Ո՞վ քաղաքականապես կձեւակերպի բողոքավոր զանգվածների ուղերձը

Ո՞վ քաղաքականապես կձեւակերպի բողոքավոր զանգվածների ուղերձը

Ի՞նչն է տիտղոսային եւ ինքնահռչակ ընդդիմադիրներին հետ պահում իշխանափոխության ճանապարհին առավել վճռական գործողություններից։ Այն գիտակցումը, որ պետականությունը խարխուլ վիճակո՞ւմ է, եւ նոր եկած իշխանությանը ոչ թե վայելքներ, այլ ծանր տառապանքնե՞ր են սպասվում։ Ըստ ամենայնի՝ սա որոշիչ գործոն է։ Այսօր Հայաստանում իշխանության հավակնող ցանկացած ուժի համար այն պարզապես ծանրագույն մի խաչ կդառնա, որը կարող է անգամ քաղաքական կարիերայի ավարտ եւ ոչ ժողովրդականության գագաթնակետ նշանակել։

Մյուս կողմից՝ փաստն այն է, որ չնայած արտաքուստ խաղաղ ընթացքին՝ արշալույսներն իշխանության ներսում բնավ խաղաղ չեն, ավելին՝ իշխող քաղաքական թիմը համապատասխան ազդակների դեպքում կարող է արագորեն տրոհվել։ Փաշինյանն արդեն բազմիցս ապացուցել է, որ պատրաստ է անգամ ամենամերձավոր թիմակիցներին զոհաբերելու, միայն թե պահի սեփական աթոռը։ Թեեւ սկզբնապես ասում էր, թե իր աթոռից երբեւէ կառչած չի լինելու, անում է ճիշտ հակառակը՝ պետությանը սարսափելի կորուստներ եւ դառնություններ պատճառելու գնով շարունակում է կառչած մնալ այդ աթոռին՝ այն սեփական կյանքի եւ անվտանգության երաշխիք ու նպատակ դարձրած։

Ավելին, քանի որ Փաշինյանը խորապես ոչ պետական մտածելակերպ ունեցող անձ է, եւ նրա համար պետությունը բացարձակ արժեք չէ, նա կարող է բավական հանգիստ ընդունել պետական կարեւորագույն գերատեսչությունների անգործությունը, ընդհուպ դրանց քանդումն ու կազմալուծումը, եթե դրանք, օրինակ, իր պաշտոնավարման «աննախադեպության» քարոզչական քողը չեն ապահովում։ Օրինակ, ըստ նրա մոտեցման՝ սյունեցիներին կարելի է պատժել, չհոգալ մարզի բնակչության անվտանգության մասին, չկանխել մարզի հայաթափումը, քանի որ Սյունիքը համարձակվել է իրերը կոչել իրենց անուններով եւ դատապարտել Փաշինյանին թշնամու առջեւ իրենց տան դուռը բացելու համար: Նույնկերպ՝ վարչախումբն իմաստ չի տեսնում նաեւ բարձրացնելու բանակի մարտունակությունը, շտկելու զինված ուժերի կոտրված ողնաշարը, քանի որ դեռեւս չի մոռացել սպայակույտի ապստամբության մեկամյա փորձը։

Արտահերթ ընտրությունից կես տարի անց՝ Փաշինյանի հրաժարականի հանրային պահանջը թեւածում է անգամ ոչ վաղ անցյալում նրա մոլի աջակիցների շարքերում, քանի որ նրանք էլ են տեսնում իրենց ընտրյալի, հետեւաբար՝ պետության տապալումը։ 44-օրյա պատերազմի, ապա դրան հաջորդած ներքաղաքական ցնցումների փուլում անգամ իշխանության ստերով լիուլի կերակրված անձանց հավատը վաղուց սասանվել է։ Նրանք գիտակցում են, որ Հայաստանի որ ծայրում էլ ապրեն, իրենց տանն անգամ անվտանգության երաշխիք այլեւս չունեն։

Միակ հանգամանքը, որը դեռեւս զսպում է տեսանելի ներիշխանական ճաքերի առաջացումը, մանր ու մեծ ՔՊ-ականների ներքին վախերն են ինքնադատաստանից ու հաշվեհարդարից։ Այդ պատճառով է, ահա, որ ներսում լրջագույն, անգամ անհաղթահարելի միջանձնային տարաձայնություններ ունենալով՝ նրանք հրապարակայնորեն աջակցում են մեկմեկու, քանի որ այդպիսով իրենց իսկ ֆիզիկական անվտանգության երաշխիքներ են ապահովում՝ «ընդհանուր նավի» գաղափարն առաջ քաշելով։

Ժամանակին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տված ձեւակերպումը՝ «կոնսենսուս մինուս մեկ», կարծես միս ու արյուն է ստանում։ Այսօր բոլորն են պահանջում Փաշինյանի հրաժարականը՝ բացի իրենից եւ իր արբանյակ մարդ-կուսակցություններից։ Հանրահավաքներով նրան հեռացնելու տարբերակը ժամանակին չաշխատեց, եւ ընդդիմադիրները եզրակացրին, որ Փաշինյանին իր ձեռագրով չեն կարող հրաժարական պարտադրել։ Այսօր հանրային ամենատարբեր խմբեր, այն, ինչը սոցիոլոգիայում կոչվում է սոցիոկրիտիկ զանգված, իրենց արդարացի ցասումը պատրաստ են արտահայտել ընդհուպ փողոցային պայքարով, սակայն դրա քաղաքական ձեւակերպումը, ցավոք, դեռեւս չի ստացվում։

Դավիթ Սարգսյան