«Մանկական Եվրատեսիլ 2022»-ում Հայաստանը կներկայացնի 14-ամյա Նարե Ղազարյանը

«Մանկական Եվրատեսիլ 2022»-ում Հայաստանը կներկայացնի 14-ամյա Նարե Ղազարյանը

«Մանկական Եվրատեսիլ 2022» երգի հեղինակավոր մրցույթում Հայաստանը կներկայացնի 14-ամյա Նարե Ղազարյանը:

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց «Մանկական Եվրատեսիլ 2022» մրցույթի գործադիր պրոդյուսեր Դավիթ Ծերունյանը:

Նարեն ընտրվել է նախապես հայտարարված բաց մրցույթի արդյունքում, որին 100-ից ավելի հայտ էր ստացվել Հայաստանից և տարբեր երկրներից:

Նարեն նշում է, որ իր գլխավոր երազանքը մեծ բեմում երգելն է և այն արդեն իրականություն է դառնում. «Երգը, պարը իմ օրվա անբաժան մասն են: Ես մեծանում եմ ոգեշնչվելով տաղանդավոր արտիստների ստեղծագործություններով: Ինձ համար մեծ պատիվ է Հայաստանը ներկայացնել հենց այս տարի, երբ մրցույթն իմ երկիրն է հյուրընկալում: Ուրախ եմ, որ հանդիպելու եմ տարբեր երկրներից երեխաների իմ հայրենիքում` նրանց ցույց տալով Հայաստանն իր ամբողջ գունապնակով»:

Նարեի մրցութային երգն ու տեսահոլովակը կհրապարակվեն շուտով:

Հիշեցնենք,որ «Մանկական Եվրատեսիլ 2021»-ում Մալենայի հաղթանակի շնորհիվ մրցույթը 2022-ին կանցկացվի Հայաստանում: Այն տեղի կունենա դեկտեմբերի 11-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Հայաստանը կհյուրընկալի 16 երկրի մասնակցի: Այդ երկրներն են Ալբանիան, Իռլանդիան, Իտալիան, Իսպանիան, Լեհաստանը, Հյուսիսային Մակեդոնիան, Ղազախստանը, Մալթան, Նիդեռլանդները, Պորտուգալիան, Սերբիան, Ուկրաինան, Միացյալ Թագավորությունը, Վրաստանը, Ֆրանսիան։