Կինո մատուցվեց քաղաքական ենթատեքստով, նույնն էլ Մանվել Գրիգորյանի դեպքում. Սաթիկ Սեյրանյան

Կինո մատուցվեց քաղաքական ենթատեքստով, նույնն էլ Մանվել Գրիգորյանի դեպքում. Սաթիկ Սեյրանյան

«Հայաստանի մամուլի հետհեղափոխական խնդիրները» թեմայով այսօր քննարկում էր հրավիրված։ Քննարկմանը խնդիր բարձրացվեց, որ շատ դեպքերում, երբ իրավապահ մարմինների մամուլի ծառայությունները հաղորդագրություններում խախտում են անձանց անմեղության կանխավարկածը, իսկ լրատվամիջոցներն արտատպում են այդ հաղորդագրությունները։ Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը հիշեց, որ «Հայաստան համահայկական հիմնադրամի» նախկին նախագահ Արա Վարդանյանին ԱԱԾ֊ն ձեռնաշղթաներով տարավ, երբ պատրաստվում էր հանդիպել Փաշինյանին. «Կինո մատուցվեց, քաղաքական ենթատեքստով, նույնը Մանվել Գրիգորյանի դեպքում։ Դա շատ լուրջ խնդիր է»։

«Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի հիմնադիր Շուշան Դոյդոյանն էլ ասաց. «Պարբերաբար դրա մասին ահազանգում են, քննարկում, հետո մարում է։ Այո, որոշ հրապարակումների դեպքում մամլո հաղորդագրություններում կան եւ անմեղության կանխավարկածի իրավունքի եւ անձնական տվյալների պաշտպանության խախտում։ Ես հետեւում եմ Քննչական կոմիտեի հաղորդագրությանը, այնտեղ լրիվ այլ ծայրահեղության մեջ են ընկել, նույնիսկ անվան սկզբնատառերը չեն գրում։ Հավասարակշռման խնդիր կա։ Ես գտնում եմ, որ տուժող կողմը պետք է նախաձեռնող լինի։ Եթե լրատվամիջոցը լուսաբանել է կալանավորման մասին լուրը, հետո պետք է պարտավորված լինի լուսաբանել կամ արդարացման մասին լուրը, կամ՝ ի՞նչ եղավ հետո»։

Ըստ Շուշան Դոյդոյանի, եթե լրատվամիջոցը արտատպում է որեւէ գերատեսչության տրամադրած հաղորդագրությունն, այդ դեպքում լրատվամիջոցը պատասխանատվություն չի կրում։