Պակիստանի զավեշտալի, բայց ուսանելի ընտրությունները

Պակիստանի զավեշտալի, բայց ուսանելի ընտրությունները

Միջազգային հարաբերություններում առանձնապես չեն պատահում իրադարձություններ, որ զվարճացնեն։ Երբեմն պատահում են միջադեպեր։ Դիցուք, Նիկիտա Խրուշչովը ՄԱԿ-ի կենտրոնակայանում կոշիկով հարվածել է սեղանին, կամ Ջորջ Բուշի վրա Իրաքում կոշիկ են նետել՝ որպես մերժման եւ արհամարհանքի ժեստ․․․ Ի դեպ, ասում են՝ Բաղդադի բարձրակարգ հյուրանոցներից մեկի ճեմասրահում էլ՝ գետնին սալիկներով Բուշի դեմքն են պատկերել, որպեսզի մարդիկ վրայով անցնեն: Նման զվարճալի պատմություններ շատ կան, բայց դրանք անցողիկ պահերի, միջադեպերի մասին են։ Մինչդեռ Պակիստանի խորհրդարանական ընտրությունների շուրջ հյուսված զավեշտը ձգվում է արդեն շաբաթներ։

Պակիստանը 20-րդ դարում կազմավորված երկիր է` սահմանակից Իրանին, Աֆղանստանին, Չինաստանին եւ Հնդկաստանին, ունի 240 միլիոն բնակչություն, հիմնականում՝ սոված, վայրագ ու անգրագետ։ Այդ երկրի հետ Հայաստանը չունի որեւէ առնչություն, ոչ էլ դիվանագիտական հարաբերություններ։ Երեւի երեւանյան սուպերմարկետներում հանդիպող ցիտրուսային մրգերն ու բասմատի բրինձը միակ առնչությունն են։ Պակիստանն ունի մի քանի տասնյակ միջուկային մարտագլխիկ, մի քանի տասնամյակի պատմություն (անջատվել է Հնդկաստանից 1947-ին՝ Հնդկաստանի անկախության հռչակման ժամանակ, «Պակիստան» անվանումը Հնդկաստանի մահմեդական բնակչություն ունեցած 5 արեւմտյան նահանգների՝ Պենջաբ, Աֆղանիա, Կաշմիր, Սինդհ եւ Բելուջիստան անվանումների հապավումն է) եւ հիմնադրումից ի վեր պարբերաբար ղեկավարվել է զինվորական խունտաների կողմից՝ 1960-ականներին, 1980-ականներին, 2000-ականներին։ Նրանց վերջին զինվորական նախագահի անունը՝ Պերվեզ Մուշարաֆ (1999-2008), կարող է ընթերցողներից ոմանց անգամ ծանոթ թվալ։

Կարճատեւ ժամանակամիջոցներում, երբ իշխանությունը քաղաքական ուժերի ձեռքում է հայտնվել, դարձյալ կուսակցությունների թիկունքում խմբավարել է զինվորականությունը։ Իշխանություն ստանձնող կուսակցություններն էլ Պակիստանում ավանդաբար երկուսն են՝ PPP-Pakistan People’s Party, որ ժառանգաբար առաջնորդում են Բհուտոները, եւ PML-Pakistan Muslim League կամ դրա հարանվանությունները, որ 1990-ականներից առաջնորդում է Նավազ Շարիֆը։ 2013-ի եւ 2018-ի ընտրություններում բավականաչափ ձայներ էր հավաքել եւ գործնականում որպես 3-րդ քաղաքական ուժ հաստատվել էր Պակիստանի կրիկետի ազգային հավաքականի նախկին ավագ, այդ դերում աշխարհ չեմպիոնի տիտղոսը նվաճած, հետագայում սպորտից քաղաքականություն տեղափոխված Իմրան Խանը եւ իր PTI կուսակցությունը։ 2017-ին կուլիսների ետեւում գործող զինվորականությունը, խորհրդարանում անվստահություն հայտնելով, իշխանությունից հեռացրել է հերթական վարչապետին՝ 2013-ից պաշտոնավարող Նավազ Շարիֆին, նրան մեղադրելով ֆինանսական մեքենայությունների մեջ։ Հաջորդիվ զինվորականությունը PPP-PML դիխոտոմիայից հեռանալով, որոշել է օժանդակել Իմրան Խանի՝ վարչապետ դառնալուն, որի կուսակցությունը 2018-ի խորհրդարանական ընտրություններում թեեւ առավելագույն թվով ձայներ էր ստացել, սակայն քվեների քանակը չէր բավարարում կառավարություն կազմելու համար։ Զինվորականության աջակցությամբ, ի հաշիվ իր բլոկին միացող անկախ պատգամավորների, Իմրան Խանը կազմավորում է կառավարություն, ստանձնում վարչապետի պաշտոնը եւ պաշտոնավարում մինչեւ 2022թ․։ 2022-ին սեւ կատու է անցնում հիմա էլ Իմրան Խանի եւ զինվորականության միջեւ։

Այս անգամ էլ զինվորականների դիրիժորությամբ խորհրդարանն անվստահություն է հայտնում Իմրան Խանին, հեռացնում իշխանությունից, նորից իշխանության բերում Նավազ Շարիֆի կուսակցությանը, վարչապետ է դառնում Նավազ Շարիֆի եղբայրը։ Այսինքն, զինվորականները հրաժարվում են Իմրան Խանի հետ գործակցությունից եւ նախընտրում են վերադառնալ «в родную гавань» PPP-PML։ 2023-ի մայիսին վարչապետի պաշտոնում նվերներ ստանալ-օտարելու մեղադրանքներով Իմրան Խանը կալանավորվում է, բայց մի քանի օր անց գրավի դիմաց ազատ է արձակվում, մի քանի ամիս անց նորից է կալանավորվում՝ արդեն այլ մեղադրանքով, նորից դատարանի որոշում է հետեւում՝ գրավի դիմաց ազատ արձակելու, բայց վերադաս դատարանը որոշման գործադրումն առկախում է․ Խանը մնում է ազատազրկման վայրում, եւ իրերի այս դրությամբ Պակիստանը հասնում է 2024-ի զավեշտով աչքի ընկնող խորհրդարանական ընտրություններին։

Ընտրությունները կայացել են փետրվարի 8-ին, իսկ նախընտրական զավեշտը սկսվել էր դրանից մոտ 10 օր առաջ։ Հենց այն բանտի տարածքում, որտեղ ազատազրկված է Իմրան Խանը, մեկ շաբաթում 3 առանձին դատական նիստ է կայացել՝ 3 տարբեր գործերով, տարբեր մեղադրանքներով եւ վճիռներով։ Առանց լրագրողների կամ փաստաբանների գումարված դատական նիստերում ներկայացվել են մեղադրանքներ, ընթացել է քննություն, կայացվել են վճիռներ․ մի գործով՝ իբր ԱՄՆ-ում Պակիստանի նախկին դեսպանից ստացած ինչ-որ էլեկտրոնային նամակ հրապարակելու համար Խանը հունվարի 30-ին դատապարտվել է 14 տարվա ազատազրկման, հաջորդ օրն այլ գործով՝ վարչապետի պաշտոնում ստացած նվերները յուրացնելու, թե վաճառելու համար եւս 10 տարվա ազատազրկման։ Բայց առանձնակի ուշագրավն ու զավեշտալին երրորդ դատական գործն ու դատավճիռն են, որով Խանը դատապարտվում էր 7 տարվա ազատազրկման, նույնպիսի պատժաչափ էլ ստանում էր կինը։ Համաձայն Պակիստանում գործող օրենքների, ամուսնալուծությունից հետո պետք է 3 ամիս անցնի, որպեսզի նոր ամուսնությունը դառնա թույլատրելի։ Իմրան Խանի վերջին կնոջ նախկին ամուսինը հայտարարել էր, որ կինն իրենից բաժանվել է 2017-ի նոյեմբերին։ Այդ կնոջ եւ Իմրան Խանի ամուսնության մասին հայտարարվել էր 2018-ի փետրվարին։ Անվանապես թվում է` 3 ամիս անցել է, բայց գուցե օրերի հաշվարկով այլ պատկեր է, ամեն պարագայում՝ դատարանը որոշում է, որ այդ կնոջ ամուսնալուծությունից հետո 3 ամիսը չլրացած է նոր ամուսնությունը կայացել, ինչի համար կինն էլ, նրա նոր ամուսինը՝ Իմրան Խանն էլ 7 տարվա ազատազրկման են դատապարտվում։ 

Զավե՞շտ ասես, թե՞ լրիվ ջունգլի․․․ Այլ հարց, եթե որեւէ ամուսնություն ինչ-որ պատճառով արգելված լինի, եւ արգելք խախտելու համար անձը պատժվի։ Թեեւ նման դեպքում էլ ազատազրկումը հազիվ թե համաչափ պատիժ դիտվի։ Բայց նման զավեշտ, որ խնդիրը լինի ոչ թե ամուսնությունը, այլ մի քանի օր ուշ կամ շուտ ամուսնանալը, եւ դրա համար որեւէ երկրի պետական դատական համակարգը ոչ թե ամուսնությունը չեղյալ հայտարարի, ոչ թե ֆինանսական տույժ կիրառի, այլ սխալ ժամանակ ամուսնացածներին մի քանի տարի ազատազրկի, ամեն երեւակայություն գերազանցող զավեշտ է: Այս զավեշտալի դատական վճռից հետո Իմրան Խանի կուսակցությունը հայտարարում է, թե իրենց առաջնորդի հանդեպ հալածանքները հակառակ ազդեցությունը կունենան, նման անարդարության դեմ մարդիկ կընդվզեն։ Մի զավեշտալի պատմություն էլ դա էր, որովհետեւ, պարզվում է՝ Պակիստանի բնակչության շուրջ կեսն անգրագետ է` անտառաճանաչ լինելու աստիճան, եւ կուսակցությունները թեկնածուներին իրարից տարբերում են ոչ թե քվեաթերթիկում նշված տվյալները կարդալով, այլ կուսակցական տարբերանշանի պատկերով։ Իմրան Խանի PTI կուսակցության տարբերանշանը, սպասելիորեն, կրիկետի ձեռնաթիակն (ռակետա) է եղել, ինչն ամեն անտառաճանաչի կհուշեր, թե ում մասին է խոսքը։ Բայց խորհրդարանական ընտրությանն ընդառաջ, PTI-ին արգելվել է` որպես կուսակցություն, ընտրությանը մասնակցել, հետեւաբար, կուսակցության անվանումն էլ, տարբերանշանն էլ քվեաթերթիկներից բացակայել են։ 

Այդուհանդերձ, արի ու տես, որ Պակիստանում որքան էլ բարձր է անգրագիտության աստիճանը, բայց այնքան չէ, որ առանց կուսակցական տարբերանշանի չկողմնորոշվեն։ Ամեն պարագայում, հարուցված անվերջ խոչընդոտներով ու հալածանքներով հանդերձ, Իմրան Խանի PTI-ը փետրվարի 8-ին ստացել է առավելագույն թվով մանդատ՝ 100-ից ավելի։ Երկրորդ հորիզոնականում Նավազ Շարիֆի կուսակցությունն է՝ 70-ին մոտ մանդատով։ Երրորդում PPP-ն է, որը հիմա առաջնորդում է Բենազիր Բհուտոյի որդին (նա մի պահ զբաղեցնում էր ԱԳ նախարարի պաշտոնը), բայց Բիլավալ Բհուտոյի առաջնորդությամբ PPP-ն միայն 50-ին մոտ մանդատ է ստացել։ Իշխանությունն ու զինվորականությունը փետրվարի 11-ին հայտարարեցին ընտրությունների արդյունքները՝ երեւի որքան զարմացած, նույնքան էլ անկարող իրականությունը փոխելու։ Հիմա օրինաչափորեն հետընտրական «բազարներ» են Պակիստանում, թե ինչ կոալիցիոն կառավարություն կկազմվի, որքան կյանք կունենա եւ այլն` այնքան էլ էական չէ։ Պակիստանյան ընտրությունների մասին գրելու պատճառը նախ ընտրությունների ու Իմրան Խանի շուրջ հյուսվող զավեշտն էր, ապա՝ դասը, որ նույնիսկ ջունգլիների մակարդակից շատ չբարձրացած հանրություններն են ընդվզում իշխանական կլանների դեմ։ 
Իմրան Խանի PTI-ին տրվող քվեները ոչ այնքան հօգուտ անձի կամ կուսակցության էին, որքան զինվորականությանը, պետական էսթաբլիշմենթին ու նրանց հետ միահյուսված քաղաքական կուսակցություն-կլաններին մերժելու ակտ։ Կուսակցական-կլանային իշխանությունը, փաստորեն, որքան դատապարտված է զարգացած հասարակություններում, նույնքան էլ՝ թերզարգացածներում։