Հրաժարական տուր

Հրաժարական տուր

Տիգրան Ավինյան, եթե չես ուզում վերջնականապես խայտառակվել, հրաժարական տուր: Գնա, միացիր նախկին երամիդ, որտեղ քեզ գուցե դեռ կպաշտպանեն: Խոսքը ՔՊ-ի մասին չէ, չսխալվես, հանկարծ: Դու շատ ավելի մեծ ք..ի մեջ ես, քան կարծում ես: Ինչքան չլինի՝ մի 30 տարով քեզնից մեծ եմ եւ գիտեմ պարզ ճշմարտություններ, որոնք դու չգիտես: Փաշինյանը քեզ երբեք ինքնուրույնություն չի տալու եւ չի ներելու ինքնուրույնություն դրսեւորելու քո ոչ մի քայլ: Չէ-չէ մի՝ ասեք՝ կանենք: Ո՞ւմ էիք դիմում այդ լոզունգով: Ժողովրդի՞ն, երեւանցո՞ւն… Ինձ մի ծիծաղեցրու, պարոն Ավինյան: Դուք, գուցե, համոզված եք, որ ժողովրդին եք դիմել, բայց ձեզ այդ կարգախոսը հրամցրած Նիկոլն ու ՔՊ-ն այլ կերպ են մտածում․ Նիկոլը կասի՝ կանեք, Նիկոլը չի ասի՝ հանգիստ վեր կընկնեք տեղներդ: Երեւանցին, մանավանդ կենտրոնում աշխատողներն ու բնակվողները, ձեզ չեն ասել, չէ՞, «կարմիր գծերը» թանկացրեք, գույքահարկը կրկնապատկեք, անորակ վերանորոգումներ արեք, քաղաքում շիլափլավ սարքեք, թողեք, որ քաղաքն աղբով ու թափառող կենդանիներով լցվի: Իսկ ինչո՞ւ է ամեն ինչ ճիշտ հակառակն արվում, ինչո՞ւ է Երեւանն օրըստօրե դառնում ավելի անտանելի ու անհարմար՝ ապրելու համար: Գլխի չե՞ք ընկնում, պարոն Ավինյան: Եթե ոչ, ուրեմն քթածակ չունեք: Փաշինյանի վերջնականապես ձախողված կառավարությունը չի կարող թույլ տալ հաջողություններ՝ առանձին վերցված մեկ քաղաքում: Հետեւաբար, պարոն Ավինյան, կա՛մ անհաջողությունների վերմակը պետք է նաեւ ձեզ վրա քաշեք, եւ կա՛մ՝ Աստված քեզ հետ: Նիկոլը քեզ կտանի, «կկորցնի», բան եմ ասում:

«Հանրային ձայն» կուսակցության հետ պատահածը ոչ թե Վարդան Ղուկասյանի կամ այդ կուսակցության անդամների հետ է տեղի ունեցել, այլ քեզ հետ, պարոն Ավինյան: Դու նույնիսկ ամենավատ երազում չէիր կարող նման բան տեսնել, չէ՞: Բա քեզ հարց չե՞ս տալիս, թե ինչու պայթեց քո միակ «դաշնակից» կուսակցությունը: Կախիչ պոկող, ցնցուղ քանդող Նիկոլին չե՞ս կասկածում էդ գործի մեջ: Ինձ այդպես մի նայեք, պարոն Ավինյան: Ինչ մնում է ինձ՝ ես ընդհանրապես վստահություն չունեմ Նիկոլի նկատմամբ: Այնպես որ, Դուք էլ աշխատեք չվստահել, բայց ցույց մի տվեք: Հեռացեք աննկատ, առանց աղմուկի, առանց էշի հարսանիք սարքելու:

Ես բազմիցս եմ Ձեզ ասել, պարոն Ավինյան, որ Երեւանի ընտրություններն էշի հարսանիք են, ոչ ավել: Էն, որ մի երկար ժամանակ քաղաքապետի ԺՊ էիք, դա դեռ չի նշանակում, որ միակ մարդն էիք, որ կարող էիք Երեւանի քաղաքապետ դառնալ: Էն, որ «Սուրմալուի» ավերակների վրա բարձրացել՝ գլուխ էիք գովում, չգիտեի՞ք ով է պայթեցրել «Սուրմալուն» եւ ինչու: Հերոս խաղալով չի, պարոն Ավինյան, հերոս պետք է լինել: Հապա մի հիշեք Ձեր քարոզարշավը: Մեկ հատիկ նորմալ հանդիպում, երթ կամ հանրահավաք չեք ունեցել: Վերջին, ամփոփիչ հանրահավաքն էլ, էն, որ Էրեբունիից քայլելով եկաք քաղաքապետարանի բակը, մի խայտառակություն էր, որ էլ չասելու: Եվ վերջին հաշվով՝ չընտրվեցիք, չէ՞: Դուք, պարոն Ավինյան, օրենքի խախտումներով դարձաք քաղաքապետ, չէ՞: Եվ ուրեմն ինչո՞ւ Նիկոլը հանդուրժեց այդ ապօրինությունը եւ ինչու Ձեզ քաղաքապետ դարձրեց` «Հանրային ձայնի» քվեներով: Ես Ձեր փոխարեն շատ լուրջ կմտածեի այդ մասին եւ հրաժարական կտայի՝ տեսնելով, որ փոքրամասնություն եմ:

Այդ ժամանակ գուցե նոր ընտրություններ լինեին, «Հանրային ձայնն» էլ, գուցե, չէր կարողանա Ձեզ կանգնեցնել խայտառակ փաստի ու ծիծաղելի ընտրության առաջ՝ ո՞ւմ կողմից եք Դուք, պարոն Ավինյան, ավելի ճիշտ՝ ո՞ւմ մոտ եք քաղաքապետ աշխատում՝ երեւանցիների՞, Նիկոլ Փաշինյանի՞, Արամ Սարգսյանի՞, «Հանրային ձայնի՞», թե՞ Վարդան Ղուկասյանի:
Հրաժարական տուր: