Մեծ համերգ ԵՊՀ-ում և «լավագույն ուսանող» մրցանակաբաշխություն

Մեծ համերգ ԵՊՀ-ում և «լավագույն ուսանող» մրցանակաբաշխություն

Այսօր՝ մայիսի 17-ին, ժամը 19:30-ին, ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի բակում տեղի է ունենալու «ԵՊՀ լավագույն ուսանող» ամենամյա մրցանակաբաշխությունը՝ նվիրված ԵՊՀ հիմնադրման 100-ամյակին, որին հաջորդելու է տոնական համերգը՝ Սոնա Ռուբենյանի և Գարիկ Պապոյանի մասնակցությամբ:

«ԵՊՀ լավագույն ուսանող» ամենամյա մրցույթի նպատակն է խրախուսել Երևանի պետական համալսարանի բակալավրիատում և մագիստրատուրայում սովորող ուսանողների առաջադիմությունը և խթանել նրանց գիտական ու հասարակական ակտիվությունը:

Մրցույթի կարգի համաձայն՝ մասնակցել կարող էին ԵՊՀ բոլոր ֆակուլտետների և մագիստրոսական կրթական ծրագրեր իրականացնող կենտրոնների կամ այլ ստորաբաժանումների այն ուսանողները, որոնք առնվազն 4 կիսամյակ եղել են ԵՊՀ ուսանող, վերջին երկու կիսամյակի ընթացքում ունեցել են բարձր կամ գերազանց առաջադիմություն (ՄՈԳ-ը՝ 16 և բարձր), ինչպես նաև ունեն մրցանակաբաշխության կանոնակարգում նշված «ԵՊՀ լավագույն ուսանող»-ին բնութագրող ձեռքբերումները:

Մրցույթի հաղթողների համար սահմանված է նաև անվանական կրթաթոշակ: