Վախեցավ մեծ ուշադրությունից․ 92-ամյա միլիարդատեր Ռուպերտ Մերդոկի հարսնացուն չեղարկել է հարսանիքը

Վախեցավ մեծ ուշադրությունից․ 92-ամյա միլիարդատեր Ռուպերտ Մերդոկի հարսնացուն չեղարկել է հարսանիքը

Գործարարն ու նախկին ատամնաբույժը ամուսնանալու մտադրության մասին հայտարարելուց ընդամենը երկու շաբաթ անց կտրուկ փոխել են իրենց որոշումը։ Ռուպերտը Էնին ամուսնության առաջարկություն է արել մարտին՝ 11 կարատանոց ադամանդով մատանիով, որը գնահատվում է 2 միլիոն ֆունտ ստերլինգ։ Զույգը ծրագրել էր ամուսնանալ ամառվա վերջին։

Մերդոկը անդրդվելի էր՝ չնայած այն հանգամանքին, որ չորս ամուսնություններից նրա բազմաթիվ երեխաները դեմ էին հարսանիքին․ նրանք վախենում էին, որ կմնան առանց բազմամիլիարդանոց ժառանգության: Ավստրալական արմատներով ամերիկացի ձեռնարկատերը ունի հսկայական մեդիա կայսրություն, որը ներառում է 800 ֆիրմաներ ամբողջ աշխարհում, այդ թվում՝ հայտնի լրատվամիջոցներ, կինոընկերություններ, հրատարակչություններ և տպագրատներ։

Սակայն, ի հանգստություն ժառանգների, Սմիթն ինքն է հրաժարվել հարսանիքից։ Երեկ երեկոյան հարսն ու փեսան հայտարարեցին, որ խզել են նշանադրությունը և որոշում են կայացրել բաժանվել։ Ինսայդերներից մեկը հայտնել է , որ թոշակի անցած բժիշկը սարսափում էր, որ հանրային այդքան մեծ ուշադրության կենտրոնում է։

«Էնն ուղղակի չէր կարող համակերպվել հանրության ուշադրության կենտրոնում լինելու հետ: Նա շատ փակ է: Նրանք նստեցին, խոսեցին և պայմանավորվեցին, որ իրենց համար լավագույնը բաժանվելն է: Ռուպերտը խոստովանում է, որ ինքը միշտ կլինի հանրության ուշադրության կենտրոնում, և ոչինչ չի կարող անել դա փոխելու համար, ոչ էլ ցանկանում է»,- ասել է աղբյուրը։

Չնայած այն հանգամանքին, որ նշանադրությունը դադարեցնելու որոշումը երկողմ համաձայնությամբ է եղել, այն մեծ ափսոսանք է առաջացրել նրանցից յուրաքանչյուրի համար։ Մագնատի մտերիմ ընկերն ասել է, որ նա դեռ սիրում է տիկին Սմիթին։

«Նա հիանում է նրանով, հարգում է նրան և կարծում, որ Սմիթը զարմանալի կին է: Նրան դուր է գալիս այն փաստը, որ Էնին այդքան հանգիստ և ուժեղ է, և նա կիսում է նրա կրոնական համոզմունքները»,- ասել է միլիարդատիրոջ մտերիմներից մեկը:

Էնի Սմիթը հանդիպել է The Times թերթի և 20th Century Fox կինոընկերության սեփականատիրոջ հետ անցյալ տարվա սեպտեմբերին Կալիֆորնիայի Մորագա խաղողի այգում տեղի ունեցած միջոցառման ժամանակ: Մերդոկը սպասել է երկու շաբաթ՝ նախքան Սմիթին ժամադրության հրավիրելը: Վեց ամիս անց գործարարը, որի կարողությունը գնահատվում է 17 միլիարդ դոլար, անձամբ ընտրել է Asscher կտրվածքով ադամանդե մատանին, որն էլ նա նվիրել է իր հարսնացուին:

«Ես շատ էի նյարդայնանում․ վախենում էի սիրահարվել, բայց գիտեի, որ սա իմ վերջին հնարավորությունն է լինելու։ Հուսով եմ, որ այդպես էլ կլինի։ Ես երջանիկ եմ»,- Ռուպերտի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը։

Էննին նույնպես մեծ ոգևորությամբ էր խոսւոմ մոտալուտ ամուսնության մասին։

«Մեզ՝ երկուսիս համար սա Աստծո պարգևն է: Մենք հանդիպեցինք անցյալ տարվա սեպտեմբերին։ Ես 14 տարի է, ինչ այրի եմ։ Ռուպերտի պես ամուսինս էլ գործարար էր։ Նա աշխատել է տեղական թերթերում, ստեղծել է ռադիո և հեռուստատեսային կայաններ և նպաստել է Univision-ի առաջխաղացմանը: Ես խոսում եմ Ռուպերտի լեզվով։ Մենք կիսում ենք նույն համոզմունքները: Ես սպասում էի ամուսնանալու հարմար ժամանակին։ Ընկերներն ուրախ են ինձ համար»,- ասել է միսս Սմիթը։

Չեղարկված հարսանիքը Մերդոկի համար հինգերորդը կլիներ: Իր առաջին կնոջից՝ բորտուղեկցորդուհի Պատրիսիա Բուքերից, նա ունի դուստր՝ Պրուդենսը։ Լրագրող Աննա Տորվը երեք երեխա է լույս աշխարհ բերել գործարարից՝ Էլիզաբեթին, Ջեյմսին և Լախլանին։ Դրանից հետո Ռուպերտն ամուսնացավ Վենդի Դենգի հետ, որից  նա դուստրեր ունի՝ Գրեյսը և Քլոեն։ Նրա վերջին ամուսնությունը՝ սուպերմոդել Ջերի Հոլի հետ, ավարտվեց անցյալ տարվա հուլիսին: