Հանքարդյունաբերության  ռիսկերը արդեն իսկ մեծ են, իսկ երբ ավելանում են աղետների ռիսկերը, արդեն բոլոր սահմաններից դուրս է

Հանքարդյունաբերության  ռիսկերը արդեն իսկ մեծ են, իսկ երբ ավելանում են աղետների ռիսկերը, արդեն բոլոր սահմաններից դուրս է

Շրջակա միջավայրի պահպանության նախարարությունը զարմանալի լռություն է պահպանում «Վալլեքս» ընկերության (այլևս նախկին սեփականատերերի) վախենալու հայտարարության շուրջ։ Մինչդեռ, մարդիկ բաց տեքստով ասում են, որ խումբը ներկայում այդ համալիրի նկատմամբ որևէ վերահսկողություն և ազդեցություն չունի և պոչամբարի պատվարի հնարավոր ինքնափլուզման կամ այլ անբարենպաստ իրավիճակի առաջացման դեպքում որևէ կերպ չի կարող պատասխանատու լինել դրա հետևանքների համար: 
Ոչ միայն լռում են, այլև նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Վարդանյանն ասաց, որ նախարությունն այս հարցով գործառույթ չունի և որ պոչամբարի անվտանգության վերաբերյալ հարցերն ուղղենք Արտակարգ իրավիճակների նախարարություն։

ԱԻՆ մամուլի քարտուղար Էդմոն Զարգարյանն էլ զարմացած ասաց, որ ԱԻՆ-ը կարող է զբաղվել միայն շահագործման անվտանգության խնդիրներով, ոչ թե պոչամբարի պատվարով։  

Ինչևէ, ՎՏԲ բանկի ենթակայությամբ գործող «Թեղուտ» ընկերության ներկայիս ղեկավարները, որոնք 15 օր առաջ վերագործարկել են լեռնահարստացուցիչ ֆաբրիկան «Ազատության» հետ զրույցում պնդել են, թե պոչամբարում ոչ մի խնդիր չկա։ «Թեղուտ» ընկերության գործադիր տնօրեն Կարեն Ղազարյանն «Ազատությանը» տված հարցազրույցում ասաց՝ կասկածներ ունեն, թե պոչամբարի փլուզման վտանգի մասին, ըստ նրանց, «կեղծ լուրերը» միտումնավոր են տարածվում։

Ինչևէ, «Հանուն կայուն մարդկային զարգացման» հասարակական կազմակերպության (հ/կ) նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանի հետ խոսեցինք այն մասին, թե ինչ կարգի բնապահպանական աղետի մասին կարող է խոսք լինել, եթե պարզվի, օրինակ, որ ճիշտ է «Վալլեքսի» նախկին ղեկավարությունը։

Կարինե Դանիելյանի խոսքով՝ «դա ահավոր մի բան է»։
Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտն ուսումնսիրած Կարինե Դանիելյանն արձանագրում է, որ բոլորը մետաղական բաց հանքեր են։ «Եվ ռիսկերն, ուղղակի, ահավոր են և՛ շրջակա միջավայրի, և՛ մարդկանց առողջության համար։ Սա արդեն իսկ արտահայտվում է և՛ Լոռիում, և՛ Սյունիքում, և այս առումով, եթե ավելանում են նաև աղետների վտանգները, դա արդեն բոլոր սահմաններն անցնում է»,-ասաց Կարինե Դանիելյանը։

Նրա խոսքով՝ նման մեծ բնապահպանական աղետ Հայաստանն ունեցել է 90-ականներին՝ Դաստակերտում, երբ սելավը քանդեց պոչամբարը։ «Ամբողջ թույնը բերեց-լցրեց խմելու ջրի ջրամբար, և շատ մարդիկ թունավորվեցին։ Նաև զորամասում թունավորվեցին։ Հետո նոր դա բացահայտվեց»,-ասաց նա։

Սրանից հետո, ըստ նրա՝ Հայաստանն ունեցել է մի քանի փոքր վթարներ, երբ ուղղակի ոռոգման ջուրն է աղտոտվել տարբեր տեղերում։ Կարինե Դանիելյանն ասում է․« Այս պարագայում վտանգները գնալով աճում են՝ հաշվի առնելով, որ հիմա երկիր մոլորակն այլ ժամանակահատվածում է գտնվում։Լրիվ դիսբալանսի մեջ է։ Մենք տեսնում ենք՝ ինչ է կատարվում աշխարհում, լրիվ ապահավասարակշռված է, և գնալով աղետներն աճում ու եռապատկվում են»,-ասաց նա։