռուսաստանը շարունակում է ամբողջովին զբաղված լինել այդ պատերազմով, Իլհամն իրեն տեր ու տիրական է զգում: Իսկ Արևմուտքն անընդհատ, Թուրքիան էլ կողքից, շտապեցնում է Նիկոլին, որպեսզի ստորագրի կապիտուլյացիոն խաղաղության պայմանագիրը: Դրանով փակի Լեռնային Ղարաբաղի և վախենամ՝ նաև «29800 քառ/կմ» ասվածի հարցը: Իսկ դրանից հետո պատի տակ կգնդակահարեն Նիկոլին, թե ոչ, դրանից ոչինչ այլևս չի փոխվի: