Ինչ է հայտնաբերել սննդամթերքի անվտանգության տեսչությունը Գյումրիում

Ինչ է հայտնաբերել սննդամթերքի անվտանգության տեսչությունը Գյումրիում

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ներկայացուցիչները տեսչական ստուգումներ են անցկացրել Գյումրիում: Ծառայությունն ուսումնասիրել է Գյումրու կենտրոնական շուկայի և շուկայի հարակից տարածքի միս-մսամթերքի վաճառքի կետերը: Ստուգայցի ավարտին աշխատանքային խորհրդակցություն է անցկացվել Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի գլխավորությամբ:

Անդրադառնալով տպավորություններին ու արձանագրված խնդիրներին՝ տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը նշել է, որ տարածքում վաճառվող մսամթերքի, ինչպես նաև պանրի ու ձկնեղենի վաճառքի և պահպանության պայմանների առումով բազմաթիվ խախտումներ կան, հենց այս պայմաններն են, որ բերում են տարբեր տեսակի հիվանդությունների ու խնդիրների, պահպանված չեն սանիտարական նորմերը, ուղեկցող, անհրաժեշտ փաստաթղթեր չկան

Տիգրան Պետրոսյանը կարևորել է տեսչական մարմնի գործողությունները օրենքի սահմաններում իրականացնելը և նշել, որ ամեն ինչ պետք է արվի, որպեսզի չտուժվի որևէ մեկը:
Հանդիպման մասնակիցները պայմանավորվածություն են ձեռք բերել քայլեր ձեռնարկել ոլորտի խնդիրներով զբաղվող գերատեսչական մարմինների ու կազմակերպությունների սերտ համագործակցությունն ապահովելու համար: