Երազում հորս տեսա ու արթնացա․Վանո Սիրադեղյանի օրագրից

Երազում հորս տեսա ու արթնացա․Վանո Սիրադեղյանի օրագրից
Վանո Սիրադեղյան

«Հրապարակ»-ը շարունակում է հրապարակել իր տրամադրության տակ հայտնված Վանո Սիրադեղյանի՝ տարագրության մեջ գրված օրագրից մի անտիպ հատված, որն, ըստ ամենայնի, գրվել է վաղ 2000-ականներին։

․․2001 ապրիլի 27

«․․․Արդեն 27-ն է, այո։ Էլի արթնացա ժամը 6-ին։ Երազում հորս տեսա ու արթնացա։ Իբր մեր գյուղն էր, բայց մեր թաղը չէր, այլ գյուղի մուտքի մոտ, աջի վրա (հիմա հիշեցի, որ այդ կողմը մեր գերեզմաններն են), բայց շքեղ անծանոթ թաղ էր, հետին պլանում՝ մի քանի եկեղեցի։ Այս թաղի սկզբին հարթ տարածություն էր՝ մասամբ կանաչով ծածկված ու երկսենյականոց փոքր տնակ էր՝ առավելագույնս պարզ՝ մեր գյուղի տան փոքր տեսակը, բայց առանց պատշգամբ-բանի։ Բայց կոկիկ ու նորակառույց։ Հերս կանգնած էր մոտը։ Ասում եմ՝ էս մեծ տարածությունը մե՞րն է։ Ասում է՝ հա, նվեր ես տվել։ Ասում եմ՝ տուն չկառուցե՞մ (ու ներսում զգում եմ, որ հոգնած եմ տուն կառուցելուց, բայց ջանք կթափեմ)։

Հերս ասում է՝ սպասենք, տեսնենք՝ մեծ ախպերդ ի՞նչ է մտածում։ Այն իմաստով, որ ինքը՞ արդյոք չի կառուցում։ Դաշտը մեծ է, բոլորիս էլ կհերիքի, բայց չեմ ասում։ Մտածում եմ՝ խնձորի մեծ այգի կարելի է գցել մնացած հողի վրա։ Իսկ մինչ այդտեղ հասնելը ինչ-որ ավտո էի քշում եղբորս (կարծեմ՝ Բորիկի հետևից)։ Ինքը առջևից իր սամասվալով էր գնում։ Գնում էինք մեր տուն, որը Պտղավանի տունը պիտի լիներ։ Գուցե Սերգե՞յն էր, որովհետև այդ երազից մի պատառ էլ սկզբում էր։ Երբ Սերգեն խոսում էր մեր ճանապարհների մասին՝ ասում էր՝ պատկերացնո՞ւմ ես՝ քարերի մեջ 49 կմ արագությամբ գնացող սամասվալ։

Ամբողջ կյանքում այդպես է քշել։ Այսօր էլ 2 ժամ քնելով՝ արթնացա 5-ին։ Երեկ քնել եմ գրեթե ամբողջ ցերեկը։ Այս առավոտ արթնանալուց հետո քիչ-քիչ գլուխս սկսեց աշխատել։ Ասել է, թե թուլությունս անցնում է։ Կամ առույգությունս վերադարձավ, գլուխս էլ սկսեց աշխատել։ Նաև գալիս է հավես՝ մի բանով զբաղվելու, բացի կարդալուց ու հեռուստացույց նայելուց։ Իսկ երեկվա գրառման հավես չէր լինի, մանավանդ երկար ժամանակ ընդհատելուց հետո, եթե երազիս հերս չգար ու չասեր՝ թող քեզնից առաջ մեծ եղբայրդ մտածի։ Կարևոր չէ, ինչի մասին է խոսքը։ Հիվանդ ժամանակ, բնական է, որ հետևություն անեի, թե հերս դեռ ինձ չի սպասում»։

Շարունակելի