Կեղծ  փաստաթղթեր տրամադրելու վճիռ են կայացրել, դրանից էլ  ազատել ենք աշխատանքից    

Կեղծ  փաստաթղթեր տրամադրելու  վճիռ են կայացրել, դրանից էլ  ազատել ենք աշխատանքից    

  Նոր Գեղի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Ալինա Առաքելյանին հունվարի 22-ին ազատել  են զբաղեցրած պաշտոնից:  

Ալինա  Առաքելյանին մեղադրանք էր  առաջադրվել այն բանի համար, որ նա 2008թ-ի հուլիսի 10-ից զբաղեցնելով  Կոտայքի մարզի Նոր Գեղիի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնը կեղծ տեղեկանքներ է տրամադրել  Ղազախստանի Հանրապետության քաղաքացի՝ Գալիմժան Ախիլբեկովին, որ նա   փաստացի բնակվում է գոյություն չունեցող Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքի Երկրաբանների փողոցի 3-րդ շենքի 66-րդ հասցեում, եւ այդ տեղեկանքը  օրեր անց օգտագործվել է Ախիլբեկովի կողմից ՀՀ ոստիկանության ՃՈ Աշտարակի հաշվառման-քննարկման բաժանմունքում՝ ավտոմեքենա ձեռք բերելու գործարքի համար:

 Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը Ալինա  Առաքելյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ և նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում` 6  ամիս ժամկետով` զրկելով պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից` 1  տարի ժամկետով: 
Նոր Գեղի համայնքի ղեկավարի տեղակալ՝ Վանիկ Մնացականյանը, ով դատարանում  ներկա է եղել որպես վկա, մեզ հետ զրույցում ասաց, որ   ուշադրություն չեն դարձրել, եւ  չեն պատկերացրել, որ  Ալինան կարող էր կեղծ տեղեկանքներ տրամադրել: 

«Կա դատարանի վճիռ, որտեղ Ալինա Առաքելյանը իրավունք  չունի պաշտոնավարի պետական հաստատություններում, կեղծ  փաստաթղթեր տրամադրելու հետ վճիռ են կայացրել,  այդ որոշման հետ կապված ազատել ենք աշխատանքից»,-ասաց համայնքի ղեկավարի պաշտոնակատար Վարդան Պապյանը:
Նոր Գեղիի նախկին  գյուղապետ Ֆռունտիկ Թեուսյանն էլ   մեզ հետ զրույցում ասաց, որ  Ալինա Առաքելյանին իրավունք չունեին ազատել աշխատանքից. «Դատավճիռը կայացրել են, բայց դիմել են վերաքննիչ դատարան: Իրենք իրավունք չունեին աշխատանքից ազատել  մինչեւ վերաքննիչ դատարանը  որոշումը,   բայց առաջին ատյանի դատարանի  որոշումով ազատել են աշխատանքից»: